Դեմոկրատիա եւ բարոյականություն
«Իշխանական բուրգ»- այս հնչեղ ու զրնգուն վերնագիրն էր կրում այս տարվա մարտի 7-ին «Առավոտ» օրաթերթի պատվավոր առաջին էջում զետեղված լրագրող Ս. Սեյրանյանի հոդվածը։
Կարդալով այն, ակամա հիշեցի իմաստուն ասացվածքը՝ «չկա չարիք՝ առանց բարիքի»։ Իրոք, ի պատիվ հայուհի լրագրողի, բուրգին տրվեց իսկապես իր ճարտարապետական հազարամյա հորինվածքին համահունչ, հայեցի անվանում՝ «իշխանական»։
Իսկ չարիքը թերեւս առնչվում է հոդվածում նշված կառույցի նախագծային հորինվածքին առնչվող «մասնագիտական պրոֆեսիոնալիզմի» խարխուլ եզրահանգումներին։
Կարդացեք նաև
Սայաթ-Նովա փողոցում իրականացվող կառույցի՝ «իշխանական բուրգի» նախագիծն անցել է «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների բացառապես բոլոր փուլերով։ Այսինքն, այն նախ գեղարվեստական հավանության է արժանացել՝ Երեւանի Կենտրոն համայնքի եւ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետների վավերացմամբ (2000թ. մայիսի 15-ին)՝ էսքիզային մշակումների լուծման առաջին փուլում, ապա համալիր համաձայնեցման եւ հաստատման (2000թ. սեպտեմբերի 9-ին)՝ երկրորդ փուլում։ Արդյունքում նախագիծն իրականացման է ստորագրվել յոթ ճարտարապետների՝ իհարկե, այդ թվում՝ քաղաքի գլխավոր ճարտարապետի կողմից՝ մշակման երկու փուլերում, որը ոչ միշտ է հանդիպում։ Իսկ լրագրողուհին, չգիտես ինչ մասնագետների խորհրդով, արել է ոչ ստույգ եզրահանգումներ։ Բուրգի միայն իրականացված մետաղական կարկաս-կմախքից նա ենթադրություններ է անում կառույցի գեղագիտական անճաշակության եւ «քաղաքաշինական անհեթեթության» վերաբերյալ։
Հարկ է նշել, որ հոդվածում, հատկապես նրա վերջնամասում, տեղ են գտել նաեւ այլ միտումնավոր աղավաղումներ ու եզրահանգումներ։
Ինչեւէ, ժողովուրդը մի ուրիշ իմաստուն ասացվածք էլ ունի. «Տասը չափիր եւ մեկ կտրիր»։
Ժ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀՀ ճարտարապետների միության անդամ