Լրահոս
Օրվա լրահոսը

Դարդ մի՛ արեք, սե՛ր է

Մարտ 16,2001 00:00

Պարզապես նախանձ է շարժում այն ջերմ սերն ու հոգատարությունը, որ միմյանց հանդեպ տածում են մասնավոր բուհերն ու Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայությունը։

Հերթական վկայությունը երեկ Արմենպրեսի «Մամուլի սրահում» այդ բուհերի եւ ԼՀ ծառայության պետ Ռոբերտ Գաբրիելյանի հրավիրած համատեղ մամուլի ասուլիսն էր։ Մինչդեռ ծառայության՝ բուհերին գործունեության լիցենզիա եւ հավատարմագրման իրավունք տալու մենաշնորհը ենթադրում է միմյանց հանդեպ ամենեւին ո՛չ հիացական հարաբերություններ։ Մյուս կողմից էլ հասկանալի է մասնավոր բուհերի ցանկությունը՝ լավ հարաբերություններ ունենալ պետական այն օղակի հետ, որի բարեհաճությունից է կախված լիցենզավորվելու եւ հավատարմագրվելու իրենց հնարավորությունը։ Այնպես որ, երեւի պետք չէ զարմանալ, որ բուհերի լիցենզավորման հարցում ծառայության թույլ տված օրինախախտումների մասին ՀՀ գլխավոր դատախազության տվյալների հրապարակումից հետո, «Առավոտին» դիմելու եւ Ռոբերտ Գաբրիելյանին պաշտպանելու առաքելությունը ստանձնել էին ոչ այլ ոք, քան հենց մասնավոր բուհերի ռեկտորները։

Երեկվա ասուլիսը եւս փոխադարձ շահերը պաշտպանելու եւ միմյանց գովելու հուզիչ տեսարան էր։ Հովվերգությունը մի փոքր վտանգվեց թղթակցի հիշեցումից, որ «Հրաչյա Աճառյան» համալսարանի ռեկտոր Ավագ Խաչատրյանը ոչ վաղ անցյալում քննադատում էր ԼՀ ծառայության աշխատանքը։ Պարզվեց՝ պարոն Խաչատրյանը էլի դժգոհ է ծառայությունից, սակայն նրա համար, որ գործունեության լիցենզիա է շնորհում այնպիսի մասնավոր բուհերի, որոնք դրան արժանի չեն։

Սակայն Ռոբերտ Գաբրիելյանը այս հարցում էլ մեղք չունի, քանի որ, ըստ Ա. Խաչատրյանի, նրան ճնշում են «վերեւից եկող զանգերը» ու այդ բուհերի «կռիշաները»։ Իսկ պարոն Խաչատրյանն ինքն այնքան ազնիվ է, որ իր որդու՝ Արմեն Խաչատրյանի նախագահած ԱԺ-ն ընդունում է որոշումներ, որոնք հարվածում են մասնավոր բուհերի շահերին եւ պետական բուհերի լոբբինգի արդյունք են։ Սակայն մասնավոր բուհերը նաեւ միմյանց հանդեպ են խիստ անհանդուրժողական։ Ռ. Գաբրիելյանի սպառնալիքը, թե մեկ տարի հետո եղած ութ տասնյակ մասնավոր բուհերից 10-15-ը կմնան, ոչ միայն ասուլիսին ներկա ռեկտորների սրտով էր (հավանաբար վերջիններս համոզված են, որ այդ 10-15-ի մեջ իրենք անպայման լինելու են), այլեւ պարոն Գաբրիելյանից պակաս ջերմեռանդությամբ չէին պնդում, որ շատ մասնավոր բուհեր արժանի չեն գործելու։ Մասնավոր բուհերի գովելի «համերաշխության» ապացույց է նաեւ տողերիս հեղինակին ուղղված այս անանուն նամակը. «Ձեր հոդվածը միայն տհաճություն է առաջացնում։ Եթե համարձակվում եք քննադատել լիցենզավորման հետ կապված խախտումները, ապա գրեք բոլոր բուհերի մասին։ Ձեր հոդվածը վկայում է այն մասին, որ դուք կատարում եք պատվեր՝ մի քանի բուհ վարկաբեկելու համար։ Դուք լավ գիտեք, որ մեր բուհերի հետ միասին նույն խախտումներով գործում են ՀՊՃՀ-ի, Մանկավարժական ինստիտուտի, ֆիզկուլտուրայի ինստիտուտի տարածքները վարձակալող բոլոր բուհերը։ Չնայած դրան՝ դուք նպատակաուղղված քննադատում եք միայն մեր բուհերը։ Եթե դուք ազնիվ եւ ՀԱՄԱՐՁԱԿ ԵՔ, ապա պետք է գրեք նաեւ մյուս բուհերի մասին»։ Նամակը ստորագրված է՝ «Առավոտ» թերթում քննադատված բուհի ռեկտոր»։ Վերջինիս ուզում ենք միայն ասել, որ եթե այնքան ազնիվ եք եւ համարձակ, որ պատրաստ եք առանց Ձեր անունը թաքցնելու տեղեկություններ տրամադրել, թե որ բուհերի եւ ինչ օրինախախտումների մասին է խոսքը, ապա պատրաստ ենք դրանք եւս հրապարակել։ Իսկ մեր վերջին հրապարակումներում հայտնվածները այն բուհերն էին, որոնց անունները բերված էին դատախազության տրամադրած պաշտոնական տեղեկանքում։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031