Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Armex-ը ազդարարում է իր սկիզբը

Մարտ 16,2001 00:00
sandoyan

Հայաստանի ֆոնդային բորսան (Armex) ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի կողմից դեռեւս գրանցված միակ կառույցն է։ Այն կամավորության սկզբունքով ձեւաորվել է 19 բրոքերային ընկերությունների միավորմամբ եւ գործում է որպես ինքնակառավարվող կազմակերպություն։

Մարտի 14-ին «Երեւան» հյուրանոցում կայացած շնորհանդեսում ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդվարդ Մուրադյանը Armex-ի գրանցման վկայականը պաշտոնապես հանձնեց Armex-ի Դիտորդ խորհրդի նախագահ Էդվարդ Սանդոյանին։ Անշուշտ, դեռեւս մեր հանրապետության քաղաքացիները թյուր պատկերացում ունեն Արժեթղթերի շուկայի մասին, ու թերեւս ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւս բացառություն չէ այդ շարքից։ Իր ներկայությամբ Armex-ի շնորհանդեսը պատված վարչապետ Մարգարյանը որոշակի դժվարություններով կարդաց թղթի վրա գրված հետեւյալ տողերը. «Պետությունը Արժեթղթերի շուկայի համար սահմանում է քաղաքակիրթ հարաբերությունների կանոններ եւ հետեւում դրանց կատարմանը, իսկ շուկայի ստեղծման եւ կայացման իրավունքն ու պարտականությունը պատկերացնում այն մասնագիտական ընկերություններին, ովքեր աշխատելու են այդ դաշտում»։ Իսկ Էդվարդ Սանդոյանի մեկնաբանությամբ՝ Ֆոնդային բորսայի տնտեսագիտական առաքելությունն այն է, որպեսզի սեփականատերերը տեղեկանան, որ բաց բաժնետիրական ընկերությունը հնարավորություն է տալիս, սեփական կապիտալից բացի, ընդգրկել նաեւ տեղական եւ օտարերկրյա կապիտալ։ Իսկ, թե երբ իրականում կկայանա Հայաստանի Ֆոնդային բորսան՝ հարցին պրն Սանդոյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մենք 2 տարվա ընթացքում կունենանք իբրեւ կայացած Ֆոնդային բորսա, բայց դա չի նշանակում, թե կունենանք ներդրումների բում՝ ուղղակի ներդրումներ, օտարերկրյա մեծ ծավալի ներդրումներ… Դա տարիների մեծ աշխատանք է։ Ես համոզված եմ, որ մենք հասնելու ենք այս արդյունքին՝ ուշ, թե շուտ, բայց պետք է համբերություն ունենալ, պարզապես մեկ-երկու ամսում կամ 1-2 տարվա արդյունքում դա չի կարող լինել»։ Տառացիորեն նույն կանխատեսումը արեց ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդվարդ Մուրադյանը. «2002թ. առաջին կիսամյակի ավարտմամբ մենք դաշտը կունենանք ներդրումների հոսք հյուընկալելու համար, այլ հարց է՝ այդ ներդրումները կհոսե՞ն, թե՞ ոչ։ Ես չեմ կարծում, թե այդքան արագ կհոսեն։ Ներդրողներին ժամանակ է պետք համոզվելու, որ դաշտը իրոք թափանցիկ է, կանոնակարգված, հաշվետու թողարկողները իրոք հաշվետու են, եւ նրանք ու միջնորդ գործունեություն իրականացնող անձինք իրոք պարտավորություն կրում են չարաշահման համար»։ ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի գնահատմամբ՝ Հայաստանի ֆոնդային բորսայի ստեղծումը նպաստելու է նորմալ սեփականատիրական հարաբերությունների ձեւավորմանը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հնարավորությունների ընդլայնմանը։

Armex-ի շնորհանդեսը ամենաներկայացուցչական կազմով ընթացավ՝ հանրապետության ղեկավարությունից բացակայում էր, թերեւս, միայն նախագահը։ Շնորհանդեսին, ներկայիս ՀՀ ԱԺ նախագահից, վարչապետից, ԿԲ նախագահից բացի, ներկա էին նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը, նախկին ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։ Հայաստանի կապիտալի շուկայի կայացումը կարեւորել էին բոլոր բանկիրները, օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, նախարարներ, պատգամավորներ։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031