Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՈՒԲԵՐՆԱՏՈՐԻ ՄՈՏ ՎՌԱԶ ԳՈ՞ՐԾ ՈՒՆԵՐ»

Մարտ 16,2001 00:00
orenq

ՀՀ կառավարության հերթական նիստը մի շարք հարցերի շարքում քննարկեց եւ հաստատեց «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Կառավարության նիստին, սակայն, չէր մասնակցում ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը։ Ընդհանրապես, Անդրանիկ Մարգարյանի վարչապետության շրջանում պրն Օսկանյանը հաշված անգամներ է իր ներկայությամբ պատվել կառավարության նիստերը։ Սա, իհարկե, նորանկախ Հայաստանի համար նոր երեւույթ չէ, ընդհակառակը՝ այն կարծես ավանդույթի ուժ է ձեռք բերում։ Հրանտ Բագրատյանի վարչապետության շրջանում, օրինակ, արտոնյալի տիտղոսն անվերապահորեն վստահված էր Վանո Սիրադեղյանին (հիշո՞ւմ եք, այն ժամանակ նույնիսկ անեկդոտ էր շրջում այն մասին, թե Հրանտ Բագրատյանը Վանոյի մոտ վարչապետ է աշխատում)։ Հիմա էլ, պարզվում է, էստաֆետը վերցրել է Վարդան Օսկանյանը։ Իհարկե հասկանալի է, որ արտգործնախարարը հաճախ է արտասահմանյան «վոյաժների» մեջ լինում, սակայն, եթե նույնիսկ նա պատահաբար Հայաստանում է լինում, ինչպես ասենք՝ երեկ, հարկ չի համարում մասնակցել կառավարության նիստերին։

«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը կառավարության նիստում ներկայացրել էր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Լեւոն Մկրտչյանը՝ հետեւաբար, լրագրողները նրան խնդրեցին ներկայացնել օրինագիծը։ Տեղեկացնենք նաեւ, որ այս օրինագիծը կառավարության անցած նիստում եւս քննարկվել է, որից հետո որոշակի փոփոխություններ են կատարվել հատկապես սոցիալական ոլորտի եւ ֆինանսական խնդիրների առնչությամբ։ «10 տարվա անկախության արդյունքում մենք կարող ենք արձանագրել, որ ներկայումս ունենք ամուր արտաքին քաղաքական համակարգը կարգավորող գործադիր դաշտ։ Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արդեն կձեւավորվի տասնամյա ավանդույթ ունեցող որոշակի հարաբերություններ՝ ինչպես աշխատանքային, այնպես էլ՝ իրավապայմանագրային»,- նշեց Լեւոն Մկրտչյանը։ Նա կարեւորեց այն հանգամանքը, որ կառավարությունն ընդունեց այն մոտեցումը, որով դիվանագիտական ծառայությունը համարվում է պետական ծառայության բաղկացուցիչ մաս։ Քանի որ դիվանագիտական ծառայությունը բազմաթիվ առանձնահատկություններ ունի՝ պրն Մկրտչյանի հավաստմամբ, օրենքը մշակող հեղինակային խումբը ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ համատեղ «Դիվանագիտական ծառայության մասին» օրինագիծը հնարավորինս մոտեցրել է «Քաղաքացիական ծառայության» օրինագծին։

Վերը նշված օրինագծով ամրագրվել է դիվանագետների ռոտացիոն սկզբունքը եւ դիվանագիտական կադրերի՝ մրցույթով ընդունելու սկզբունքը (արտաքին մրցույթն անցկացվելու է առաջին անգամ համակարգ մտնող դիվանագետների համար, ներքին մրցույթը՝ համակարգում առաջխաղացման)։ Տարանջատվել են «դիվանագիտական աստիճան» եւ «դիվանագիտական պաշտոն» հասկացությունները, արձանագրվել կոնկրետ ժամկետներ՝ դիվանագետների արտասահմանյան գործուղումների առումով։ Կառավարությունը երեկ ընդունեց նաեւ «Քաղաքացիների գույքի եւ եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման պետական ծրագիրը»։ Նախնական տարբերակում նախատեսված էր հայտարարագրել նաեւ ծախսերը, սակայն ՀՀ պետական եկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանի պարզաբանմամբ՝ դեռեւս կառավարությունը նպատակահարմար չի համարում վերահսկել նաեւ ծախսերը։ Իսկ այս ծրագրով նախատեսվում է գույքի եւ եկամուտների հայտարարագրումն իրականացնել 4 փուլով։ Առաջինում կհայտարարագրեն բարձրաստիճան պետական պաշտոնյաների գույքն ու եկամուտները։ Երկրորդում՝ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունվելուց հետո, մյուս պաշտոնյաները։ Երրորդում՝ պետական բոլոր ծառայողները։ Չորրորդում՝ արդեն քաղաքացիները։

Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031