Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չեն «արտահանվում» մեր դատախազության աշխատակիցները

Մարտ 16,2001 00:00
datavor

Հայաստանի դատախազական համակարգը որպես իր գյուտ կարող է արտոնագրել այս նորամուծությունը. եթե պարտապանն անպարտաճանաչ է՝ պարտատերը կարող է մեղադրվել վատնման կամ իշխանությունն ի չարը գործադրելու մեջ։

Այդ նորարարական սկզբունքով էր մեղադրանք առաջադրվել արդյունաբերության նախկին նախարար Աշոտ Սաֆարյանին։ Վրաստանն, ըստ այդմ, կարող է հրաժարվել գազի դիմաց իր պարտքի 4 մլն դոլարից՝ չէ որ, ըստ Հայաստանի դատախազության՝ այն Աշոտ Սաֆարյանն է վատնել։ Նման անհեթեթ մեղադրանքներ դատախազությունը թերեւս չէր առաջադրի, եթե նախադեպ չլիներ ու մի անգամ արդեն նրանք չհաջողեին անբարեհույս պարտքի դիմաց բանտարկել պարտապանին։ Աշոտ Բլեյանին առաջադրված մեղադրանքներից մեկը՝ այսպես կոչված՝ «թղթի դրվագը» հար եւ նման է վերոհիշյալ պատմությանը։

Այսպես, երբ հայտնի է դառնում, որ «Դասագիրք-95» ծրագրի իրականացման համար տպագրական թուղթ ձեռք բերելու նպատակով հայտարարված մրցույթի հաղթողներից մեկը՝ Վոլգոգրադ քաղաքի «Սուսաննա» ԱՄՁ-ն եւ «Պրիզմա» ՍՊԸ-ն չեն կատարում իրենց պայմանագրային պարտավորությունը եւ չեն առաքում 100 տոննա թուղթը՝ հրատարակչությունը եւ կրթության ու գիտության նախարարությունը լծվում են վճարված 120 հազար դոլարը հետ բերելու գործին։ 1995-ի օգոստոսի 7-ին «Պրիզմա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենին են դիմում. «Խնդրում ենք՝ վեճը չհասցնելով արբիտրաժի, «Նոր դպրոցի հաշվարկային հաշվին փոխանցել 120 հազար դոլար պարտքը»։ «Պրիզման» խնդրում է սպասել՝ մինչեւ կպարզեն պայմանագրի իրենց կողմից չկատարման պատճառներն ու հանգամանքները։ «Նոր դպրոցի» տնօրենը հետո Վորոնեժ է մեկնում եւ պայմանավորվածություն ձեռք բերում վիճելի հարցերը կարգավորելու համար Երեւանում երկկողմանի հանդիպման վերաբերյալ։ Եվ երբ դրանից հետո էլ, չնայած բազմաթիվ հեռախոսազանգերին, «Պրիզմայի» ներկայացուցիչներից որեւէ մեկը չի գալիս Երեւան՝ 1996-ի փետրվարի 14-ին հայկական կողմը արդեն Վորոնեժ քաղաքի դատախազին է դիմում՝ խնդրելով գործ հարուցել։ 1996-ի մարտի 4-ին «Նոր դպրոցի» տնօրենը եւ կրթության ու գիտության նախարարությունը նույն խնդրանքով դիմում են նաեւ ՌԴ Վորոնեժի նահանգապետին, պահանջելով՝ «Այս հարցը լուծել ՌԴ-ի գործող օրենքների ամբո՛ղջ խստությամբ»։

Հիշեցնենք, որ այդ 120 հազար դոլարն այն գումարներից էր, որ դասագրքերի տպագրության համար ստիպված հավաքել էին բաժանորդագրության միջոցով, քանի որ 1995-ի պետբյուջեում այդ նպատակով գումարներ նախատեսված չէին: Վոլգոգրադ քաղաքի Կրասնոօկտյաբրսկի դատախազությունում «Սուսաննա» կազմակերպության հիմնադիրի նկատմամբ գործ է հարուցվում՝ խարդախության վերաբերյալ եւ հայտարարվում է հետախուզում: «Նոր դպրոցը» ճանաչվում է քրգործով հայցվոր, «Պրիզման»՝ քաղաքացիական պատասխանող։ Սա մինչեւ 1996-ի հոկտեմբերը։ 1996-ի հոկտեմբերի 21-ին Աշոտ Բլեյանն ազատվում է կրթության եւ գիտության փոխնախարարի պարտականություններից։ Եվ չնայած դատախազությունը մի ողջ տոհմածառ է նկարել եւ գործին կցել, որ ապացուցի, թե «Սուսաննայի» տնօրեն Նվեր Քոչարյանն Աշոտ Բլեյանի ազգականն է (Քոչարյանի մոր հորեղբոր տղան), պարզվում է, հենց Բլեյանն էր առավել հետեւողական իր «մերձավորին» բռնելու եւ փողերը հետ ստանալու հարցում։ Նրա պաշտոնանկությունից հետո կրթության եւ գիտության նախարարությունն ու «Նոր դպրոցն» այլեւս հետամուտ չեն լինում հրատարակչության խախտված իրավունքները վերականգնելու օրինական պահանջի դատական լուծման հարցում։

Սակայն այս ամենի փոխարեն մեր դատախազությունը նախընտրում է մեղադրանք առաջադրել Աշոտ Բլեյանին թղթի դրվագով իր պաշտոնական դիրքն ի չարը գործադրելու մեջ։ Ի դեպ, ՌԴ դատախազությունն այդ գործով նրան անգամ որպես վկա չէր ճանաչել։

… Հիմա ինչպես չափսոսաս, որ մեր դատախազության աշխատակիցներին չեն արտահանում ու ներդնում իրավապահ համակարգերում այն երկրների, որոնց պարտք է Հայաստանը։ Պատկերացնում եք ինչպե՜ս կնվազեին մեր արտաքին պարտքի ծավալները։ Ավելին՝ մեր պարտապաններն էլ կճանաչվեին առնվազն վատնողներ։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031