Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՀԼԻՃԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵԼ

Մարտ 15,2001 00:00
cheqijyan

«Երեւան» մշակութային կենտրոնը (նախկին ֆիլհարմոնիկ փոքր դահլիճ) վերջին 7-8 տարիներին անընդմեջ կամ քաղաքապետարանի հաշվեկշռում է եղել, կամ՝ մշակույթի նախարարության։ Եվ այդ ամբողջ ընթացքում այս դահլիճում փորձեր են արել համապատասխան գերատեսչություններին ենթարկվող գեղարվեստական խմբերը՝ հերթափոխի պես ասպարեզը մեկը մյուսին զիջելով։ Սակայն վերջին 1-2 տարում այս խմբերը դուրս եկան դահլիճից ու ամեն մեկն ունի փորձասենյակների իր վարձակալած տարածքը։ «Շուրջ 10 տարի այս դահլիճում տարբեր գեղարվեստական խմբեր փորձեր են անցկացրել առանց վճարելու։ Սակայն սա դասական դահլիճ է ու այստեղ փորձասենյակներ ունենալը այնքան էլ հարմար չէ, առավել եւս, երբ դրա համար ոչ մի լումա չեն վճարում»,- ասում է մշակութային կենտրոնի տնօրեն Գագիկ Տեր-Ղազարյանը։

Դահլիճում այժմ փորձեր է անցկացնում Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը։ Սակայն, տնօրենի խոսքերով՝ «Այսպես եթե շարունակվի՝ Կապելլան էլ այստեղ չեն կարողանա պահել, որովհետեւ պետությունն ինչ-որ հոգածություն պիտի ցուցաբերի ու երգչախմբի փորձերի համար դահլիճին գոնե սիմվոլիկ վճարումներ անի»։

Գ. Տեր-Ղազարյանն ասաց, որ երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանը հրաժարվում է պայմանագիր կնքելուց, վարձակալական վճարների պարտավորություններից, պատճառաբանելով, որ «երգչախումբը փող չունի, ոչ մի կոպեկ չի կարող վճարել, նույնիսկ փորձերի օրերին օգտագործված էլեկտրական էներգիայի վարձը»։

Իսկ մշակութային կենտրոնի տնօրենն ասում է, որ երգչախումբը հրաժարվում է անգամ ամսական 20000 դրամ վճարել՝ ծախսած էլեկտրական հոսանքի համար (որը օգտագործվել է միայն լուսավորման համար), այնինչ «փորձերի օրերին միայն դահլիճի ջեռուցման համար օրական 30000 դրամ է ծախսվել»։

Այս անելանելի վիճակից դուրս գալու համար Գ. Տեր-Ղազարյանը Հ. Չեքիջյանին առաջարկել է դահլիճում տարեկան 6 անվճար համերգ տալ, սակայն մաեստրոն չի համաձայնել։

Մաեստրոն մեր հարցերին չկամեցավ պատասխանել։ Նա բոլոր հարցերը կանխեց՝ քիթներդ ամեն տեղ մի խոթեք, մենք բոլոր խնդիրներն արդեն մեր մեջ լուծել ենք…

Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031