Պարոն նախագահ, անցյալ տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ պարոնայք Քերրի Քավանոյի, Նիկոլայ Գրիբկովի եւ Ժան-Ժակ Գայարդի հետ ունեցած զրույցներում Դուք խոստովանել եք, որ ԼՂՀ իշխանությունները անարդար են վարվել լրագրող Վահրամ Աղաջանյանի հետ, որի անմեղության մեջ համոզվել է արդեն ողջ աշխարհը։ Ինչպես ընդունել եք նաեւ այլ պետությունների, աշխարհի, ըստ էության, իրավապաշտպան բոլոր կազմակերպությունների, այդ թվում եվրոպական 39 կառույցների անունից Միջազգային հելսինկյան դաշնության եւ աշխարհահռչակ «Էմնիսթի ինթերնեշնլի» ներկայացուցիչների բողոքը։ Եվ արտասահմանյան դիվանագետներին, եւ լրագրողների պատվիրակությանը Դուք ապրիլի 17-ին հեռուստատեսությամբ խոստացել եք վերանայել Վահրամ Աղաջանյանի խայտառակ դատավճիռը՝ պատժելով մեղավորներին եւ փոխհատուցելով Աղաջանյանների ընտանիքին հասցված վնասը։ Իրոք, «վերանայեցիք» դատավճիռը. մեկ տարի ազատազրկումը փոխարինվեց 3 տարվա պայմանական ազատազրկմամբ, ինչի պատճառով լրագրողը զրկված է աշխատելու ու գոյատեւելու հնարավորությունից։ Դեռ ավելին. Ձեր եւ ՀՀ մի բարձրաստիճան պաշտոնյայի կարգադրությամբ հատուկ ծառայությունները շարունակում են միջամտել լրագրողի անձնական կյանքին, արգելում են նրան զբաղվել մասնագիտական գործունեությամբ։ Եթե Ձեզ եւ ՀՀ հիշյալ պաշտոնյային փաստեր են պետք, ապա պատրաստ ենք ներկայացնել դրանք՝ ընդհուպ մինչեւ ԱԱՆ աշխատակիցների անուններն ու հեռախոսահամարները։
Չբավարարվելով անմեղ մարդու դատապարտմամբ, ԼՂՀ «իրավապահ» մարմինների ղեկավարները կազմակերպել են Վահրամ Աղաջանյանի հիվանդ մոր եւ կնոջս՝ Ռոզա Ավետիսյանի սպանությունը։ Այդ փաստը հաստատել է նաեւ նրա բժիշկը։ ԼՂՀ քրդատօրի 359 հոդվածի համաձայն, «եթե դատավճիռը կարող է առանձնապես ծանր հետեւանքներ առաջացնել դատապարտյալի կամ նրա ընտանիքի անդամների համար, այն պետք է հետաձգվի»։ Եվ ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանը, եւ ՆԳ նախարար Բակո Սահակյանը, եւ դատավոր Նաիրի Հակոբյանը տեղեկացվել էին լրագրողի մոր հիվանդության մասին, սակայն մարդկությունը կորցրած հիշյալ անձինք, խախտելով օրենքը, նպաստել են մարդասպանությանը։
Երկու անգամ մենք դիմել ենք Ձեզ՝ պահանջելով պատժել բարձրաստիճան մարդասպաններին, երկու անգամ էլ Դուք չեք պատասխանել մեր դիմումներին, թեպետ պարտավոր էիք դա անել։ Հուսով եմ, այս անգամ Դուք համարձակություն կունենաք պարզապես պատասխանել նամակիս, ընդունվում է եւ Ձեր «այոն», եւ Ձեր «ոչը»։ Երկու դեպքում էլ մեր ընտանիքը՝ սպանված կնոջս 167 ազգակիցների անունից, իրեն իրավունք է վերապահում դիմել օրենքով չարգելված ցանկացած գործողության։ Պահանջում եմ Ձեզնից անհապաղ վերանայել Վահրամ Աղաջանյանի խայտառակ դատավճիռը, պատժել նրա անօրինական ձերբակալության եւ դատապարտվածության բոլոր մեղավորներին, լրագրողի մոր սպանությունը կազմակերպողներին, փոխհատուցել մեր ընտանիքի կրած բարոյական եւ նյութական վնասը։ Ձեր լռությունը կընկալվի որպես հովանավորչություն մարդասպաններին եւ Ղարաբաղում կարգուկանոն հաստատելու անկարողություն։ Տվյալ դեպքում մեզ այլեւս ոչինչ չի մնում, քան ընտանիքով դատի տալ անձամբ Ձեզ։
ԳԵՎՈՐԳ ԱՂԱՋԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
167 ազգակիցների անունից՝ լրագրողի հայր,
ՀՀ գրողների միության անդամ