Լրահոս
Օրվա լրահոսը

Երկաթուղին դեռ շնչում է

Մարտ 15,2001 00:00
erkatuxi

Արդեն քանի տարի է երկաթուղին ոչ թե հանրապետությունը արտասահմանի հետ կապող միջոց է, այլ ներհանրապետական փոխադրամիջոց, քանի որ ուղեւորատար գնացքները շրջուղի են կատարում միայն հանրապետության սահմաններում, ասենք, Գյումրի, Հրազդան, Արարատ, Արմավիր, Վարդենիս։ Նախկինում գործող 12 ուղեւորատար գնացքներից ներկայումս գործում են երկուսը, որից մեկը ուղեւորվում է Թբիլիսի։ Գնացքների վիճակը վերջին տարիներին շատ անմխիթար է (կոտրված պատուհաններ, պատառոտված նստարաններ…), բայց երկաթուղու աշխատակիցները նույնիսկ եղածի համար շնորհակալ են։ Երկաթուղու պետդեպարտամենտի առաջին տեղակալ Վահագն Ղարագյոզյանը նշեց, որ պետությունից իրենք գումարներ չեն ստանում, ոչ էլ հովանավորներ ունեն։ Վերը նշված այդ երկու ուղեւորատար գնացքները գերածախսով են աշխատում։ Երկար տարիներ երկաթգիծը իր գոյությունը պահպանել է բեռնատար գնացքների հաշվին։

Պրն Ղարագյոզյանի կարծիքով, այժմ, երբ հանրապետության արդյունաբերությունը փոքր-ինչ աշխուժացել է, մեծացել է նաեւ բեռնատար գնացքների աշխատանքը։ Դրա շնորհիվ էլ ամբողջովին վերանորոգվել են ուղեւորատար գնացքները։ Պրն Ղարագյոզյանը նշեց, որ նորամուծություններից մեկն այն է, որ յուրաքանչյուր երթուղու համար առանձնացված է մեկ բեռնատար գնացք՝ գյուղացիների բերքը տեղափոխելու համար։ Բեռնատար գնացքների վագոնների մի մասում կառուցված են պահարաններ մթերքի համար, մյուս մասում՝ նստելատեղեր։ «Այդպես բերքը չի փչանա եւ ուղեւորատար գնացքները մաքուր կմնան»,- ասաց պրն Ղարագյոզյանը։ Նա շեշտեց, որ իրենք բեռնափոխադրումներ են կատարում ցանկացած երկիր։ Վրաստանի տարածքով դուրս են գալիս Փոթի, Բաթումի նավահանգիստ, այնտեղից լաստանավերի միջոցով գնացքները տեղափոխում են Ուկրաինայի նավահանգիստ, որից հետո գնացքները շարունակում են իրենց երկաթուղային ուղեւորությունը։ Աշխատանքներ են տարվում Ռուսաստանում եւս նմանատիպ նավահանգիստ ունենալու կապակցությամբ, որպեսզի բեռնափոխադրումները կատարվեն ոչ թե Ուկրաինայով Ռուսաստան, այլ միանգամից Ռուսաստան, այնտեղից էլ՝ Եվրոպա։

Պրն Ղարագյոզյանն ասաց, որ օրերս Երեւանում առաջին անգամ տեղի ունեցավ ԱՊՀ երկրների երկաթուղային ադմինիստրացիայի 28-րդ նստաշրջանը։ Քննարկված կարեւորագույն հարցերը վերաբերում էին երկաթուղային փոխադրումների սակագներին, բեռնախցիկային տեղափոխումներին եւ ուղեւորատար գնացքներում բժշկական սպասարկմանը։ Պրն Ղարագյոզյանն ասաց, որ անելիքներ դեռ շատ կան, որոնք կապված են մեծ գումարների հետ։ Նա նաեւ շեշտեց, որ իրենք պարտքեր չունեն, փոխարենը իրենց են պարտք որոշ ձեռներեցներ, որոնց բեռները «նիսյայով» են տեղափոխվում։

ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031