Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԵՄԱԴՐՈՒԹՅԱՆ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ «ՆՈՐՄԱՆ»

Մարտ 15,2001 00:00
opera

Հայտնի դիրիժոր եւ դաշնակահար Վահագն Պապյանը, որ 11 տարի ապրում է Իսրայելում (շուտով կվերադառնա Հայաստան՝ մշտական բնակության), նվագակցում եւ համագործակցում է աշխարհահռչակ երաժիշտների եւ նվագախմբերի հետ։

Արվեստագետը, որի մոտակա մի քանի տարվա համերգները նախապես ծրագրավորված են, իր իսկ նախաձեռնությամբ որոշել է Հայաստանում բեմադրել Բելլինիի ամենահայտնի եւ ամենահնչեղ «Նորմա» օպերան։ Այս առաջարկով Վ. Պապյանը դիմել էր օպերային թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Տիգրան Լեւոնյանին, սակայն ինչ-ինչ պատճառներով մտադրությունը իրականացնել չհաջողվեց։ Բարեբախտաբար, այսօր բարերարների շնորհիվ հնարավորություն է ընձեռվել այս հրաշալի օպերային կյանք տալ հայ բեմի վրա՝ համախմբելով մի շարք նշանավոր արվեստագետների։ Թատրոնի գեղ. ղեկավար Գ. Գրիգորյանի հավանությունն ու պետական այրերի բարեհոժար տրամադրվածությունը շարժեցին մեխանիզմը… Եվ այսօր արդեն տարվում են նախապատրաստական աշխատանքները։

– Պրն Պապյան, երբեւիցե աշխատե՞լ եք օպերային թատրոնում։

– Այո, ես համագործակցության փորձ ունեմ։ Դեռ 1988թ. առաջարկեցի օգնությունս եւ վերականգնեցինք «Սայաթ-Նովա» օպերան։ Արվեստի այս ոլորտի հետ առնչություն եմ ունեցել նաեւ Իսրայելում, ներգրավված եմ եղել «Դոն Ժուան», «Սահուլ եւ Դավիթ», «Կարմեն» օպերաներում։

– Ե՞րբ եք ծրագրել «Նորմայի» պրեմիերան։

– Հոկտեմբերի առաջին կեսին։ Այլընտրանք չկա, քանի որ երկրորդ կեսին պետք է արտասահման մեկնեմ՝ համերգների։ «Նորմային» մասնակցելու են օպերային թատրոնի մեր երգիչները, սակայն հաջողության դեպքում ցանկություն կա նաեւ օտար երգիչների հրավիրել։

Պրն Պապյանը այս նախագծի մեջ ներգրավեց անվանի ռեժիսոր, մոսկվաբնակ Բորիս Հայրապետյանին, որը 1989 թվականից հանդիսանում է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, իսկ 1998 թվականից՝ նրա քարտուղարն ու վարչության անդամը։ Պրն Հայրապետյանի նկարահանածների ցանկում են մի շարք փառատոներում մրցանակներ շահած «Там, где небо лежит на земле», «Мост», «Улица» կինոնկարները։

«Ես վաղուց եմ հետաքրքրվում օպերային արվեստով,- ասաց Բորիս Հայրապետյանը,- բայց սա կլինի իմ առաջին ուղղակի մասնակցությունը, առաջին գործը օպերայում։ Գերխնդիր եմ համարում հայրենիքումս զարգացնել օպերային արվեստը, անել այնպես, որպեսզի այն համաշխարհային երանգավորում ստանա։ Իմ եւ Վահագնի նպատակն է ստեղծել հիմնարար բեմադրություն, այնպիսին, որպիսին այստեղ դեռեւս չի եղել, այսինքն՝ անել մեկ քայլ առաջ, աշխատել ժամանակակից նյութերի հետ, վերանայել ռեժիսուրան։ Ես այն համոզմանն եմ, որ երգն ու երաժշտությունը դեռ օպերա չէ եւ նպատակադրվել եմ բարձր մակարդակի հասցնել օպերայի դրամատիկական մասը։ Պետք է շատ լուրջ եւ հիմնովին աշխատանքներ տանենք երգիչների դերասանական վարպետությունը կատարելագործելու համար։ Այսպիսով՝ գնալ առաջ, լինել առաջնեկը այս բնագավառում, համապատասխանելով միջազգային չափանիշներին՝ ահա մեր գերխնդիրը։ Բոլոր նորամուծությունները ինքնանպատակ չեն լինի միայն, կարեւոր է ստեղծել դեկորացիոն հսկայական մեխանիզմ, որը կօգտագործվի նաեւ այլ բեմադրությունների համար։ Շատ լավ պայմաններ են ստեղծվել մեր գործունեության համար։ Շատ հեշտ է Գեղամ Գրիգորյանի հետ խոսել ժամանակակից միտումների մասին. նա շատ է տեսել, շատ բան գիտի, կարողանում է ճիշտ զգալ։ Երբ պրն Գրիգորյանը ծանոթացավ դեկորացիաների էսքիզներին, ասաց. «Այո, ժամանակակից լեզուն այսպիսին է…»։

ԼԻԼԻԹ ԲԵԿՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031