Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՆԵՐԸ… ԱՌՈՂՋԱՐԱՆՆԵՐ ԵՆ»

Մարտ 15,2001 00:00
qaxbantarkyal

Վրաստանի համեմատ

Հարցազրույց իրավաբան Վահագն Ավագյանի հետ:

Սկիզբը՝ թիվ 47

– Ազատազրկման վայրերում պատկերը նույնքա՞ն տխուր է։

– Փոքր-ինչ բարվոք է այն առումով, որ մարդիկ որոշակի տարածության վրա (սահմանափակ) ազատորեն կարող են տեղաշարժվել։ Խոսքս ընդհանուր ռեժիմի պայմաններում գտնվողների մասին է։ Ի դեպ, կանանց պարագայում այդ ընդհանուր ռեժիմի պայմաններում պատիժը կրում էին թե անզգույշ հանցագործության համար դատապարտվածները, թե դիտավորյալ սպանություն կատարած անձինք։ Այսինքն՝ չկար 2 տեսակ ռեժիմ՝ ընդհանուր եւ ուժեղացված (ինչպես մեզ մոտ է) եւ այդ բոլոր խմբերը կրում են պատիժը միմյանց հետ։ Չորս բարաք էր, յուրաքանչյուրում 250-300 հոգի (տղամարդկանց 1000 հոգիանոց գաղութում)։ Ասացին, որ Վրաստանում կա ընդհանուր առմամբ 11 ուղղիչ-աշխատանքային հիմնարկ։

– Աբովյանի կանանց գաղութում կան նաեւ ակամա դատապարտյալ երեխաներ։ Այնտեղ երեխաներ կա՞ն։

– Որքան էլ զարմանալի էր, Վրաստանի կանանց գաղութում կար ընդամենը 1 այդպիսի կին, որը հասցրել էր երեխա ունենալ իր հետագա վիճակը բարելավելու նկատառումով։ Պատիժը կրել էր, ազատվել եւ հասցրել էր իր երեխայից հրաժարվել։ Եվ կրկին հանցագործություն կատարելուց հետո դատապարտվել էր, այլեւայլ ճանապարհով հասցրել էր ունենալ նորածին։ Այս անգամ շահարկումը չէր հաջողվել։ Նրա համար հատուկ պայմաններ ստեղծված չէին, կրծքի երեխան «կալանված» էր մոր հետ միասին։

– Դուք եղել եք նաեւ մահապատժի խցում։ Ինչքա՞ն էր նրանց թիվը(մեզանում՝ 31 է)։ Կայի՞ն հայազգի դատապարտյալներ։

– Դատապարտյալ կանանց մեջ կային հատուկենտ վրացահայեր, որոնցից մեկի հետ զրուցել եմ։ Վեց տարի ազատազրկման էր դատապարտվել՝ թմրամիջոցների վաճառքի համար։ Ռուսթավիի թիվ 1 ՈՒԱՀ-ում մեկ հայ կար, մեծահասակ։ Թիվ 5 մեկուսարանում եւս 1 տղամարդ ի հայտ եկավ, որն, իր ասելով, մեղադրվում էր դիտավորյալ սպանության համար, նոր էին կալանել եւ նա իրեն մեղավոր չէր ճանաչում։ Պաշտպան չուներ։ Խնդրում էր տեղափոխել Հայաստան, գտնելով, որ վերոնշյալ հանցագործությունը փորձում են իր վրա բարդել։ Մենք գնացինք մահապատժի խուց, որը ժամանակին օգտագործվել է։ Մահապատժի խուցը գտնվում էր թիվ 5 մեկուսարանում, երկար անցուղիով անցանք (50 մետր էր), մտանք խուցը, որը 6 քմ էր։ Այնտեղ կար մի մարդաչափ փոս, որտեղ գնդակահարելուց հետո անձը դրվում էր։ Դիմացը՝ ջրափոսում «լվացվում» էր, ուռկանով էլ թերեւս նախատեսված էր դիակը իջեցնել ջրի մեջ, նորից բարձրացնել վեր… Կային ուղղահայաց փայտե տախտակներ, որոնց առջեւ կանգնեցվում էր մահապարտը։ Իմաստն այն էր, որպեսզի գնդակը մխրճվեր փայտի մեջ, այլ ոչ թե անդրադարձով վերադառնար։ Վերջին անգամ մահապատիժ իրականացվել է Վրաստանում 1995թ., իսկ 1997-ից այն օրենսդրորեն վերացվել է։ Ստույգ թիվ չասացին։ Հավանաբար մահապատիժը փոխարինվել է ազատազրկմամբ (գուցե ցմահ, չգիտեմ)։

– Գնացուցակն ինչպիսի՞ն է…

– Կանանց նախատեսված է անձին օրական 550 գրամ հաց։ Փաստացին՝ ինչը ինչպես է՝ հայտնի չէ։ Տեսակցություն է թույլատրվում տարվա կտրվածքով 5 անգամ։ Կան երկարաժամկետ (3-օրյա) տեսակցություններ, այդ ծառայությունը վճարովի է։ Հեռախոսային խոսակցության իրավունք ուներ դատապարտյալը։ Քարտն արժե 9 լարի (4,5 դոլար). կարող է խոսել այնքան ժամանակ, մինչեւ քարտում սահմանված գումարը սպառվի։ Բարաքներում կար եւ հեռուստացույց։

Կար եկեղեցի թե կանանց, թե տղամարդկանց ՈՒԱՀ-ում։ Կանանց այդ նպատակով տրամադրվել էր ընդարձակ սենյակ, իսկ տղամարդկանց ՈՒԱՀ-ում կար մի բարձրակառույց, շքեղաշուք եկեղեցի։ Ներսի աշխատանքները կատարել էր մեկ դատապարտյալ, շենքը կառուցել էին մի քանիսը։ Այնպիսի շինություն էր, որ կարելի էր զմայլվել։

– Թերթեր հասնո՞ւմ էին ազատազրկման վայրեր։

– Ասացին, որ պետական ֆինանսավորում չկա, թերթեր չեն տրվում։ Տղամարդկանց գաղութում դա կարգավորվում է դատապարտյալների հարազատների միջոցով։ Այդ եղանակով ստացված հատուկենտ թերթերը փոխանցվում են մյուս դատապարտյալներին։

Հարցազրույցը՝

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031