Փոխադրականի խնդիրները վերաբերում են բոլորին՝ ամեն օր երթուղային տաքսիների հետ մեծ թվով մարդիկ են առնչվում։ Տպավորություն ունեմ, որ Երեւանի քաղաքապետարանը սկսել է լրջորեն զբաղվել այս խնդրի կարգավորմամբ։
Վերանայվել է երթուղային ցանցի բաշխումը, անցկացվում են մրցույթներ։ Իմ կարծիքով, պետք է շատ ուշադիր լինել երթուղային տաքսիների արտաքինի նկատմամբ։ Անպայման պետք է անցկացնել բոլոր երթուղային տաքսիների տեխնիկական վիճակի ստուգատես։ Ավելի շատ ուղեւոր սրահում տեղավորելու նպատակով սրահը ձեւափոխած ոչ մի տաքսի երթուղի դուրս գալ չի կարելի թույլատրել։ Այդ գործը պետք է կատարել միայն հասարակական կազմակերպությունների վերահսկողությամբ, այլապես սույնով նորից կլցնենք պետավտոտեսչության «գրպանը» եւ ընդամենը։
Տեխնիկական անմխիթար վիճակը ուղեւորափոխադրումների միայն արտաքին, տեսանելի մասն է։ Երթուղային տաքսիների ամենամեծ պրոբլեմը ուղեւորների նկատմամբ հարգանքի ու հոգատարության իսպառ բացակայությունն է։ Այն դրսեւորվում է հատկապես ուղեւորներին սրահում կռացնել-պպզացնելու տհաճ հարկադրանքով։ Հարկադրված «շախմատի ձիերին» պետք է տալ ընտրության հնարավորություն։ Բոլոր երթուղային տաքսիները պետք է աջ կողմից հանդերձավորված լինեն կանաչ լույսով, որը կհուշի նստելու համար ազատ տեղի առկայությունը կամ բացակայությունը։
Որքան էլ որ մերն ուրիշ է՝ պետք է արգելել ծխելը։ Ասենք, ազդարարենք, որ, 2001թ. մայիսի 31-ից (ծխելու դեմ պայքարի միջազգային օրը), վարորդներին արգելվում է ծխել։ Կարգազանցին կտուգանեի աշխատավարձի տասնապատիկ չափով։ Երկրորդ անգամ կտուգանեի տասն անգամ ավելի խիստ։
Կարդացեք նաև
Գրում եմ, սակայն հույս չունեմ, թե գրածիս ուշադրություն դարձնող կլինի։ Սիգարետը հիմա ազգային խորհրդանիշ են դարձրել։ Ամեն օր պաշտոնական տեղեկատվությունը եթերից սփռում է կառավարության ու Ազգային ժողովի պաշտոնյաների անպայման սիգարետի ծխով պարուրված հարցազրույցները։ Մեր երեւելիները բոլորովին չեն խորշում ծխել ուղիղ եթերում։ Քաղաքակիրթ երկրներում ծխախոտը ձեռքին խոսելը վայելուչ չէ։ Հասարակական փոխադրականների լուծման կարոտ խնդիրները շատ են։ Ես առանձնացրի միայն մի քանիսը, որոնց կարգավորումը անհետաձգելի է։
ՆԵՐՍԵՍ ՀԱՅՐԱՊԵՏ