Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՄԱ՜Ց-ԿԱՄԱՑ ԿՀԵՌԱՑՆԵՆ

Մարտ 15,2001 00:00
zvartnoc

«Առավոտը» անցյալ տարի անդրադարձել էր «Զվարթնոց» օդանավակայանի «Ավիաբուժ» ձեռնարկությունում տարվող կադրային քաղաքականությանը։ Վերջինս ենթադրում էր ընդամենը ստաժավոր, համապատասխան կրթությամբ եւ լիցենզիայով մասնագետների՝ աշխատանքից ազատում։

Իհարկե, դրան հաստիքների կրճատում՝ միանգամայն իրավական հիմնավորումն էր տրվում։ Բուժաշխատողները ոչ միայն պարզապես ազատվում էին աշխատանքից, այլեւ, որոշ դեպքերում, առաջարկվում էր անցնել այլ մասնագիտական աշխատանքի։ Հասկանալի է, որոշ ժամանակ անց ոչ մասնագետ լինելու պատճառաբանությամբ, նրանցից վերջնականապես ազատվելու համար։ Իհարկե, այն ժամանակ օդանավակայանի տնօրինությունը հիմնավորումներ եւ արդարացումներ գտավ։ Եվ քիչ էր մնում՝ մոռանայինք այս պատմությունը։ Սակայն վերջինս սպառնում է սցենարի վերածվել եւ ամեն հարմար պահի կյանքի կոչվել՝ նայած անհրաժեշտության։

Դավիթ Անուշավանի Եղիազարյանը ավիացիայում 23 տարվա աշխատանքի փորձ ունի, 1986-ին օդանավակայանների ավտոմատացում եւ մեքենայացում մասնագիտությամբ ավարտել է Կիեւի ավիացիոն ինստիտուտը։ Նախ աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանի Վառելիքաքսուքային նյութեր ծառայությունում, հետո արդեն՝ մասնագիտացված տրանսպորտային ծառայությունում՝ որպես մեխանիկ-ինժեներ։ Այս տարվա փետրվարի 12-ին, առանց նրան տեղյակ պահելու եւ, առավել եւս, առանց նրա համաձայնության, տրվում է մեխանիկ-ինժեներից վարորդի աշխատանքի տեղափոխելու հրաման։ Պատճա՞ռը։ Դե իհարկե, կրճատվում է մեխանիկ-ինժեների հաստիքը. մարդուն էլ հո առանց աշխատանքի չեն թողնելու։ Ոչինչ, որ գրեթե նույն ժամանակ ստեղծվում է գլխավոր եւ անվտանգության տեխնիկայի ինժեներների հաստիքներ, որոնք, մեր տեղեկություններով, զբաղեցնում են, մեղմ ասած, ոչ մասնագետներ՝ նախկինում ГАЙ աշխատակից եւ կաշեգործ։ Այլ բանավեճի նյութ է նաեւ վերոնշյալ հաստիքների հրատապ անհրաժեշտությունը օդանավակայանին, եթե ծառայությունում առկա մեքենաների եւ մեխանիզմների քանակի դեպքում ավելորդ է համարվում վերանորոգող ինժեներների հաստիքը։ «Ստեղծվում է այն տպավորությունը, որ կառուցվածքային փոփոխություններն արվել են առանց աշխատանքի կազմակերպման օրինակելի դրույթները հաշվի առնելու (ինչպես ընդունված է ամբողջ աշխարհի ավիացիայում) եւ ավելի շուտ կրճատվել են ոչ թե հաստիքները, այլ անձերը»,- «Զվարթնոցի» գլխավոր տնօրենին ուղղված դիմումում գրում է Դ. Եղիազարյանը։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ՊՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ադամ Փափազյանին ուղղված դիմումում ավիացիայի աշխատողների արհմիության նախագահ Լ. Մուրադյանը Դ. Եղիազարյանի նկատմամբ կատարվածը որակել է «օրինազանցություն» եւ խնդրել է նրան ապահովել աշխատանքով։ Նշենք, որ Դ. Եղիազարյանն ինքը դիմել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հ. Երիցյանին, որը դիմումի վրա «մասնագետին հենց այնպես չազատելու» հրահանգ է մակագրել։

Երեւի «հենց այնպես չազատելու» մղումով է Դ. Եղիազարյանին հնարավորություն տրվել վարորդ աշխատելու։ Վերջինս մտավախություն ուներ, թե որոշ ժամանակ հետո իրեն՝ վարորդական իրավունք չունենալու պատճառաբանությամբ, կարող են ազատել աշխատանքից։ Սրան էլ ճար կա։ Դ. Եղիազարյանին խոստացել են ավելին՝ տնօրենը նույնիսկ մակագրել է հաշվապահին՝ դուրս գրել համապատասխան գումար՝ Դ. Եղիազարյանին վարորդական դասընթացների ուղարկելու համար։

Սակայն հաշվապահն առանձնապես չի շտապում, վերջերս էլ պատճառաբանել է, թե գործարքն անպատճառ պետք է կատարվի փոխանցումով, որի համար անհրաժեշտ է հաշվեհամարի առկայություն եւ այլն, եւ այլն։

Նույնիսկ Դ. Եղիազարյանին վարորդական իրավունքով ապահովելու դեպքում վաղը հանգիստ կարելի է պարզապես կրճատել ա՛յդ վարորդի հաստիքը։ Գուցե հենց ավելորդ շռայլություն չցուցաբերելու համար է ձգձգվում գումար դուրս գրելը։

Մինչ այդ, Դավիթ Եղիազարյանը ներկայանում է իր՝ վարորդի աշխատանքին, թեեւ առանձնապես անելու գործ չի գտնում այնտեղ։

Իսկ առաջիկայում Դ. Եղիազարյանը կդիմի նաեւ առաջին ատյանի դատարան, առանց իր համաձայնության, իրեն այլ աշխատանքի տեղափոխելու համար։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Առաջիկայում «Առավոտը» կփորձի պարզաբանումներ ստանալ «Զվարթնոցի» տնօրինությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031