Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԼԻԵՎԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ

Մարտ 15,2001 00:00

ԱԼԻԵՎԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ Մարտի 13-ին «Ջումհուրիեթ» եւ «Սաբահ» թուրքական թերթերը հաղորդագրություն են զետեղել, թե Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հանդիպելով Թուրքիայի նախագահի, վարչապետի եւ բանակի գլխավոր սպայակույտի պետի հետ, նրանց է ներկայացրել այն ծրագիրը, որը Մինսկի խմբում համանախագահող երկրներն առաջարկում են ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար։ Ըստ թուրքական այդ լրատվամիջոցների ունեցած տեղեկությունների, ծրագիրը ներառում է երեք հիմնական դրույթ, այն է՝ Առաջին՝ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն գրավյալ տարածքների մի մասից։ Երկրորդ՝ միջանցք պետք է ստեղծվի Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ։ Եվ երրորդ՝ հակամարտության կողմերի սահմաններին պետք է միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայվեն։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Միայն «Սաբահ» թերթն ավելացնում է, որ Ալիեւը խնդրել է Թուրքիայի բարձրագույն ղեկավարներին այս ծրագրի մասին չտեղեկացնել ավելի ցածր աստիճանի թուրք պաշտոնյաներին։ Սակայն, ինչպես տեսնում եք, ենթադրյալ ծրագրի գոնե ամենահիմնական կետերն արդեն հրապարակվել են։ Ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում, Ալիեւն իր ակնկալիքները Թուրքիայից ձեւակերպեց այսպես՝ մենք կարիք ունենք ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական եւ ռազմավարական աջակցության, հիմնականում հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորելու համար. «Ես համոզված եմ, որ Թուրքիան անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը կապահովի Ադրբեջանի տարածքները հայկական օկուպացիայից ազատագրելու համար»,- հենց այս բառերով է ավարտել Հեյդար Ալիեւն իր մեկժամանոց ելույթը Թուրքիայի խորհրդարանում։ Իսկ դրանից առաջ Ադրբեջանի նախագահը կարծիք է հայտնել, որ Հայաստանը, վայելելով երրորդ երկրների աջակցությունը, լիովին անպատժելի է դարձել եւ արդեն հավակնում է Կարսին, Արդահանին եւ Նախիջեւանին։ Ավելացնենք, որ Պարույր Հայրիկյանի վերջերս արված հայտարարությունը, իրոք, բավական լայն արձագանք է գտել Թուրքիայում։ «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատեճյանը վկայեց, որ երեք օր շարունակ թուրքական մամուլն անդրադարձել է այդ հարցին։ ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ, «Ազատություն» ռ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել