ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՉԵՄԲԵՐԼԵՆԻՆ Առերեւույթ տպավորություն է ստեղծվում, թե Արեւմուտքը պետք է որ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրի հատկապես Ադրբեջանի հանդեպ, սակայն, ըստ քաղաքական դիտորդների, սա միայն թվացյալ է։ Փաստարկն այն է, որ Արեւմուտքը հրադադարից մինչ օրս երբեւէ տուրք չի տվել հայկական կողմի՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու, ջանքերին։ Հակառակը, Արեւմուտքն ու նաեւ Ռուսաստանը շարունակում են կողմնակից լինել տարածքային ամբողջականության սկզբունքին՝ ինչը հստակորեն ամրագրված է հիմնախնդրի կարգավորման մինչ այժմ եղած բոլոր պաշտոնական առաջարկություններում։ Կարծում ենք, Արեւմուտքն առայժմ չի նահանջել իր այս դիրքերից, ավելին, ըստ էության, նույնն են «Փաթեթային» եւ «Ընդհանուր պետություն» տարբերակներում արձանագրված հիշյալ ձեւակերպումները, առաջին դեպքում՝ «Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է պետական եւ տարածքային կազմավորում Ադրբեջանի կազմում», երկրորդ դեպքում՝ «Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Հանրապետության ձեւի պետական եւ տարածքային կազմավորում եւ Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։ Տակավին պարզ չէ նաեւ, թե ինչ է իրենից ներկայացնում հնարավոր նոր տարբերակը, բայց փաստը, որ Ալիեւը դիմում է իր վստահելի դաշնակցի՝ Թուրքիայի միջնորդությանը, հասկանալի է դարձնում, որ այդ նոր տարբերակն էլ ընդունելի չի լինելու կողմերից գոնե մեկի համար։ Առավել եւս միջնորդ կողմերի բացակայության պայմաններում Քոչարյան-Ալիեւ ապարդյուն բանակցություններն, ըստ էության, մեր երկրներին ու նաեւ միջազգային հանրությանը փակուղու առաջ են կանգնեցրել։ Սա, բնականաբար չի կարող մտահոգիչ չլինել Արեւմուտքի համար, որը ձգտում է օր առաջ լուծել այս հիմնախնդիրն ու տարածաշրջանը կայուն տեսնել։ Հարցի լուծման ձգձգումը նյարդայնացնում է մասնավորապես Մինսկի խմբի եռանախագահողներին։ Մյուս կողմից, Ադրբեջանում պատերազմի կոչեր անող բարձրացված հիսթերիան է պարտադրում շտապ լուծումներ գտնել։ Արեւմուտքը տարածաշրջանում բավական մեծ ներդրումներ է արել դրանք վտանգի ենթարկելու եւ նոր պատերազմ թույլ տալու համար։ Ի տարբերություն Հեյդար Ալիեւի, որը գոնե այս հարցում միաբան է իր ընդդիմության հետ եւ որի ոչ լեգիտիմության մասին որեւէ երկիր այսօր չի բարձրաձայնում, ՀՀ նախագահ Քոչարյանը շարունակում է թեման փակ պահել։ Իսկ դիվանագիտական «ճակատում» Քոչարյանը մնացել է առանց իրեն սատարող ուժերի օժանդակության։ Նա բավարար վստահություն չի վայելում ո՛չ հասարակության ներսում, ո՛չ էլ քաղաքական ուժերի մի մասի կողմից, որպեսզի իրեն շռայլություն թույլ տա ներկայացնել իր համար ընդունելի որեւէ տարբերակ, հասարակությանը փորձի համոզել եւ պնդել դրա վրա, ինչպես ժամանակին արեց Լ.Տեր-Պետրոսյանը։ Բանն այն է, որ այդ դեպքում նա դատապարտված է իր նախորդի նման հրաժարական տալ, քանի որ իրեն առաջարկված տարբերակը նախորդ մերժվածներից, ըստ էության, քիչ է տարբերվում։ Մինչդեռ իշխանությունը պահելու համար Քոչարյանը փորձում է խուսափել դրանից՝ ակամա հուշելով Ադրբեջանին սպառնալ պատերազմ սկսելու գաղափարով։ Արեւմուտքն այսօր Քոչարյանին տեսնում է իբրեւ ոչ լեգիտիմ, թույլ իշխանություն ունեցող նախագահի եւ, որ ոչ պակաս կարեւոր է, անվստահելի գործընկերոջ: Ենթադրելի է, որ Արեւմուտքի այս տրամադրություններով են բացատրում, հատկապես վերջին շաբաթների ընթացքում, Հայաստանում ԱՄՆ-ի, Հունաստանի եւ Ֆրանսիայի դեսպանների նախաձեռնությամբ տեղի ունեցող ակտիվ հանդիպումները հայաստանյան քաղաքական ուժերի հետ։ Վերջերս ՀԺԿ-ի, ՀՀՇ-ի, «Օրինաց երկրի» ղեկավարների հետ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի դեսպան Լեմոնը։ «Ժողովրդավարական Հայրենիք» եւ ԱԺՄ կուսակցությունների հետ հանդիպումները ստանձնել է Հայաստանում Հունաստանի դեսպանը եւ այսպես շարունակ։ Ի դեպ, հիշյալ բոլոր կուսակցություններում հանդիպման հիմնական թեման եղել է ԼՂՀ-ի հիմնախնդիրը, հայ-թուրքական հարաբերությունները, «27»-ի դատավարության հնարավոր ազդեցությունը ներքաղաքական կյանքում, ԱԺ-ի հնարավոր լուծարումն ու ուժերի հավանական վերադասավորումները։ Օրինակ, տեղեկություններ կան, թե մասնավորապես Հունաստանի դեսպանին հետաքրքրել է նաեւ քաղաքական գործիչների վերաբերմունքը նոր ստեղծվող «Հանրապետություն» կուսակցության նկատմամբ, քաղաքական դաշտում նրա դերի եւ տեղի հարցը։ Ամենահետաքրքիրը, սակայն, այն է, որ հիշյալ երկրների դեսպանները հանդիպումներից հետո վերադառնալու են հայրենիք՝ իրենց պետությունների ղեկավարներին դրանց արդյունքների մասին զեկուցելու եւ խորհրդակցելու համար։ Սա մտահոգիչ պետք է լինի նախեւառաջ նախագահ Քոչարյանի եւ նրան սատարող ուժերի համար։ Այս առումով վերջիններիս՝ հարցի հրապարակային քննարկումներից ձեռնպահ մնալու փորձերը ձեւականորեն բացատրվում են տեղեկատվության բացակայությամբ։ Իրականում նրանցից որեւէ մեկը չի ուզում պատասխանատվություն ստանձնել ոչ միայն նախագահի քայլերի, այլեւ իր կողմից որեւէ տարբերակ մերժելու համար։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ