Հայ երաժշտական աշխարհում, մեր կողքին ձեւավորվեց ու հասունացավ կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանը։ Անցած ուղին մեր երկրի ընդունված-սովորականն էր. դպրոց, կոնսերվատորիա, ասպիրանտուրա… Ոչ սովորականը նրա շնորհվածության ինքնատիպությունն էր, երաժշտական մտածողության ուրույն կերպը։ Այսպես նա դեռեւս շատ երիտասարդ ներկայացավ երաժշտասեր հասարակությանը։ Նշանակալից էր 1984-ին Լուսիկյանի ուսուցչին՝ կոմպոզիտոր Ղազարոս Սարյանին հասցեագրված ճանաչված կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանի նամակը։ «Սիրելի Զարիկ, շտապում եմ քեզ հետ կիսել իմ մեծ ուրախությունը, որ ունեցա երեկ հայ կոմպոզիտորների համերգին։ Դա քեզ հետ անմիջական կապ ունի։ Խոսքը Ստեփան Լուսիկյանի մասին է։ Նա շատ տաղանդավոր երիտասարդ է։ Մաքուր, նուրբ, թարմ ու խորը։ Նրա երկու երգը ավելին է շատերի սիմֆոնիաներից եւ օրատորիաներից։ Նրան պետք է պահպանել եւ հնարավորություն տալ բնական ու ներդաշնակ զարգանալ։ Ինձ թվում է՝ նրան մեծ ապագա է սպասվում։ Շնորհավորում եմ քեզ, սիրելի բարեկամս»։
Ստեփան Լուսիկյանի ստեղծագործական ընդգրկումներն արդեն պատկառազդու էին։ Ուներ նաեւ այլ երգեր ու ռոմանսներ Մեծարենցի, Թոթովենցի եւ այլոց տեքստերով, երեք դաշնամուրային կոնցերտ, կվարտետ, սոնատներ, պիեսներ տարբեր գործիքների համար։ Ոչ միայն մանկական, այլ մասնագիտական շրջանակների համար նույնպես սիրելի ու գնահատելի դարձավ «Ճպուռն ու մրջյունը» մանկական բալետը։ Ու դեռեւս ինչ նոր երգեր պիտի ծնվեին, չէ որ Ստեփանը մտածող, որոնող արվեստագետ էր։ Նա նաեւ լավ ընկեր էր, լավ մարդ։
Այդպես էլ կհիշենք նրան՝ Ստեփան Լուսիկյանին։