Նկարիչ Գառնիկ Մկրտումյանի (Մկրտունի) աշխատանքները հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս։ Նրա 1000-ից ավելի կտավներ այժմ գտնվում են Գերմանիայում, Բրազիլիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Արաբական Էմիրաթներում, Վրաստանում, Ռուսաստանում եւ այլ երկրներում։ Վերջերս Մոսկվայի Մանեժում կայացավ Գառնիկ Մկրտումյանի անհատական ցուցահանդեսը։ Չնայած ինքը՝ նկարիչը ներկա չէր ցուցահանդեսին, նրա կտավները արժանացան մայրաքաղաքի արվեստասերների գովեստներին։ Հազվադեպ այցելուներ են Վերնիսաժում եւ Մանեժում անտարբեր անցնում նրա նկարների կողքով։ Գեղանկարչության սիրահարներին նրա կտավներում գրավում է ծաղիկների անկրկնելի ներդաշնակությունը։ Մկրտումյանն այն փոքրաթիվ նկարիչներից է, որ նկարում է մաստեխինով։
Երեւանում Մկրտումյանի մասին սկսեցին խոսել, երբ նա երկարատեւ դեգերումներից հետո, 1972թ. տեղափոխվեց Հայաստան։ Նկարչի աշխատանքների ֆոտոնկարները կարող են պատկերացում չտալ գունային գամմայի եւ չափերի պայմանական մեկնաբանության մասին։ Հրաշալի կոլորիտը գույները դարձնում է կենդանի ու ջերմ։ Իսկ այն, որ Մկրտումյանը սիրում է ծաղիկներ նկարել, զարմանալի չէ։ Առանց ծաղիկների հնարավոր չէ պատկերացնել ոչ մի հայ նկարչի։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ