Սփյուռքի հայության համար բաղձալի հայտնություն եղավ Հայաստանի Հանրապետության ազգային հեռուստատեսության ծրագրերի սփռումը բովանդակ աշխարհում։
Այլեւս Հայաստանը աչքի առաջ է՝ իր հոգսերով ու ցավերով, լվացքի փոշիների, խմիչքի, ծխախոտի եւ այլ գովազդներով, իր բազմաթիվ հրապույրներով։ Սրանից ՀՀ պետական այրերը լայն հնարավորություններ ունեն առավելագույն օգուտներ քաղել, բայց երբեմն նկատվում են որոշ երեւույթներ, որոնք նսեմացնում են թափված ջանքերը, նյութական ներդրումները։
Տվյալ դեպքում խոսքը չի գնում հեռուստատեսային թողարկումների ինչպիսին լինելու մասին։ Այս թեմայով կարելի է բազմաթիվ էջեր լցնել։ Խոսքը առավելապես վերաբերում է ռուսերեն լեզվին, որը միջին հաշվով օրական երկու ժամով զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության ազգային հեռուստատեսության արբանյակային հաղորդաժամը։ Ռուսերեն լեզվի առկայությամբ ՀՀ ազգային հեռուստատեսությունը կորցնում է իր ազգային ու մշակութային ուրույն դիմագիծը, որն առանց այն էլ աղճատված է արեւմտյան արվեստից կատարված կապկային ընդօրինակումներից։
Անժխտելի է, որ Ռուսաստանն ու ռուս ժողովուրդը դարեր շարունակ եղել են ու մնում են հայ ժողովրդի ամենահուսալի բարեկամները։ Սակայն ռուսերեն լեզվի առկայության շարժառիթը հավանաբար պետք է որոնել ոչ թե երկու երկրների սերտ հարաբերությունների, այլ, առնվազն, նյութական դժվարությունների ոլորտում։ Հայաստանի ժողովուրդը կարողանում է օգտվել ռուսերեն հաղորդումներից։
Կարդացեք նաև
Վերջին տարիներին Հայաստանից արտագաղթած հայերը նույնպես ծանոթ են ռուսերենին։ Այդ դեպքում ո՞վ է մտածում սփյուռքահայության մասին, չէ՞ որ նրանք քանակային առումով չեն զիջում բնիկ հայությանը։ Հարց է առաջանում, թե էլ ո՞ւմ է պետք արբանյակային սփռումը, արդյո՞ք դա ինչ-որ անտեսում կամ ակամա ծամածռություն չէ ուղղված հայերենին ծարավ սփյուռքահայությանը։ Երբեւէ խորհե՞լ եք հարյուր հազարավոր սփյուռքահայերի մասին, որ երբ սկսվում է ռուսերեն թարգմանված հերթական կինոնկարը, ինչպիսի հիասթափությամբ ու ցավով են բաժանվում Հ1-ից։
Իհարկե, սփյուռքահայությանը «մարդու տեղ չդնելու» հարցը նորություն չէ, դա արտացոլված է նաեւ պարբերական ու հրատարակչական մամուլի մեջ, ուր երբեք չի տրվում ռուսերենով գրված բառերի, նախադասությունների կամ նույնիսկ չափածո հատվածների թարգմանությունը։ Էլ ի՞նչ անկախություն, երբ Ազգային հեռուստատեսությունը երկար տարիներից հետո դեռեւս կախում ունի ռուսերեն թարգմանված թողարկումներից։
Լեզվագիտության ու թարգմանական արվեստի տեսակետից Հայաստանում մարդուժի պակաս չկա, այլ կան գործազուրկներ, որոնց ներգրավումը Ազգային հեռուստատեսության մեջ կնպաստի որոշ թվով ընտանիքների տնտեսական ճգնաժամի վերացմանն ու… Հայաստանում մնալուն։ Սակայն այն մասին, թե ինչպիսի տեխնոլոգիական հնարավորություններով է օժտված ՀՀ հեռուստատեսությունը, դժվար է դատել։ Ինչեւէ, դրամական ներդրումների դեպքում դյուրությամբ կարելի է ստեղծել համապատասխան կադրեր ու սարքավորումներ։ Ցանկալի է նաեւ, որ Հ1-ի պատասխանատու անձինք արձագանքեն սույն հոդվածին՝ լուսաբանություններ տալով ՀՀ ազգային հեռուստատեսության նյութական ու բարոյական իրավիճակի մասին։
ԿՈԼՅԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Թեհրան