Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԵԼՔԸ՝ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ

Մարտ 14,2001 00:00
Armen Smbatyan

Վերջերս կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը եւ Արմեն Սմբատյանը վերադարձան Լոս Անջելեսից, որտեղ «Լարք» ընկերակցության հրավերով մասնակցում էին տեղի երաժշտական դպրոցի հիմնադրման 10-ամյա հոբելյանի տոնակատարությանը։

Կոմպոզիտոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Սմբատյանն այս առիթով ասաց. «Անվիճելի է, որ դասական երաժշտությունը մեծ ուժ ունի, երաժշտությամբ ժողովուրդներն առանց միջնորդության հաղորդակցվում են։ Տպավորությունս ավելի քան գերազանց է, մի տեսակ թեթեւացած շունչ եմ քաշում արդեն։ Գաղտնիք չէ, որ ամերիկահայ գաղութը ողողված էր ցածրորակ երաժշտությամբ, բայց ես ականատես եղա հրաշքի։ Ամերիկահայերը սկսել են մտածել պրոֆեսիոնալ երաժշտական կրթության մասին, ավելին՝ հայ ազգի երաժշտական մենթալիտետը սկսել է գործել Սփյուռքում։ Սա թեպետ ուշացած է, բայց բնական՝ քանզի մարդկությունը չի կարող երաժշտություն չլսել, քանի դեռ սիրում է, հիշում է, գտնում ու կորցնում։ Իսկ դասական երաժշտությունը մարդկային ընդերքի անխավար լույսն է, որով տեսնում ենք մեր հոգու հատակը։

Պատկերացրեք, եթե դպրոցում սովորում է 300 երեխա, իսկ ուսման տեւողությունը 7 տարի , եթե նույնիսկ նրանցից 10%-ը շարունակի ուսումը բարձրագույն դասընթացներում, ապա սա մեծ նվաճում կլինի։ «Լարք» երաժշտական ընկերակցության տնօրենը, հիանալի երաժիշտ-խմբավար պրն Վաչե Պարսումյանն է, որին սիրով հրավիրել ենք Երեւան՝ ղեկավարելու խմբավարական ֆակուլտետի քննությունները։ Այսօր արդեն 4 պրոֆեսիոնալ դպրոցներ կան Լոս Անջելեսում՝ իրենց բոլոր տրադիցիոն դասարաններով՝ ջութակի, դաշնամուրի, թավջութակի, փողային գործիքների եւ այլն։ Սա շատ ուրախալի է։ Նշանակում է՝ կա եւ մրցակցություն։ Պրն Վ. Պարսումյանի ղեկավարած դպրոցի հետ մոտ 10 տարի սերտ կապերի մեջ է եղել մեծ երաժիշտ, դոկտոր-պրոֆեսոր Թաքմիզյանը։ Այսօր այդ դպրոցում է դասավանդում եւ միաժամանակ տնօրենի խորհրդականն է հիանալի երաժիշտ Արտաշես Քարթալյանը։ Դպրոցն ունի բարձրորակ մասնագետների կարիք։

Ելնելով ֆինանսական ծանր դրությունից, մենք էլ շահագրգռված պետք է լինենք, որ մեր մասնագետները, թեկուզ կարճ ժամանակահատվածում, աշխատեն այնտեղ։ Պարզ ասեմ. ամերիկացի մասնագետ հրավիրելը թանկ արժե, բայց այսօր փոխշահավետ կլինի երաժշտական ընկերակցության հետ մեր համագործակցությունը։ Եղավ առաջարկություն Լոս Անջելեսում հիմնել Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մասնաճյուղ։ «Լարք» երաժշտական ընկերակցության ուժերով ստեղծվել է սիմֆոնիկ նվագախումբ, որը ապրիլի 23-ին հանդես կգա Վերդիի «Ռեքվիեմի» կատարմամբ։ Սա երեւույթ է ամերիկահայ գաղութում։ Այս առիթով Լոս Անջելես են հրավիրված մաեստրո Օհան Դուրյանը եւ մեներգիչներ։ Կայանալիք համերգը նվիրվում է Եղեռնի զոհերի հիշատակին եւ քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն ընդունելու 1700-ամյակին։ Թույլ տվեք մի փոքր շեղվել։ Բեյրութում ունենք «Բարսեղ Կանաչյան» քոլեջ, որը ղեկավարում Է կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը։ Մեծ ցանկություն կա Իսպանիայում հիմնել մեր կոնսերվատորիայի մասնաճյուղը։ Դամասկոսի նորաստեղծ կոնսերվատորիայի ռեկտորատը ցանկություն է հայտնել համագործակցել մեզ հետ։ Սփյուռքում Աշոտ Ալթունյանը եւ Լեւոն Աբրահամյանը հիմնել են երաժշտական դպրոցներ… Մի խոսքով՝ Լոս Անջելեսից ես եւ իմ գործընկերները վերադարձանք թեթեւացած։ Մեր բարձրակարգ երաժշտական համակարգը շարունակությունն ունի արդեն Լոս Անջելեսում եւ ոչ միայն»։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031