Խաղի կանոնները փոխվում են քննություններից մի քանի ամիս առաջ
Ընդունելության քննությունների անցկացումը բուհերին հանձնելու ԱԺ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը թեեւ անակնկալ էր, բայց, դատելով քվեարկության արդյունքներից, ո՛չ ԱԺ պատգամավորների համար։ Նախագիծն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց 83 «կողմ» ձայնով (քվեարկությանը ներկա էր 92 պատգամավոր) եւ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի գնահատմամբ՝ «հստակ երեւում էր եւ ելույթների, եւ քննարկման ժամանակ», որ պատգամավորներին մինչ այդ նախապատրաստել էին։ Պրն Ավետիսյանի կանխատեսմամբ՝ «Իրենք շատ վճռական էին տրամադրված եւ փորձ կանեն կարճ ժամանակում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել օրենքը, իսկ մենք, որպես գործադիր մարմին, պարտավոր ենք ենթարկվել օրենքին»։
Իսկ դա նշանակում է, որ արդեն այս ամառ ընդունելության քննությունները պիտի անցկացվեն հին, բարի ժամանակների կարգով։ Մինչդեռ թվում էր, որ արդեն անվերադարձ է քննարկումը՝ բուհերի ընդունելության կենտրոնացվա՞ծ, թե՞ ապակենտրոնացված համակարգն է ավելի նախընտրելի։ Եվ եթե ընդունելության համակարգը պետք է բարեփոխել, ապա քաղաքակիրթ աշխարհում ընդունված մեթոդները ընդունելով եւ ոչ թե իրեն չարդարացված հնին վերադառնալով։ Այն էլ՝ քննություններից մի քանի ամիս առաջ։ Առանց այդ էլ հասարակության հիմնական դժգոհությունն այս առնչությամբ այն է, որ քննություններից մի քանի ամիս առաջ նոր հայտնի է դառնում, թե ինչ անակնկալներ են սպասվում դիմորդներին։
Կրթական համակարգի պատասխանատուներն այս տարի անընդհատ գլուխ էին գովում, թե վերջին տարիների համար աննախադեպ իրողություն է, որ ընդունելության նորույթները դիմորդներին մատուցվում են քննություններից 5-6 ամիս առաջ։ Չնայած, հակառակ խոստումներին, մինչեւ օրս դեռ հրապարակված չէ «Դիմորդ-2001» տեղեկագիրը, որը պիտի պատրաստ լիներ փետրվարի կեսերին, սակայն մամուլում արդեն մեկ ամիս առաջ հրապարակվել են ընդունելության նոր կանոնները։ Քննական հարցատոմսերի նմուշները եւս հրապարակվում են ԿԳՆ-ի պաշտոնաթերթում։ Հիմա թերեւս այս ամենը նորացնելու կարիք զգացվի։ Եվ, ըստ փոխնախարարի՝ «հասարակությունը լուրջ չի վերաբերվի պետությանը, եթե ասեն, որ խաղի կանոնները այսքանից հետո փոխվում են»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ կենտրոնացված համակարգի անցնելու գլխավոր հիմնավորումն այն էր, թե բուհերում կաշառակերությունն անվերահսկելի է, իսկ կենտրոնացվածի դեպքում, քիչ թե շատ, օբյեկտիվություն ապահովվում է։ Բացի այդ, դիմորդը հնարավորություն ունի դիմել ոչ թե մի, այլ մի քանի բուհ միանգամից, ինչը լուծում է նաեւ ոչ հեղինակավոր բուհերի թափուր տեղերի խնդիրը։
Սակայն այս պատմությունը առավել հետաքրքիր է այլ առումով՝ որպես պետական օղակների «հիանալի» համագործակցության հերթական ապացույց։ Ըստ Արա Ավետիսյանի, դեռեւս հոկտեմբեր-նոյեմբերին, երբ մշակվում էին ընդունելության կանոնները, մշակվել եւ ՀՀ կառավարության հավանությանն են արժանացել «այն կոնցեպցիաները, որ դրվելու էին կանոնների մշակման հիմքում»։ Այս կոնցեպցիաները քննարկվել են նաեւ ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովում, «որպեսզի ընդհանուր համաձայնություն ունենալով կանոնները ձեւակերպենք, որ հետո փաստի առաջ չկանգնենք»։ Այս քննարկումների ընթացքում, դեկտեմբեր ամսին, ԿԳՆ-ն ստացել է «Կրթության մասին» օրենքում վերոնշյալ փոփոխությունները կատարելու մասին առաջարկությունը, որը քննարկվել է ԿԳՆ-ում, նաեւ ռեկտորների խորհրդում։ Այս քննարկումների եւ նաեւ մյուս նախարարությունների կարծիքների հիման վրա կազմվել է կառավարության բացասական եզրակացությունը նախագծի վերաբերյալ եւ ներկայացվել ԱԺ։ Սակայն ԱԺ-ն, այնուամենայնիվ, առաջին ընթերցմամբ ընդունեց այդ փոփոխությունները, որոնց մի կետով նախատեսվում է քննությունների անցկացման իրավունքը հանձնել բուհերին։ Իսկ մյուս կետը նախատեսում է, որ ընդունելության արտոնությունները, բացի զինծառայողներին եւ հաշմանդամներին տրվող արտոնություններից, սահմանի ՀՀ կառավարությունը։
Ըստ պրն Ավետիսյանի՝ ազնիվ չէ օլիմպիադաներում հաղթողներին եւ մեդալակիրներին զրկել արտոնություններից։
Ի դեպ, պրն Ավետիսյանի տեղեկություններով, օրենսդրական նախաձեռնությունը պաշտպանած պատգամավորներից միայն Սուքիաս Ավետիսյանն է ԱԺ կրթության հանձնաժողովի անդամ։ Այսինքն՝ սա հանձնաժողովի նախաձեռնությունը չէ, այլ առանձին պատգամավորների։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ