Վրաստանի համեմատ
Արդարադատության նախարարությանն էր դիմել «Ընդդեմ իրավական բռնության» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը խնդրելով, որպեսզի Վրաստան մեկնող իր պատվիրակության կազմում ներգրավվի նաեւ ԱՆ ներկայացուցիչը, հաշվի առնելով, որ քննարկվելիք խնդիրները կհետաքրքրեն նախարարությանը։ Նախատեսված էր այցելություններ ուղղիչ- աշխատանքային հիմնարկներ (կանանց, տղամարդկանց), ինչպես նաեւ նախնական կալանքի վայրեր (այսինքն՝ քննչական մեկուսարաններ)։ Ծրագրված էր եւ տեղի ունեցավ շնորհանդեսն իրենց ծրագրի, որտեղ նախարարության ներկայացուցիչ Վահագն Ավագյանը 15 րոպե հանդես եկավ բանավոր խոսքով, ներկայացնելով իր տպավորությունները Վրաստանում մարտի 8-10-ը տեսածի վերաբերյալ, այն համեմատելով մեր համապատասխան կառույցների հետ։ Ճանաչված իրավաբանի հետ էին Լարիսա Ալավերդյանը, Մարինա Գրիգորյանը։ Արդարադատության նախարարության ներկայացուցչի մասնակցությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ թե Վրաստանում (2000թ. հունվարից), թե Ադրբեջանում (1999թ. սեպտեմբերից) բոլոր քննչական մեկուսարաններն ու ազատազրկման վայրերը արդեն իսկ անցել են ԱՆ ենթակայության ներքո։
– Ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը։
– Դժվար է համեմատել լավը վատի հետ։ Որովհետեւ ի տարբերություն նրանց վատի, մեզ մոտ բավականաչափ լավ է վիճակը։ Վրաստանում անասելի վատ է, մեր ՈՒԱՀ-ները գտնվում են կիսահանգստյան, կիսաառողջարանային տների կարգավիճակում եւ մեզ մոտ թե՛ պայմաններն են անհամեմատ բարվոք, թե՛ սանիտարական, թե կենցաղային, թե՛ շենքային վիճակն է լավ։ Դատապարտյալներին, կասկածյալներին, մեղադրյալներին պահելու առումով մեզ մոտ անհամեմատ լավ է։
Կարդացեք նաև
– Տեսածի՞ արդյունք է ասվածը, թե՞ դատապարտյալների հետ շփում-զրույցների…
– Այցելեցինք Թբիլիսիի թիվ 5 մեկուսարան, կանանց ՈՒԱՀ, ինչպես նաեւ Ռուսթավիում գտնվող 2 ՈւԱՀ-ից մեկը։ Մտանք խցեր, բարաքներ, շփվեցինք կալանավորների, դատապարտյալների հետ եւ պատկերն ավելի քան սահմռկեցուցիչ էր։ Ընդհանուր շենքային պայմաններն անտանելի վատ էին։ Խարխուլ, կիսաքանդ, ավեր, որոնք վաղուց ի վեր չեն նորոգվել, կեղտաջրեր… որում կենդանուն պահել չէր կարելի, ուր մնաց թե մարդուն։
Մեկուսարանի խցերում միջինը 30-50 կալանավոր էր տեղավորված, որոնք սպասում էին իրենց դատավարությանը։ Դատավճռին։ 30 քմ մակերես ունեցող խցերում երկհարկանի քնատեղեր կային։ Այնքան սուղ էին պայմանները, որ առանձին դեպքերում կալանավորները, որոնք չունեին քնատեղեր, հերթով էին քնում։ Բաժանվել են 3 հերթի եւ 4-ական ժամ քնում են։ Պատուհանները փակ էին, լուսավորություն չկար, միայն արհեստական լույս էր։ Այդքան մարդու համար սանհանգույցը մեկն էր։ Մեկ այլ սահմռկեցուցիչ հանգամանք էլ կար։ Բանն այն է, որ նախնական կալանքի առավելագույն ժամկետը Վրաստանի քրդատավարության օրենսգրքով 9 ամիս է (Հայաստանում՝ մինչեւ 1 տարի)։ Եթե մեզանում չկան դատավարական ժամկետների խախտումներ, ապա Վրաստանում այդ խախտումները աղետալի չափերի են հասել։ Երբ հարցրինք կալանավորներին, թե նրանք ինչքան են կալանքի տակ փաստացի գտնվում, ոմանք պատասխանեցին, որ նույնիսկ 2-2,5 տարի փաստացի գտնվում են նախնական կալանքի տակ՝ սպասելով իրենց դատավարությանը։ Այսինքն, մարդը սպասում է եւ չի կարողանում գնալ իր ազատազրկման վայրը, քանի որ դատարանները ձգձգում են, դատավճիռ չեն կայացնում սահմանված ժամկետներում։ Լինում է, երբ նախաքննության մարմինը եւս խախտում է այդ 9 ամիսը եւ պահում է ավելի շատ։ Գործը ի վերջո ուղարկվում է դատարան եւ այստեղ էլ չի սահմանված, թե ի՞նչ ժամկետում են դատավորները պարտավոր վարույթ ընդունել գործերը եւ նշանակել դատաքննություն։ Շատ հավանական է այս դեպքում դատավճիռը լինի ոչ ավելի, կամ ավելի պակաս, քան ինքը կրել է այդ կալանավորման ժամկետում անազատությունը։ Նույն ժամկետը տրվելու դեպքում էլ, էլի կարող ենք ասել, որ մեկուսարանում գտնվողի իրավական վիճակն անորոշ է։ Հավատաց նում եմ, որ դատապարտյալի համար վիճակը շատ ավելի տանելի է, քան մեղադրյալի կամ կասկածյալի։ Ահա թե ինչու են մարդիկ գերադասում մեկուսարանից տեղափոխվել ազատազրկման վայր։
– Պրն Ավագյան, ի՞նչ վիճակագրություն մատուցվեց Ձեզ։
– Այսօր Վրաստանում կա 8000 դատապարտյալ (Ադրբեջանում՝ փաստացի 18 հազար), որից 1000-ը կանայք են։ Դրան գումարած 2000 նախնական կալանքի տակ գտնվողները (նույնքան էլ Ադրբեջանում կան)։ Դատապարտյալ կանանց 60%-ը դատապարտվել է նարկոբիզնեսի համար։ (Աշխատանք չկա եւ որոշ կանայք էլ հանապազօրյա հացը վաստակում են Թուրքիայում՝ զբաղվելով առեւտրով եւ առավել հին արհեստով)։ Էլ չխոսենք ՈւԱՀ-ի մասին, որտեղ աշխատանք հասկացությունը վաղուց դուրս է եկել շրջանառությունից։ Կալանավորների «ձանձրանալը» ադմինիստրացիայի համար բավական լուրջ պրոբլեմներ է ստեղծում՝ հսկողությունն ուժեղացնելու առումով։ Քութայիսում ասացին, որ գրանցվել էին փախուստի փորձեր, բարաքի հատակը փորել էին 30 մետր երկարությամբ… 25 հոգի փախուստի փորձի համար դատապարտվել էին։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Շարունակելի