ԴԱՐՁՅԱԼ ՀԱՂԹԵՑ ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆԸ «Լիցենզավորման մասին» օրենքը չընդունվեց Կառավարության բախտը երեկ ակնհայտորեն չբերեց. Ազգային ժողովը տապալեց կառավարության ներկայացրած օրենսդրական նախագծերը։ Ընդամենը 3 ձայն պակասեց, որպեսզի ընդունվեին «Լիցենզավորման մասին» օրենքը եւ «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններն ու լրացումները։ «Լիցենզավորման մասին» օրենք-նախագիծը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն իր ելույթում նշեց, որ դեռեւս կառավարությունում ընթացող քննարկումների ժամանակ լուրջ լոբբիզմ կար օրենքի նախագիծը չընդունելու ուղղությամբ, որն էլ տեղափոխվել է խորհրդարան։ Արդարադատության նախարարի կարծիքով, ներկայումս լիցենզավորման առնչությամբ օրենսդրական դաշտը խճճված է, որն էլ պարարտ հող է ստեղծում կոռուպցիայի համար։ Իսկ այս օրենքը՝ Դավիթ Հարությունյանի հավաստմամբ, կառավարությունը դիտում է որպես հակակոռուպցիոն պայքարի կարեւորագույն քայլերից մեկը։ Արդարադատության նախարարը չցանկացավ այդ օրենքի ընդունման դեմ պայքարողների թվում տեսնել իր գործընկեր-նախարարներին՝ համարելով, որ կառավարությունն այդ ուղղությամբ արդեն քաղաքական կամք դրսեւորել է։ Նրա կարծիքով, չինովնիկական ստորին խավը, որը եւ իբր օգտվում է օրենսդրական խառնաշփոթից՝ պետք է փորձեր լոբբիզմ անել։ Դժվար է ասել, թե չինովնիկական ստորին խավը ինչպիսի ազդեցություն ունի պատգամավորների վրա (իսկ եթե իսկապես ստորինները կարողանում են ազդել վերիններին՝ կեցցեն ստորինները), բայց այս օրենքի նախագիծն ակնհայտորեն դուր չէր եկել նախկին «Կայունություն» խմբի անդամներին, որոնք էլ երեկ խորհրդարանին թելադրեցին իրենց ուզած եղանակը։ Հետաքրքիր է, որ «Լիցենզավորման մասին» օրենքի նախագծին դեմ որեւէ ելույթ չեղավ, ընդամենը երկու պատգամավոր ելույթ ունեցան, երկուսն էլ սկզբունքորեն կողմ էին, սակայն օրենքն այդպես էլ չընդունվեց։ «Սա մի բանի մասին է խոսում. այո՛ կան շահեր, այո՛, կան խմբեր, որոնք հմտորեն օգտագործում են իրավական դաշտի հակասությունը եւ այսօր փորձում են ճնշումներով կամ լոբբիստական գործունեությամբ տապալել օրենքը։ Ես քաղաքական գնահատական չէի ուզենա տալ, կան կոնկրետ խմբի շահեր (…) Ես չեմ ուզում գնահատականներ տալ, բայց սա անընդունելի մոտեցում է»,- նշեց արդարադատության նախարար Հարությունյանը։ «Լիցենզավորման մասին» օրինագծով կառավարությունը փորձում էր հստակ իրավական դաշտ ստեղծել, որը, չնայած իր ծավալայնությանը, զերծ կմնար չինովնիկների կամայականություններից։ Ներկայումս լիցենզավորվում են գործունեության 150 ոլորտներ, այս օրենքով դրանց թիվը գրեթե կեսով պակասեցվելու էր եւ հասցվելու 78-ի։ Հանվել են այն ոլորտները, որտեղ որեւէ առնչություն չկա մարդու առողջությանը, բնապահպանական խնդիրներին։ Ցանկից հանվել է նաեւ սննդի արտադրությունը, քանի որ, օրենքի հեղինակների կարծիքով, պարտադիր սերտիֆիկացում ստացող սուբյեկտները (իսկ սննդի արդյունաբերությունը այդպիսին է) կարիք չունեն եւս մի, այս դեպքում՝ ավելորդ, տեղեկանք ներկայացնելու։ Սահմանափակվելու էր նաեւ լիցենզիայի իրավունք տվող գերատեսչությունների թիվը, օրենքի նախագծով այդ իրավունքը վերապահված էր կառավարությանը, վերջինիս կողմից լիազորված մարմնին. էներգետիկ եւ արժեթղթերի հանձնաժողովներին։ Այս ամենը, թերեւս, գոնե թղթի վրա կլիներ, եթե դարձյալ չհաղթեին ախպերական շահերը։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ