Գուլիեւը դատի է տալիս Քոչարյանին Ադրբեջանում քարոզչական հիստերիան շարունակվում է «Հայ-ադրբեջանական կոնֆլիկտում Ադրբեջանը Թուքիայի աջակցության կարիքն ունի»,- ըստ «Թուրան» գործակալության, երեկ Թուքիայի խորհրդարանում հայտարարեց Հեյդար Ալիեւը: Նրա կարծիքով, Հայաստանը պատերազմով է սպառնում ոչ միայն Ադրբեջանին, այլեւ Թուրքիային՝ այլ երկրների թողտվությամբ Հայաստանը դարձել է առավել ամբարտավան եւ հավակնում է Կարսին, Արդահանին եւ Նախիջեւանին: Ալիեւը ընդգծեց Թուրքիայի հետ ռազմավարական եւ քաղաքական համագործակցության ուժեղացման անհրաժեշտությունը: Նույն գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը նշեց, որ փարիզյան բանակցությունները որեւէ արդյունք չտվեցին այն պատճառով, որ Հայաստանը ցանկանում է բռնազավթել Լեռնային Ղարաբաղը: Նա ընդամենը «բարի ցանկություն» անվանեց Ժակ Շիրակի հայտարարությունն այն մասին, որ կոնֆլիկտը հնարավոր է լուծել մինչեւ այս տարվա վերջ: Ադրբեջանը, Գուլիեւի խոսքերով, պատրաստ է գնալ փոխզիջումների եւ տալ Ղարաբաղին բարձր կարգի ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Պաշտոնական Բաքուն երաշխավորում է նաեւ ԼՂ անվտանգությունը եւ նրա բնականոն կապերը Հայաստանի հետ: Սակայն, ըստ Գուլիեւի, Ադրբեջանի համար անընդունելի են Ադրբեջանի եւ Ղարաբաղի հավասար ինքնիշխանությունը եւ ԼՂ անվտանգության միջազգային երաշխիքները: Խոսելով ապագայի մասին, Ադրբեջանի ԱԳ նախարարը նշեց, որ բանակցությունների պոտենցիալը չի սպառվել եւ երկխոսությունը շարունակվելու է: Սակայն, Գուլիեւի կարծիքով, իր երկրի դիրքորոշումը բանակցություններում պետք է կարծր լինի: Մյուս կողմից, նա չբացառեց հարցի ռազմական լուծման հնարավորությունը՝ ասելով, որ «Հայաստանը կստանա այն, ինչ նա ուզում է՝ խաղաղություն կամ պատերազմ»: Գուլիեւը բողոքեց նաեւ խոշոր տերություններից, որոնք, իր խոսքերով աջակցում են Հայաստանին. այդ երկրներից ոչ մեկը չի ճանաչել Հայաստանը որպես ագրեսոր, ԱՄՆ-ը ուժի մեջ է թողել 907 հակաադրբեջանական բանաձեւը, Ռուսաստանը զենք է մատակարարում, Ֆրանսիան ճանաչում է հայերի Ցեղասպանությունը: Ադրբեջանի ԱԳ նախարարը հնարավոր համարեց, որ իր երկիրը դիմի ՄԱԿ-ին՝ ռազմական տրիբունալում Հայաստանին եւ Քոչարյանին դատի տալու նպատակով՝ «Խոջալուում խաղաղ բնակիչների դեմ հանցագործությունների համար»: Ըստ նրա, եկել է ժամանակը՝ դիմելու Հաագայի միջազգային դատարանին: «Ադրբեջանը պետք է ակտիվացնի իր ջանքերը այդ ուղղությամբ»,- ասաց Գուլիեւը: Մինչդեռ «Կովկասպրեսը» հայտնում է, որ ելույթ ունենալով Ադրբեջանի Միլի մեջլիսում՝ խորհդարանի խոսնակ Մուրթուզ Ալեքփերովը նշել է, որ Ադրբեջանն առայժմ պատրաստ չէ պատերազմին: