Հայաստանի ազգային սկաուտական շարժում «Հասկ» կազմակերպության կենտրոնական վարչության ատենապետ, դաշնակցական Բագրատ Եսայանի հետ զրույցից ակնհայտ դարձավ, որ թեեւ 1991-ի ապրիլին Նաիրի Հունանյանին իրոք ՀՄԸՄ-ի «Հայ արի» պաշտոնաթերթի խմբագիր նշանակելու նախաձեռնություն է եղել, բայց այն չի իրականացվել՝ մի քանի ամիս անց Նաիրի Հունանյանն արտաքսվել է ՀՄԸՄ շարքերից։
– Ինչի՞ հետեւանք էր, որ նախ հերքել էիք, թե Նաիրի Հունանյանին խմբագիր նշանակելու խնդիր է եղել։
– Թյուրիմացության պատճառն այն էր, որ «Հայ արի» անունով պաշտոնաթերթ ո՛չ Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը 1989-1995 թթ. ընթացքում, ո՛չ էլ «Հասկը» 1995 թվից մինչ այժմ չեն ունեցել։ Մենք ունեցել ենք մեկ պաշտոնաթերթ՝ «Մարզաշխարհը», որի խմբագիրը Ռոլանդ Շառոյանն էր։
Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե որեւէ կազմակերպություն կամ գործիչ նյարդայնանում է, երբ մատնանշվում է, որ Նաիրի Հունանյանը ժամանակին ինչ-ինչ աղերսներ է ունեցել իրենց հետ՝ մեր կազմակերպությունը երբեք այդպիսի նյարդայնություն չի ցուցաբերել։ 1999 թ. հոկտեմբերի 27-ի այդ ողբերգական դեպքից անմիջապես հետո թե՛ ես, թե՛ Հարություն Հարությունյանը մեր հարցաքննությունների, հետագայում նաեւ Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Ժակ Մորելյոնի այցելության ժամանակ մի քանի անգամ ասել եւ հասարակությանը ներկայացրել ենք, թե Նաիրի Հունանյանը ինչ առնչություններ է ունեցել սկաուտական շարժման հետ։
Կարդացեք նաև
– ՀՄԸՄ-ին Նաիրի Հունանյանի առնչությունները միջնորդության առիթ դարձան «Հոկտեմբերի 27»-ի դատավարության ընթացքում։ Ունե՞ք համապատասխան փաստաթղթեր, որոնք լույս կսփռեն, թե ինչու նա դադարեցրեց իր գործունեությունը ՀՄԸՄ-ում։
– Այդ միջնորդությունից հետո դիմել էինք, որ 1990-91 թվականների արխիվներից հանվեն Նաիրի Հունանյանին առնչվող բոլոր փաստաթղթերը։ Եվ մեր կենտրոնական արխիվից ստացանք այդ փաստաթղթերը Նաիրի Հունանյանի վարքի, նրա նկատմամբ մեր կազմակերպության մեջ դատական հարց ստեղծելու եւ վերջիվերջո, թե ինչու է նա արտաքսվել սկաուտությունից։ Արտաքսումն, ի դեպ, ծայրագույն եւ եզակի պատիժ է կազմակերպության ավելի քան 80-ամյա գործունեության մեջ։
– Այսինքն, պատժի այդ ձեւին միայն Նաիրի Հունանյա՞նն է արժանացել։
– Նրանից առաջ եղել են կազմակերպությունից հեռացումներ, բայց այս արտաքսումը իմ հիշած միակ դեպքն է։ (Ըստ այդ փաստաթղթերից մեկի՝ ՀՄԸՄ Երեւանի մասնաճյուղի վարչության ատենապետ Նաիրի Հունանյանն օտար սկաուտական կազմակերպությունների եւ այլ հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ իր իրավասությունից դուրս առնչություններ է ունեցել, որոնց վերաբերյալ «Պատասխանատու մարմնիս բոլոր հարցադրումներին պատասխանել է ոչ լրիվ տեղեկատվությամբ».- Ա. Ի.)։
– Չնայած Ձեր պնդումներին, թե ՀՅԴ-ի եւ սկաուտության մեջ որեւէ կապ չկա, հրապարակվեց ՀՄԸՄ պատգամավորական 5-րդ ժողովին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի ողջույնի խոսքը. «Դաշնակցութիւնը ձերն է եղած. Դաշնակցութիւնը միշտ ձեզ հետ է եւ այն վստահութեամբ, որ դուք ալ միշտ Դաշնակցութեան հետ էք, Դաշնակցութեան գաղափարականին հետ»։
– Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Սփյուռքում ՀՄԸՄ-ն, Դաշնակցությունը, ինչպես նաեւ շատ այլ կազմակերպություններ հետապնդել են հայապահպանման գաղափարներ, բայց եւս մեկ անգամ նշեմ, որ կազմակերպական որեւէ առնչակցություն ՀՄԸՄ-ն եւ Դաշնակցությունը չունեն։ Հայաստանի ՀՄԸՄ պատասխանատու մարմնի ատենապետ Գրիգոր Սուքիասյանի դեռեւս 1991-ի նոյեմբեր-դեկտեմբերին հրապարակված խոսքից. «ՀՄԸՄ-ի առաջնահերթ նպատակն է պատանիներին եւ աղջիկներին տալ ազգային դաստիարակություն։ Քաղաքական որեւէ շարժման չի՛ մասնակցում, քաղաքական որեւէ ուղղվածություն չունի, որեւէ միտում չունի՛ եւ քաղաքական որեւէ գործունեություն չի ծավալում»։ Մեր ընդհանուր պատգամավորական ժողովներին կամ այլեւայլ մեծ միջոցառումներին ուղերձներ են հղել ոչ միայն դաշնակցականներ։
1996-ին, երբ Հայաստանում տեղի էր ունենում ԱՊՀ սկաուտական կազմակերպությունների առաջին բանակումը, մեզ ուղերձով դիմեց նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը։ 1997-ին սկաուտությանն աջակցող պատգամավորների համաշխարհային կոնֆերանսին մասնակցել է մշակույթի փոխնախարար Արամ Մանուկյանը։
– Իսկ նրանք իրենց ողջույնի խոսքում ասո՞ւմ էին. «ՀՀՇ-ն ձերն է, ՀՀՇ-ն միշտ ձեզ հետ է եւ այն վստահությամբ, որ դուք էլ միշտ ՀՀՇ-ի հետ եք, ՀՀՇ-ի գաղափարականին հետ»։
– Ես չեմ համարում, որ ՀՀՇ-ն այն աստիճանի գաղափարականացված կազմակերպություն է, որ որեւէ մեկը կարող է իրենց հետ լինել։ Քաղաքական որեւէ ձեռնարկի մասնակցում ենք այնքանով, որքանով դա նպաստում է ազգայինին։ Եվ եթե ոմանց համար կասկածելի է Դաշնակցության ազգային լինելը՝ մեզ համար դա կասկածելի չէ։
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ