Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՆԱՍԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Մարտ 13,2001 00:00
Minas Avetisyan

Օրերս «Գոյակ» մշակութային ակումբում ցուցադրվեց ռեժիսոր Արա Շիրինյանի «Մինասի առեղծվածը» փաստագրական տեսաֆիլմը։ Սցենարի հեղինակն է Գոհար Հարությունյանը։ Ֆիլմը լրագրողական հետաքննություն է եւ կոմերցիոն նպատակ չունի։ Այն կցուցադրվի նաեւ Հանրային հեռուստատեսությամբ՝ մարտի 15-ին։ Բացակայում է հեղինակային խոսքը. ֆիլմը հիմնված է կոնկրետ փաստերի վրա։

Ֆիլմի ստեղծման ընթացքում դժվարությունները մեծ պատնեշ են հանդիսացել։ Հեղինակներն անընդմեջ հետապնդվել են։ Ֆիլմի ստեղծմանը պետք է մասնակցեր նաեւ այն ժամանակվա ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը, որի նախաձեռնությամբ 1994թ. վերսկսվեց Մինասի գործի հետաքննությունը, բայց… «Մի երկուշաբթի օր նա անհայտացավ»։ 1997թ. նախարարը փոխվեց, տրամադրվեցին արխիվային փաստաթղթեր, որոնց ուսումնասիրության ընթացքում թույլատրված էր միայն ընթերցել, բայց հեղինակներին հաջողվել է մի քանի կադր նկարահանել։

1975թ. փետրվարին ավտովթարի զոհ դարձած նկարիչ Մինաս Ավետիսյանի մահը կասկածներ առաջացրեց հասարակության մեջ։ Դրանից 6 տարի առաջ ավտովթարից զոհվել էր Պարույր Սեւակը։ Կանխամտածված սպանությո՞ւն էր, թե՞ դժբախտ պատահար։ Մինասի առեղծվածային մահը երբեւիցե կբացահայտվի՞ արդյոք, կտրվի՞ պատասխան ջաջուռցիների հարցին. «Մեր տղին ինչի՞ սպանեցիք»։ Ֆիլմում ներկայացված է Մինասի ժամանակաշրջանը, երբ տիրում էր համատարած վախի մթնոլորտ, բոլորը տարված սոցիալիստական գաղափարախոսությամբ՝ Լենին էին նկարում։ Մինասին էլ առաջարկվեց նկարել պրոլետարիատի մեծ առաջնորդին, ինչին նա պատասխանեց. «Լենինը Ապոլոնը չի, որ նկարեմ։ Նկարիչը բեռնակիր համբալ չի, որ ինչ բեռ դնեն ուսերին՝ տանի»։ 1960թ. ավարտելով Լենինգրադի ակադեմիան՝ եկավ Երեւան, որտեղ եւ սկսվեց ստեղծագործական վերելքը։ 1962թ. Նկարիչների միությունում բացվում է «5-ի ցուցահանդեսը», որոնք ներկայացնում էին «մաքուր» արվեստ։ Նրանց մեջ էր նաեւ Մինասը։ 1972թ. բացվեց Ժամանակակից արվեստի թանգարանը, որը միակն էր ԽՍՀՄ-ում եւ նախկին սոցիալիստական երկրներում։ Թանգարանի մասին արտասահմանյան հյուրերն ասում էին, որ եթե Մոսկվայում բացվեր այսպիսի թանգարան, ապա կես ժամ հետո կփակվեր։ Մինասը թանգարանին նվիրում է 6 կտավ։

Նա իր տաղանդով խանգարում էր շատ մարդկանց։ Նրան նախանձում էին։ Անստորագիր նամակները, որոնք Մինասին պարտադրում էին հեռանալ հայրենիքից, արվեստանոցի հրդեհը, որի ընթացքում ոչնչացավ 100 կտավ, համոզում են, որ Մինասի մահը բոլորովին էլ դժբախտ պատահար չէր։ Երբ այրվեց արվեստանոցը, Մինասն առաջին անգամ լաց եղավ. «Ավելի լավ էր Պարույրի նման գնայի, իմ գործերը մնային»։ Նա էլ մյուս հանճարեղ արվեստագետների նման կանխազգում էր իր մահը. «Մեռնելուց չեմ վախենում, քիչ ապրելուց եմ վախենում»։

ՆԵԼԼԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031