Լրահոս
Օրվա լրահոսը

Հարված թիկունքից

Մարտ 13,2001 00:00
qnnutyun

Մինչ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը Գիտելիքների գնահատման անկախ կենտրոնի ստեղծման ծրագիրն է մշակում, ԱԺ պատգամավորները չնախատեսված անակնկալ մատուցեցին՝ բուհերի ընդունելության հին ու բարի եղանակին վերադառնալու իրենց մտադրությամբ։ Եթե քննությունների անցկացման իրավունքը բուհերին տալու՝ օրենսդիրների մտադրությունն օրենքի ուժ ստանա, ԿԳ նախարարության վերջին ամիսների ողջ աշխատանքը ջուրը կընկնի, եւ ստիպված պիտի լինեն ընդունելության նոր կանոններ եւ կանոնակարգող այլ փաստաթղթեր մշակել։

Հրապարակային ելույթներում բուհերի ռեկտորները հիմնականում կողմ են քննությունների կենտրոնացված համակարգին։ Այնպես որ, դժվար է պնդել, թե սա ռեկտորների լոբբինգի արդյունք է՝ թեեւ որոշ բուհերի ռեկտորներ (ԵՊՀ, ԵՃՇՀ) չեն թաքցնում այս հարցում ինքնուրույն լինելու իրենց ցանկությունը։ Մյուս կողմից կարելի է ենթադրել, որ ԱԺ պատգամավորների գործն էլ է հեշտանում։ Տարատեսակ միջնորդությունների համար միանգամից ռեկտորներին կդիմեն։ Կենտրոնացված համակարգի դեպքում միջնորդությունների մակարդակն ավելի բարձր է։

Ի պատասխան «Առավոտի» դիտարկմանը, թե արդյո՞ք պատգամավորները այս որոշմամբ չեն ցանկանում իրենց համար ավելի վերահսկելի դարձնել քննությունները՝ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող առարկել այդ մտավախության դեմ, որովհետեւ կարող է՝ այդպիսի մտայնություն ունեն։ Ժամանակը կգա, կտեսնենք»։ Պրն Ավետիսյանը նաեւ նկատեց, որ ԱԺ պատգամավորները երբեւէ չեն մեկուսացվել քննություններից եւ մասնակցել են դրանց տարբեր կարգավիճակներով (դիտորդի, լիազոր ներկայացուցչի եւ այլն)։ ԱԺ պատգամավոր Մանվել Բադալյանը, որ այս նախաձեռնությունը պաշտպանած պատգամավորներից է, երեք տարի որպես լիազոր մասնակցել է կենտրոնացված քննություններին եւ, ըստ փոխնախարարի՝ «այսօր է ելույթ ունենում, թե դա ընդունելի ձեւ չէ»։

ԱԺ-ն հաճախ է իր լիազորություններն օգտագործում այս կամ այն պաշտոնյային խրատելու, չարդարացված սպասելիքների համար պատժելու նպատակով։ Հիշենք թեկուզ ՀԲ-ի դասագրքերի «ապազգային» ծրագիրը սառեցնելու նախորդ տարվա կոչերը, որի հիմքում որոշ մարդկանց՝ դասագրքերի մրցույթից բաժին չստանալու դժգոհությունն էր։ Հարցին՝ կարո՞ղ է սա էլ նման դեպք լինել՝ Արա Ավետիսյանն ասաց. «Ես կարծում եմ՝ այս դեպքում մենք գործ չունենք նման մոտեցման հետ, որովհետեւ 83 պատգամավոր էր «կողմ» քվեարկել այս նախագծին։ Ավելի շատ մենք գործ ունենք նրա հետ, որ մարդիկ, լավ չպատկերացնելով գործառույթները, ողջ գործընթացը, տուրք են տալիս զգացմունքային որոշման»։

Իսկ այս որոշման հետեւանքների մասին ավելի մանրամասն՝ մեր վաղվա համարում։

Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031