Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վախը շրջանցելով

Մարտ 13,2001 00:00
parajanov

Օրերս մշակութային դաշտում հայտնվեց մի հրաշալի գիրք՝ «Սերգեյ Փարաջանով՝ նամակներ գաղութից», որը պատրաստել եւ հրատարակել են Ս. Փարաջանովի թանգարանը, Հայաստանի Ազգային ֆիլմադարանը՝ ի դեմս գրքի նախագծի հեղինակ եւ գլխավոր խմբագիր Գարեգին Զաքոյանի, եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղը։

Վերջին տարիներին «գրանտներ» ստանալը կամ «ձեռք գցելը» դարձել է շատերի սիրելի զբաղմունքը։ Եվ հաճախ այդ գրանտներով մանր-մունր սեմինարներ, ժողովներ են կազմակերպվում կամ մի օրվա անհրաժեշտության բրոշյուրիկներ տպագրվում։ «Նամակներ գաղութից» գիրքը ծավալուն ու անգնահատելի մի աշխատանք է։ Ընդգրկված են 190 նամակներ, որ գրել է Փարաջանովը գաղութից եւ ճամբարներից՝ 1974-77թթ.։ Գիրքը կազմել են Գ. Զաքոյանը, Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, Վ. Նավասարդյանը, Ի. Համբարձումյանը, Լ. Ղուկասյանը եւ այլք։ Գիրքը հարուստ է նաեւ լուսանկարներով, Փարաջանովի՝ գաղութից ուղարկած նամակների ձեւավորումներով, կոլաժներով, նկարներով։ Ընդ որում, այս մեծ աշխատանքին մեծ աջակցություն է ցուցաբերել Փարաջանովի կինը՝ Սվետլանա Շչերբանտյուկը։

Գրքի միջոցով ընթերցողը ճանաչում է ոչ միայն Փարաջանով կերպարին, արվեստագետին, երեւույթին ու մարդուն, այլեւ մեծ արվեստագետների ու անհատականությունների, ինչպիսիք են Լիլիա Բրիկը, Կիրա Մուրատովան, Վ. Քաթանյանը, Գայանե Խաչատրյանը, Մ. Պլիսեցկայան, Ա. Տարկովսկին եւ այլք։ Ավելի մանրամասն է ներկայանում սովետական բանտային ռեժիմի պատկերը։ Նամակների ժամանակային հաջորդականությամբ ընթերցումը նկատելի է դարձնում Փարաջանովի անհանգստությունները, երբ իրեն թվում էր, թե այլեւս գաղութից դուրս չի գա։ Նա մի նամակում գրում է, թե բանտում կմնա ամբողջ ժամկետով. «…Ես, ամենայն հավանականությամբ, չգիտեմ ինչի համար եւ որքան պետք է նստեմ։ Ես իմ մեղավորությունն ընդունել եմ եւ պետք է մեկ տարի նստեի։ Սակայն ես դատապարտված եմ հինգ տարով։ Առգրավված է իմ բնակարանը եւ աստիճանազրկված եմ նկարչի եւ տղամարդու կոչումից. բայց կարեւորը դա չէ։ Կարեւորը՝ ի՞նչ կլինի հետո։ Ինչ կլինի Սվետլանայի ճակատագիրը, տղայիս եւ իմ արվեստի, որը ես դեռ չեմ արտահայտել էկրանին՝ իր ողջ չափերով»։ Նա գիտակցում էր, որ բանտում նստելու համար պետք է ուժեր հավաքի, եւ դրանում օգնում էին ընկերների ու հարազատների նամակները, որոնց բոլորին պատասխանելիս Փարաջանովը խնդրում է. «Խնդրում եմ՝ խնայեք ձեզ»։

75թ. նամակներից մեկում Փարաջանովը իր հարազատներին պատմելով համակենտրոնացման ճամբարի ունայնության մասին, գրում է. «Այստեղ խնդիրը շքեղության մեջ չէ, այլ ժամանակին ճաշին հասնելն է եւ զուգարանի հերթ զբաղեցնելը։ Մաքրվել եւ սափրվել։ Այդ պատճառով, խնդրում եմ, ներող լինեք, որ չեմ կարող բառեր եւ ժամանակ գտնել եւ երկար ու բարի նամակ գրել ձեզ, որին դուք բոլորդ արժանացել եք։ …Այստեղ ես ընտելացել եմ։ Դա Բոսխ+Դանթեն է։ Սա անդրշիրիմյան աշխարհն է։ Եվ այն հրաշալի է, քանի որ ես նաեւ կողքից հետեւում եմ բոլորին։ Դա իրենց ջղայնացնում է։ Ես այստեղ պատահական եմ եւ օտար։ Շուտով իրենց համբերությունը կհատի, իսկ ինձ մոտ՝ արտիստիզմը, եւ իրենք ինձ կվերացնեն»։

Բանտային վերջին տարիների նամակները, պատահական չէր, որ սկսում էր այս խոսքերով՝ «Ես ողջ եմ։ Առողջ եմ»։

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031