Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջվում է մեղադրյալ

Մարտ 13,2001 00:00
Vardan petrosyan

«Հայոց տուն» ազգային-հայրենասիրական միությունը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ Պարույր Հայրիկյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար, քանզի, ըստ դիմումատուների, ս.թ. փետրվարի 15-ի ասուլիսի ժամանակ նա վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի գործունեությանը, անվանը։

Գլխավոր դատախազի փոխարեն, չգիտես ինչու, «Հայոց տուն» կազմակերպությանը պատասխանում է (5/27 գրությամբ) Պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Ա. Բադալյանը, որը «պարզաբանման կարգով» Կարեն Դեմիրճյանի անվան սկզբնատառն է նախ աղավաղում (գրված է «Դ. Դեմիրճյան») եւ ապա շարունակում. «Ասուլիսի ժամանակ Դ. Դեմիրճյանի եւ Վ. Սարգսյանի հասցեին արված վիրավորական արտահայտությունների կապակցությամբ նրանց պատվի եւ արժանապատվության պաշտպանությունը շահագրգիռ անձանց պահանջով կարող է իրականացվել դատական կարգով…»։ Մենք երեկ դիմեցինք «Հայոց տուն» միության նախագահ Վարդան Պետրոսյանին.

– Նշանակում է՝ Հայրիկյանի հարցով ա՞յլ քայլերի եք դիմելու…

– Ոչ։ Քանի որ Հայրիկյանն այլեւս քաղաքական դիակ է։

– Պրն Պետրոսյան, դուք պահանջում եք նաեւ քրեական պատասխանատվության կանչել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սուրեն Աբրահամյանին, Աղվան Հովսեփյանին…

– Այո, մենք դիմել ենք գլխավոր դատախազին պահանջով՝ քննության առնել նշված անձանց դերը հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածում եւ հանցակազմի առկայության դեպքում նրանց քրեական պատասխանատվության կանչել։ Նրանք պետք է պատասխան տան առնվազն ծառայողական անփութության եւ հանցավոր անգործության համար։

– Ինչպե՞ս եք հիմնավորում Ձեր բողոքը։

– Կ. Դեմիրճյանի եւ Վ. Սարգսյանի օրոք Ռոբերտ Քոչարյանն ինքն իրեն դիտորդ անվանեց։ Բայց դիտո՞ւմ էր նա, թե՞ նշան բռնում։ Ազգային անվտանգության նախարարը նույնպես դիտորդ էր։ Եթե գիտեր ոճրագործության նախապատրաստման մասին՝ ինչո՞ւ միջոցներ չձեռնարկեց։ Եթե… չգիտեր՝ ինչո՞ւ չգիտեր։ Եթե մեղավոր չէր, ինչո՞ւ պաշտոնանկ արվեց։ Իսկ եթե մեղավոր էր, ինչո՞ւ առաջ քաշվեց՝ բանակը տրվեց։ Մի շենքի անվտանգությունը չապահովող պաշտոնյան ինչպե՞ս է ապահովելու պետություն-շենքի անվտանգությունը։ Ս. Աբրահամյանը ոչ թե ինքնակամ պետք է հեռանար, այլ այն երկու ամբաստանյալ ոստիկանների հետ դատի պիտի տրվեր՝ ծառայողական պարտքը չկատարելու համար։ Ա. Հովսեփյանն էլ էր դիտորդ։ Եթե Հովսեփյանը մեղք չուներ, ինչո՞ւ հեռացվեց պաշտոնից։ Իսկ եթե ուներ՝ ինչո՞ւ ստանձնեց տեղակալ-դատախազի պաշտոնը։

– Ըստ էության, պրն Պետրոսյան, Ձեր բողոքը չի՞ բավարարվել։

– Մեր բողոքը հունվարի 10-ից գտնվում է զինդատախազությունում։ Բողոքը ոչ բավարարվում է, ոչ՝ մերժվում։ Այսինքն, ոչ քրեական գործ է հարուցվում, ոչ էլ հարուցումը պատճառաբանված մերժվում։

– Պահանջվում է մեղադրյա՞լ։

– Կամաց-կամաց «հիշում» են Վաղարշակ Հարությունյանին, Ալբերտ Բազեյանին, շրջանառության մեջ է մտել Վազգենի շրջապատը, որոնք կամ զոհ պետք է դառնան, կամ նոր Ջհանգիրյան ու արդեն ուղղակի հարվածով կրակ կարձակեն «զինաթափված» մենակության մեջ հայտնված գլխավոր պահանջատերերի վրա… Այլ կերպ ասած, հոկտեմբերի 27-ի ոճրագործության սկիզբը հաշվում են… հոկտեմբերի 28-ից։ Հարցազրույցը՝

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031