Հովհաննես Դավիթի Բարսեղյանը կալանքի տակ է 1999թ. հունիսի 14-ից։ Հովհաննեսը ծառայել է Տավուշի մարզի Ոսկեւան գյուղի հենակետում։ 1999թ. մայիսի 1-ին, ըստ մեղադրանքի, Հ. Բարսեղյանի հրացանի դիպուկ կրակոցից մարմնական վնասվածք ստացավ զինծառայող Արման Պետրոսյանը, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացավ։
Հետաքրքիր է, որ երեք զինծառայողներ՝ Անդրանիկ Դարբինյան, Վահան Շահինյան, Արմեն Մինասյան, այդ նույն ժամանակ կրակելիս են եղել «ինչ-որ առարկայի» վրա…
Քրեական գործ հարուցվեց Հ. Բարսեղյանի նկատմամբ, որի քննությունը տեղի ունեցավ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում։ Անցյալ դեկտեմբերի 15-ին զինվորը դատապարտվում է 2 տարի «ժամանակով» (ձեւակերպումը դատարանինն է), իսկ քրգործի մասը 100 հոդվածով վերադարձվում է լրացուցիչ նախաքննության։
Մեղադրողները (զինդատախազություն) վերջին դեպքում համաձայն չլինելով դատարանի որոշմանը, վերաքննիչ բողոք են բերում։ Նույն այդ բողոքի դեմ առարկություններ են բերում Հովհաննեսի 2 պաշտպանները՝ փաստաբաններ Ս. Մինասյանն ու Ս. Գրիգորյանը, խնդրելով մեղադրողների բողոքը թողնել առանց բավարարման։
Կարդացեք նաև
«Հելսինկյան ընկերակցության» նախագահ Մ. Դանիելյանը դիմելով ՀՀ զինդատախազ Գ. Ջհանգիրյանին՝ պահանջում է «հսկողության տակ վերցնել Հովհաննես Բարսեղյանի գործը»՝ կոչ անելով զինվորական դատախազությանը հրաժարվել ակնհայտ անհիմն մեղադրանքից։ «Հակառակ դեպքում մենք մեզ իրավունք ենք վերապահում այս գործի հանգամանքներին ծանոթացնել Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովին եւ այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների»։
Քրեական գործերով վերաքննիչ դատարանն էլ այս փետրվարի 20-ին (Ժ. Հովսեփյան, Ռ. Ափինյան, Մ. Պետրոսյան կազմով) լրացուցիչ նախաքննության ուղարկելու մասին առաջին ատյանի որոշումը բեկանելու եւ գործի մասը վերադարձնել նույն դատարան` այլ կազմով նոր դատաքննություն կատարելու որոշում կայացրեց։ «Նույն դատարանի» նախագահն է եղել վերոնշյալ որոշման հեղինակը, դատաքննությունն անցկացողը, «այլ կազմն» էլ իր ենթակայության տակ գործող դատավորներն են լինելու։ Մնում է պարզապես կռահել, թե ինչ է նշանակում գործի ետ վերադարձնելը «նույն դատարան» ասելով։ Այն տպավորությունն է, թե զինդատախազությունը փորձում է մեղադրանք-Հովհաննեսին թողնել դատարանի վրա, վերջիններս էլ մեղադրանք-Հովհաննեսին «գլորում» են զինդատախազության վրա։ Դատարանը, օրինակ, արձանագրել էր, որ «անհրաժեշտ է հարցաքննել հրամանատարությանը»։ Մեղադրող Ա. Մազմանյանն էլ, մեղմ ասած, հասկացրել էր դատարանին, թե եթե հարցաքննել էիր ուզում, անեիր… դատարանը գտել էր, որ «ոչ բոլոր անձինք են կանչվել քրեական պատասխանատվության», փոքր- ինչ խայթելով զինդատախազության ինքնասիրությունը։ Ի դեպ, Գուգարքի կայազորի զինվորական դատախազի օգնական Ա. Մազմանյանը իր վերաքննիչ բողոքում ընդունում է կարծես… խայթոցները, գրելով (սակայն այդպես էլ չհրաժարվելով մեղադրանքից). «Սակայն նախաքննությամբ եւ դատաքննությամբ կոնկրետ Ա. Պետրոսյանի վրա կրակողին տեսնելու վերաբերյալ որեւէ որոշակի ապացույցներ ձեռք չեն բերվել եւ հայտնի չէ, թե դատարանը որտեղից է եզրակացրել, թե նշված 3 զինծառայողները (Ա. Դարբինյան, Վ. Շահինյան, Ա. Մինասյան) տեսել են կրակողին, ուստի եւ նրանց արարքին այդ պահով չէր կարող տրվել իրավական գնահատական»։ Հետեւում է. «Հելսինկյան ընկերակցությունը» եկավ այն խորին համոզման, որ մեղադրանքը որեւէ կերպ հիմնավորված չէ եւ հենց ինքը մեղադրող կողմն է ընդունում, որ արարքը հիմնավորող ուղղակի ապացույցներ չկան, ավելին՝ հանցագործության կատարումը Հովհ. Բարսեղյանի կողմից չի հիմնավորվում նույնիսկ անուղղակի ապացույցներով»։
Նախաքննության ուղարկելով, դատարանը (որն այնուհանդերձ չի գնացել ռիսկի) անհրաժեշտ է համարել կատարել մի շարք քննչական գործողություններ, առերեսումներ, դեպքի պարագաների, հանգամանքների վերականգնում, ինչն իր վրայից գցել է նախաքննական մարմինը։ Այս սպանության շարժառիթ կարող էր դառնալ տուժողի իրավահաջորդի այն հայտարարությունը, որ զինծառայողների միջեւ վեճը հրահրել է սպա Ա. Անդրեասյանը, որը նրանց ուղարկել է անասուններ գողանալու («Կովերի միսը վաճառելու եւ գումարի հարցով վեճ է առաջացել»), չնայած շրջանառության մեջ մնում են «հակառակորդի կողմից» ու պատանդի կարգավիճակում մնացած Հովհաննեսի կրակոցները։
Ռ. Մ.