«Ապրիլի 14-ին մեր Երեւանն այլ տեսքով կներկայանա երեւանցիներին»,- երեկ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը՝ եթե, իհարկե, այն ինչ իրենք ծրագրել են՝ կարողանան հավուր պատշաճի կատարել։
Հիշեցնենք, որ նման մի հայտարարություն էլ ժամանակին արել է նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանը, երբ պաշտոնավարության առաջին ամսին հայտարարեց՝ «մայիսին Երեւանը էականորեն կտարբերվի էսօրվա Երեւանից»։ Թե ինչով ավարտվեց Վանո Սիրադեղյանի պաշտոնավարությունը քաղաքապետի պաշտոնում՝ բոլորին է հայտնի։ Սա, իմիջիայլոց։
Իսկ առայժմ, չսպասելով պաշտոնավարության 100-րդ օրվան, քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը շտապեց մամլո ասուլիսը հրավիրել պաշտոնավարության 60-րդ օրը։ Նա լրագրողների հետ հանդիպումը հատկապես այս պահին էր կարեւորել, քանի որ առաջիկայում քաղաքապետարանն անցկացնելու է քաղաքի մաքրման, բարեկարգման եւ կանաչապատման միամսյակ։ Այս միամսյակի անցկացման համար քաղաքապետը մրցանակներ է սահմանել համայնքներին, նախարարություն-գերատեսչություններին, համատիրություններին (վերջիններիս նաեւ դրամական), ինչպես նաեւ լրատվամիջոցներին։ Ի դեպ, ի պատասխան «Առավոտի» այն հարցին, թե ԶԼՄ-ներին ի՞նչ սկզբունքով եք սահմանելու՝ միամսյակը առավել գովաբանելո՞ւ, թե՞ քննադատելու համար՝ քաղաքապետ Նազարյանը նշեց, թե ով իր հրապարակումներով հավասար կնպաստի քաղաքի բարեկարգմանը։
Երեւանի խորհրդի որոշմամբ հաստատված քաղաքապետարանի 2001թ. գործունեության ծրագրից Ռոբերտ Նազարյանն առանձնացրեց 2 բաժին՝ 2001- 2002թթ. ծրագրի մշակումն ու ներկայացումը, եւ 2-րդը՝ օրենսդրական դաշտի ապահովումը։ Վերջինիս հաստատմամբ կսահմանվի Երեւանի կարգավիճակը, կհստակեցվի քաղաքապետարանի փոխհարաբերությունները ֆեդերալ կառույցների հետ։ 2001թ. գործունեության ծրագրի ընդհանուր արժեքը 7 մլրդ 400 մլն դրամ է: Նշենք, որ ֆինանսավորումը իրականացվելու է տարբեր աղբյուրներից՝ պետբյուջեից, համայնքային բյուջեից, վարկերից, գրանտներից եւ այլն։ Քաղաքապետը քաղաքի բարեկարգման գործում կարեւորեց նաեւ արտաքին լուսավորման հարցը. նրա պնդմամբ՝ արդեն 14 փողոց լուսավորվել է։ Իբրեւ շինարար՝ Ռոբերտ Նազարյանը ցավով նշեց, որ շինարարությունում ավելի շատ անելիք ունեն, քան մնացած բոլոր բնագավառներում։ «Որովհետեւ վերջին 10 տարիների ընթացքում, չունենալով համապատասխան կանոնակարգված դաշտ քաղաքաշինության եւ հողահատկացումների բնագավառում՝ առանձին դեպքերում տուրք ենք տվել մեր պատվիրատուների ճաշակին, նախասիրություններին, ոչ թե քաղաքաշինության նորմերին»,- նշեց քաղաքապետը։ Նա տեղեկացրեց, որ այլեւս առանձին հայտերով շինարարության թույլտվություն չեն տալու, այլ մրցույթի եւ աճուրդի կարգով քաղաքապետարանն է որոշելու ցանկացած շինության կառուցումը։ Ռ. Նազարյանը կարեւորեց նաեւ Հյուսիսային պողոտայի եւ Կասկադի աջ եւ ձախ թեւերի կառուցումը։
Կարդացեք նաև
Քաղաքապետը, թեպետ համաձայնեց «Առավոտի» այն դիտարկման հետ, թե քաղաքում մեծ խնդիր է միկրոավտոբուսների եւ երթուղային գծերի մեծաթիվությունը, այդուհանդերձ դեռեւս պատրաստ չէր այդ խնդրին լուծում տալու։
Քաղաքապետի պաշտոնը նշանակովի՞, թե՞ ընտրովի պետք է լինի՝ հարցին պրն Նազարյանը պատասխանեց, որ Երեւանը պետք է դիտել իբրեւ մեկ համայնք եւ ղեկավար ընտրել ուղիղ ընտրություններով, որի դեպքում էլ քաղաքապետի լիազորություններն ավելի մեծ կլինեն, լծակներն ավելի ուժեղ։ «Սակայն, որպեսզի ես կարողանամ իմ այս ասելիքը դարձնել ավելի հիմնավոր այն ատյաններում, որտեղ ինձ պետք է լսեն, եւ ընդառաջ գնամ. ես գոնե այս մեկ տարին պետք է կարողանամ ստեղծված իմ հնարավորությունների շրջանակներում անել հնարավոր ամեն ինչ եւ ասեմ՝ սրանից հետո սրանից ավել բան մեզանից մի սպասեք»,- ասաց քաղաքապետը։
ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ