4-րդ վարչությունը՝ իշխանական «պատժիչ» օղակ Երեկ ԱԺ «Հայաստան» խմբի պատգամավոր եւ «Դեղագործների միության» նախագահ Ղուկաս Ուլիխանյանին պատկանող «Շտապ օգնություն» ՍՊԸ-ում ԱԱՆ 4-րդ վարչությունը ստուգումներ էր անցկացնում։ Միայն երեկ այն տեւեց շուրջ 7 ժամ։ Մենք կարողացանք ճշտել, որ ԱԱՆ-ի համապատասխան վարչությանը հետաքրքրել է դեղերի արտադրությունը, բայց թե ինչու՝ հանկարծ, պարզ չէ։ Հայտնի է միայն, որ անվտանգության աշխատակիցների հետ միասին ստուգումներին մասնակցել են նաեւ առողջապահության նախարարության աշխատակիցներ։ Փաստաբան Տիգրան Ջանոյանը, մեր այն հարցին, թե՝ արդյոք ԱԱՆ 4-րդ վարչությունը ստուգումներ անցկացնելու իրավունք ունի՞, ի պատասխան պարզաբանեց. «Օրենքով ստուգումներ իրականացնելու իրավունք ունեն հարկային եւ մաքսային մարմինները։ ՆԳՆ 6-րդ, ԱԱՆ 4-րդ վարչությունները տվյալ օրենքի սուբյեկտներ չեն։ Նրանք կարող են միայն օպերատիվ գործողություններ ծավալել կամ հաշվապահական փաստաթղթեր ստուգել, առգրավել միայն դատարանի որոշմամբ, եթե կա հարուցված քրեական գործ։ Հակառակ դեպքում, 4-րդ վարչությունն իրավունք ունի ընդամենը տնտեսվարողից խնդրել հաշվապահական փաստաթղթեր, իսկ տնտեսվարողը կարող է դրանք տրամադրել կամ պարզապես պատասխանել՝ ցտեսություն»։ Ինչ վերաբերում է առողջապահության նախարարության կողմից իրականացվող ստուգումներին, ապա, ամեն դեպքում, անհասկանալի է մնում ԱԱՆ-ի մասնակցությունն այդ ստուգումներին։ «Հստակ է, որ կա որոշակի հրահանգ եւ ինչ-որ բան են փորձում գտնել՝ կարեւոր չէ, թե ինչ»,- ասաց փաստաբաններից մեկ ուրիշը։ Ազգային ժողովում ԱԱՆ 4-րդ վարչության գործողությունները պատգամավորներից ոմանք հակված էին գնահատելու իբրեւ «պատժիչ» եւ քաղաքական խնդիրներ հետապնդող՝ հաշվի առնելով Ղուկաս Ուլիխանյանի ակտիվ քաղաքական գործունեությունն՝ իբրեւ «Հանրապետություն» նորաստեղծ կուսակցության նախաձեռնողներից մեկի, իբրեւ քաղաքական կլոր սեղանի ակտիվ մասնակցի եւ, ի վերջո, որպես դեղերի վրա ավելացված արժեքի հարկի ավելացման աղմկոտ պատմության համատեքստում շահագրգիռ բանավիճողի։ Ն. Մ.