Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ

Մարտ 13,2001 00:00

Ե՞րբ են բաժանելու ԱԺՄ-ի գույքը Շավարշ Քոչարյանը մամուլում պարզաբանել էր, թե ԱԺԿ նախաձեռնող խումբն ԱԺՄ կենտրոնական եւ տեղական գրասենյակները, դրանց գույքը կիսելու խնդիր չունի, բայց նման նախաձեռնությամբ հանդես է գալու Արշակ Սադոյանը։ Վերջինս այդ մասին «Առավոտի» հարցին ի պատասխան ասաց, թե լուրերը չափազանցված են. «Ես ավելի հստակ եմ ձեւակերպում. ԱԺՄ համագումարը դեռ չէր ավարտել իր աշխատանքը, ղեկավար մարմին չի ընտրվել՝ նախատեսված 25-ից ընդամենը 7-ն ընտրվեցրին վարչության անդամ։ Եվ այսօր ԱԺՄ կուսակցությունը չի կարող վերագրանցվել։ Բնական է, որ քանի դեռ այս հարցը լուծված չէ՝ որեւէ գույքի, գրասենյակների կամ նման հարցեր արծարծելն ուղղակի ծիծաղելի է։ Եվ հայտարարելը, թե ես նման բան եմ նախաձեռնել՝ ուղղակի ուրիշների միամտության, թերահավատության վրա խաղ է։ Խնդիրը գույքը չէ։ Խնդիրն այն է, որ մարդիկ հոգիները… ծախել բառը երեւի մի քիչ խիստ կլինի… բայց հանուն իշխանական սեղանից վայելքներ ունենալու՝ պատրաստ են գաղափարները մի կողմ դնել, աչք փակել սկզբունքային տարաձայնությունների վրա»։ Արշակ Սադոյանը նաեւ նշեց, թե ԱԺՄ-ում մի կարգին գույք էլ չկա. «Քանի որ կուսակցությունը միշտ իր կեցվածքով շեշտված ընդդեմ է եղել իշխանությունների թելադրած բոլոր հակաժողովրդական քայլերին՝ բնականաբար, նյութական մեծ միջոցներ չէր էլ կարող ունենալ։ ԱԺՄ-ի կենտրոնական գրասենյակի գույքի մեծ մասն ուղղակի բերված է տներից եւ պաշտոնապես գրանցված էլ չէ որպես նվիրատվություն։ Եվ բնական է, որ գույքի խնդիր չէր էլ կարող դրվել։ Դա ուղղակի էժանագին շահարկման հարց է»։ Լրացուցիչ դիմեցինք Շավարշ Քոչարյանին՝ պարզելու թյուրիմացության պատճառները։ Նրա բացատրությամբ, ինքը գրասենյակի եւ գույքի բաժանման մասին հարցին պատասխանել էր ծիծաղելով՝ որպես կատակ։ Սակայն խմբագրությունը չգիտես ինչու չէր նշել դա։ Ինչ որ է, պարզեցինք, որ ԱԺՄ-ից բաժանված ԱԺԿ-ն գույքային պահանջներ չունի։ Սակայն որպես օրինավոր կուսակցություն, ԱԺՄ-ն թերեւս պարտավոր էր մինչեւ ԱԺԿ-ի չափահաս (18 տարեկան) դառնալը ինչ-որ նպաստ վճարել։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել