Լրահոս
Օրվա լրահոսը

հարցրինք արդյունաբերության նախկին նախարար Աշոտ Սաֆարյանին, որին

Մարտ 13,2001 00:00

«ԴՈՒՔ ՇՆԱՁՈ՞ՒԿ ԵՔ, ԹԵ՞ ԱՎԱԳ ՍԼԱՔԱՎԱՐ» հարցրինք արդյունաբերության նախկին նախարար Աշոտ Սաֆարյանին, որին դատախազությունը մեղադրում է վրացիների չվճարած պարտքի մեծ մասը վատնելու մեջ։ -Ձեր գործը բացառիկ է այն առումով, որ հազվադեպ են դեպքերը, երբ տարբեր ատյանների դատարանները հետեւողականորեն դեմ են գնում դատախազության կամքին եւ ոչ միայն չեն բավարարում նրանց միջնորդությունները կալանքի թույլտվություն տալու վերաբերյալ, այլ ընդհանրապես են վերացնում խափանման միջոցը։ Քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանի բացատրությունն այս ամենին այն էր, թե «որոշակի ուժեր են խոչընդոտում հետաքննությանը»։ Իսկ ո՞րն է Ձեր բացատրությունը։ – Անկեղծ ասած, ինձ համար էլ էր անակնկալ, որ մեր վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները ցուցադրեցին այսպիսի սկզբունքային դիրքորոշում։ Երեւի պատճառներից մեկն այն էր, որ այս գործն իրոք քրեական ոլորտում չպիտի քննարկվեր՝ սա բացահայտ երեւում է։ Եթե, ինչպես ասում է պրն Սարդարյանը, իրոք կան այդպիսի ուժեր, որոնք երկու ատյանների դատարաններում կարողանում են խոչընդոտել ու կանգնեցնել այս գործընթացը, երեւի նման հզոր ուժերը կարող էին նաեւ դատախազությունում լուծել այդ խնդիրները։ – Ձեր կալանավորմանը հաջորդեցին բանավեճեր, թե Դուք «երկար սպասված շնաձո՞ւկն էիք», թե՞ ընդամենը «ավագ սլաքավար»։ Ձեզ ո՞ր մեկն եք համարում եւ ընդհանրապես, այս պատմության մեջ որքանո՞վ դեր խաղաց «էներգետիկ տեռորի» շուրջ առկա աժիոտաժը։ – Իհարկե, «պահանջում ենք շնաձուկ» կարգի կոչերով հարուստ մթնոլորտը ստիպում է, որ քննչական մարմինն ինքն իրեն կորցրած անպայման ձգտի բավարարել այդ պահանջը։ Սա ոչ թե անձերի պատվեր է, այլ իրոք ԱԺ-ում առկա մթնոլորտի, երբ դատախազության ներկայացուցիչներին անընդհատ ասում են, թե իրենց հարկավոր է խոշոր պաշտոնյա։ Ինձ են մեղադրում, թե գործել եմ իմ պաշտոնեական դիրքն ամրապնդելու նպատակով (ըստ վճռաբեկ դատարանի որոշման՝ այդ դրդապատճառը «գործի նյութերով ապացուցված չէ»- Ա. Ի.)։ Թերեւս առավել դատախազության ներկայացուցիչները՝ ցանկանալով ամրապնդել իրենց դիրքը, սկսել են ման գալ, թե որ մեկին կալանավորեն։ Երեւի ես դրա համար ամենահարմար թեկնածուն էի։ Թե չէ ուղղակի զարմանալի է. 1995-ից ի վեր էներգետիկայի բազմաթիվ նախարարներ են փոխվել, բայց պարզվում է, որ արդյունաբերության նախարարն է պատասխանատու, որն ընդամենն աջակցելու, օգնելու նպատակով է առնչվել «Դվինի» պատմությանը։ – Ձեզ առաջադրված մեղադրանքներում տարբեր կերպ անընդհատ արծարծվում է Թելման Տեր-Պետրոսյանի անունը։ Մեկ նշվում է, թե նրա հանձնարարությունը կատարելով եք հանձնարարական նամակ գրել վրացիներին գազի մատակարարումը վերսկսելու վերաբերյալ։ Մեկ էլ նշվում է, թե դա նախկին նախագահի եղբոր ընդամենը խնդրանքն է եղել։ Ի՞նչ դերակատարություն է այս պատմության մեջ իրականում ունեցել Թելման Տեր-Պետրոսյանը։ – Նախ նշեմ, որ 6 տարի կառավարության անդամ եմ եղել եւ որպես նախարար գործել եմ իմ լիազորություններին համապատասխան։ Վրաստանի հետ մեր բարիդրացիական հարաբերությունների պահպանումը եղել է մեր կառավարության, պետության կարեւորագույն խնդիրներից մեկը։ Տվյալ դեպքում խնդիրը նաեւ միջպետական հարաբերություններին էր վերաբերում։ Արդյունաբերության նախարարությունը շատ լուրջ կոլեգիա ուներ, որին մաս էր կազմում ե՛ւ Կարեն Դեմիրճյանը, ե՛ւ Թելման Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Ռոբերտ Ենգոյանը, ե՛ւ Ֆրուզե Պետրոսյանը, նաեւ տնտեսության մի քանի խոշոր այլ ղեկավարներ։ Նման կարեւոր հարցերը նախապես միշտ խորհրդակցվում էին կոլեգիայում։ – Հատկապես Թելման Տեր- Պետրոսյանի խնդրանքը կամ հանձնարարությունը եղե՞լ է։ – Ո՛չ։ Դա իրականությանը չի համապատասխանում։ Նույն կերպ կարելի է պնդել նաեւ կոլեգիայի մյուս բոլոր անդամների վերաբերյալ։ Բոլորն էլ ինձ խորհուրդ են տվել, որ աշխատենք այդ հարցը լուծել դրական։ – ԱԺ էներգետիկ ժամանակավոր հանձնաժողովի անդամներից մեկը՝ Մանուկ Գասպարյանը սակայն պնդել էր. «Աշոտ Սաֆարյանը գործել է հանրապետության բարձրագույն իշխանության կարգադրությամբ, այդ օպերացիան ընդհանրապես սխալ է եղել, մեր օրենքներով գազի վերավաճառքն արգելված է»։ – Ինձ համար շատ զարմանալի է։ Եթե փողոցում մեկը խոսեր՝ չունենալով համապատասխան գիտելիքներ ու պատասխանատվություն՝ էլի ինչ-որ տեղ հասկանալի կլիներ։ Բայց եթե այդպես խոսում է ԱԺ պատգամավո՞րը… Միանգամից մի քանի կոպիտ սխալ է թույլ տրվել։ Նախ, չի հարգվում անմեղության կանխավարկածը եւ խոսում է այնպես, կարծես արդեն հաստատված է, թե ես հանցագործ եմ։ Մանուկ Գասպարյանը երեւի ծանոթ չէ այն ծայրահեղ իրավիճակներին, երբ հանրապետությունում 1 օրվա հաց էր մնում, 1,5 օրվա մազութ, գազատարն էր պայթեցվում (ի դեպ, ըստ «Դվինի» պարզաբանումների, «Ազոտի» հետ պայմանագրից հետո գազատարի պայթեցումներն ու գազի կորուստները վերացել էին- Ա. Ի.) եւ վայրկյանների ընթացքում պիտի ընդունվեին կենսական որոշումներ։ Եվ ընդհանրապես, ծանոթ չլինելով գործին՝ պնդում է, թե նման գործարք ընդհանրապես չէր կարելի իրականացնել։ Իսկ ես պնդում եմ, որ դա փոխշահավետ գործարք էր։ Նախ, որեւէ արգելք չկար գազի վերավաճառքի վերաբերյալ։ Արժե այստեղ բացել փակագծերը։ Մենք այն ժամանակ գազը ստանում էինք Հայաստանի սահմանին. թուրքմենները պարտավոր էին գազը հասցնել մինչեւ Վրաստանի հետ մեր սահմանը։ Բայց Վրաստանում մեր գազը գողացվում էր եւ պատասխանատու էին համարվում թուրքմենները։ Վերջիններս հայկական պատվիրակության հետ (ղեկավարը էներգետիկայի նախարարն էր) բանակցությունների ընթացքում պայման դրեցին. կա՛մ գազը կտանք Ռուսաստան-Վրաստան սահմանում, որ կորստի պատասխանատուն արդեն Հայաստանը լինի, կա՛մ գազ չենք տա։ Մեր էներգետիկայի նախարարը ստիպված էր համաձայնել։ Իսկ վրացիներին թուրքմեններն ասացին. «Ձեզ գազ չենք տա՝ հայերի հետ լուծեք հարցը»։ Վրացիներն էլ գազ պահանջեցին՝ տրանզիտի դիմաց։ Այսինքն, իրավունքներ ունենալու կամ չունենալու հարցը լուծել է լիազորված մարմինը՝ պետությունը, ոչ թե սուբյեկտը։ – Ի դեպ, հայտնի է, որ այս գործարքի գրեթե բոլոր ձեւակերպումները, թույլտվությունները, որոշումներն էներգետիկայի նախարար Գագիկ Մարտիրոսյանինն են։ Ձեզ հայտնի է, թե քրգործում նրան ի՞նչ դերակատարություն է վերագրված։ – Ինքը հանձնարարական նամակի ստորագրողներից մեկն է։ Գիտեմ, որ Գագիկ Մարտիրոսյանին էլ են հարցաքննել։ Մնացածը չգիտեմ։ – Ի՞նչ փուլում է այժմ Ձեր գործը։ Թեեւ ազատության մեջ եք, բայց քրեական հետապնդումը դադարեցվա՞ծ չէ։ Որեւէ վնաս հատուցե՞լ եք։ – Ես որեւէ վնաս չեմ տվել, որ հատուցեմ։ Այո՛, գործը կարճված չէ։ Ճիշտ է, Հեկտոր Սարդարյանը մամուլում հայտարարում է, թե իմ կալանքը վերացնելու որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը «ծանր հարված հասցրեց ոչ միայն քննության ընթացքին, այլեւ պետությանը»։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է նրանց տենդագին փափագը՝ մեղադրել ինձ։ Այլապես հանրապետության դատական ամենաբարձր ատյանի որոշման վերաբերյալ պետական պաշտոնյան նման մեկնաբանություններ չէր անի, որը հարիր չէ ոչ մեկին։ Հենց նման բաներով է հարված հասցվում ոչ միայն անձին, այլեւ պետությանը։ Գլխավոր դատախազության քննչական վարչության պետի վճռաբեկ բողոքում նշված էր, թե ես այնքան վտանգավոր եւ ծանր հետեւանքներ ունեցող արարք եմ թույլ տվել, որ ես իրավունք չունեմ ազատության մեջ մնալ, այլապես կարող եմ թաքնվել եւ այլն։ Բայց ես ինչպես կարող եմ խոչընդոտներ հարուցել գործի քննությանը,երբ պիտի հասարակությանն ապացուցեմ, թե ինչ է տեղի ունեցել իրականում։ Թե չէ մարդիկ կարծում են, թե այն ժամանակվա կառավարության մեջ բոլորը գող ու ավազակ են եղել, որոնց նպատակը միայն թալանն է եղել։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել