Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց

Մարտ 13,2001 00:00

«ՄԹՆՈԼՈՐՏՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ Է» Հարցազրույց «Միասնություն» խմբակցության քարտուղար Վարդան Մկրտչյանի հետ «Միասնություն» խմբակցության քարտուղար Վարդան Մկրտչյանի գնահատմամբ՝ խմբակցության պառակտման կամ ԱԺ-ում նոր մեծամասնության ձեւավորման հնարավորության մասին լուրերը չափազանցված են. «Չէի ասի՝ պառակտման խնդիր կա։ Ես միշտ ասել եմ, որ դաշինքը երկու կուսակցությունների համաձուլում չի։ ՀՀԿ-ն եւ ՀԺԿ-ն ունեն իրենց դիրքորոշումները, եւ դրանք կարող են երբեմն տարբեր հարցերի շուրջ իրարից տարբերվել։ Մենք, իհարկե, համագործակցում ենք, իհարկե, միասին աշխատում ենք, բայց կան սկզբունքային հարցեր, որոնց վերաբերյալ մենք տարբեր կարծիքներ ենք ունեցել։ Սա չի կարելի պառակտում համարել»։ Վարդան Մկրտչյանի ասելով՝ խորհրդարանում ոչ թե նոր մեծամասնություն է ձեւավորվում, այլ՝ «փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե նոր մեծամասնություն է ձեւավորվում, դրանով ինչ-որ տեղ ցույց տալով «Միասնության» դերի նվազումը, որն իրականությանը չի համապատասխանում, եւ այդ փորձերն արդյունավետ չեն եղել»։ Սակայն վերջին շրջանում դաշինքի կուսակցություններն առանձին-առանձին հանդիպումներ են ունենում այլ քաղաքական ուժերի հետ, եւ ենթադրություններ կան, թե այդ հանդիպումների արդյունքում նոր դաշինք կստեղծվի. «Սա եւս իրականությանը չի համապատասխանում: Որեւէ հարցի շուրջ որեւէ ուժի հետ համագործակցությունը չի նշանակում, թե ինչ-որ նոր ուժ է ստեղծվում, նոր մեծամասնություն։ Մենք դաշինք արդեն կազմել ենք մեր նախընտրական պայքարի ժամանակ եւ այդ դաշինքը պառակտվելու կամ անջատվելու խնդիր չունի։ Դաշինքը ստացել է ժողովրդի քվեն եւ նոր բաժանման կարիք չունի»։ «Միասնություն» խմբակցության քարտուղարի կարծիքով, «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության մասին դեռեւս վաղ է դիրքորոշում ներկայացնելը, բայց «ինքս մասնակցել եմ դատավարության բոլոր նիստերին եւ, իմ կարծիքով, դատավարությունը գնում է իր բնականոն ընթացքով, եթե խոսենք իրավական կողմի մասին։ Բայց մթնոլորտն անհանգստացնող է, եւ դա անհանգստացնում է ոչ միայն ինձ, այլեւ դատարանի դահլիճում գտնվողներին։ Այն ինքնավստահությունը, որ ունի ամբաստանյալը, ինչ-որ տեղ մտորելու առիթ է տալիս, որի մասին առայժմ չէի ուզի խոսել, բայց հարցեր առաջանում են։ Ես մի առիթով ասացի, որ եթե ամեն ինչ այդպես շարունակվի, ապա չի բացառվում (ես դա, իհարկե, հումորով ասացի), որ Նաիրի Հունանյանն ինքը դատարանին դատի տա, որ ինչ-ինչ հոդվածներով սխալ ընթացք է եղել»։ Վարդան Մկրտչյանը կողմ է, որ դատավարությունը չքաղաքականացվի, եւ կարծում է. «որ դատավորն էլ է զգում «Հոկտեմբերի 27»-ի ցավը, եւ ինչ-որ տեղ չափազանց բարձր պատասխանատվություն է ընկած նրա ուսերին, եւ սխալ գործելու ոչ մի իրավունք չունի, որովհետեւ բավականին լուրջ գործ է ստանձնել։ Բայց այսօրվա դրությամբ, դատական նիստերի ձգձգումները ժողովրդի մոտ բավականին վատ տպավորություն են թողնում»։ «Միասնություն» խմբակցությունը ստեղծել է հատուկ խումբ, որը հետեւում է դատական նիստերին եւ որը իրավասու պետք է լինի որեւէ կեղծիքի կամ օրինազանցության դեպքում արձագանքել եւ իր կարծիքն արտահայտել։ Վարդան Մկրտչյանը՝ որպես այդ խմբի ղեկավարի տեղակալ, ասաց, որ «Ժողովրդի վրդովմունքը բնական վրդովմունք է։ Դա շինծու չէ, հրահրված չէ, այլ՝ ժողովրդի անկեղծ վրդովմունքն է»։ Ի դեպ, ժողովրդի վրդովմունքի մասին։ ՀԺԿ կոնֆերանսների ժամանակ շարքային անդամները շատ ավելի կտրուկ եւ սուր են արտահայտվում «Հոկտեմբերի 27»-ի կամ իշխանությունների հասցեին, քան կուսակցության լիդերը։ Ի վերջո, այսօր ՀԺԿ-ն իշխանամե՞տ է, թե՞ ընդդիմություն. «Մեր կուսակցությունը, գիտեք, որ կենտրոնամետ կուսակցություն է։ Բայց այսօր դժգոհություններն ավելի շատ սոցիալական հիմքեր ունեն։ Ժողովրդի սոցիալական ծանր վիճակը հենց բերում է ժողովրդի ընդդիմադիր կեցվածքի։ Այսինքն՝ ժողովուրդն ընդդիմություն է այսօրվա իր ապրելակերպին, ընդդիմություն են այսօրվա իրավիճակին»։ «Միասնություն» խմբակցությունը թեպետ մեծամասնություն է խորհրդարանում, բայց ոչ մի տեղեկություն չունի մարտի 4-5-ը Փարիզում կայացած Քոչարյան-Ալիեւ հանդիպման մասին։ Խմբակցության քարտուղարի ասելով՝ «այդ հարցը չի քննարկվել, պաշտոնապես ոչ մի տեղեկություն մենք չենք ստացել»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել