Այսօր լրացավ Գուրգեն Դաբաղյան հրաշամանուկի 13 տարին։ Այդ առիթով զրուցեցի Գուրգենի եւ նրա հոր՝ Լեւոն Դաբաղյանի հետ։ «Անցյալ տարի վերջապես լույս ընծայվեց Գուրգենի երկրորդ ալբոմը, որն անվանվեց «Հայ երգի փոքրիկ իշխանը»։
Պրն Դաբաղյանը նշեց, որ անցյալ տարի իրագործվեց Գուրգենի երազանքը. «Նա այցելեց Թբիլիսի, որտեղ Սայաթ-Նովայի շիրմաքարին մի կարմիր վարդ դրեց։ Ի դեպ, տեսաերիզում օգտագործված որոշ կադրեր նկարահանվել են հենց Թբիլիսիում, ինչպես նաեւ՝ Հաղպատում եւ Հայաստանի տեսարժան վայրերում»։ Տեղեկացանք նաեւ, որ առաջիկայում նախատեսվում է երրորդ ալբոմի թողարկումը, որի նկարահանման աշխատանքները կսկսվեն մեկ ամսից, իսկ ձայնագրություններն արդեն արված են։ Ալբոմում կհնչեն Ջիվանու, Շերամի, Հավասու, ինչպես նաեւ Սայաթ-Նովայի 15-20 երգեր։ Պրն Դաբաղյանը հերքեց այն մտայնությունը, թե չարաշահվում է Գուրգենի ձայնը։ «Անգամ մենահամերգների ժամանակ նա յուրաքանչյուր երկրորդ երգից հետո հանգստանում է։ Հատկապես հիմա մենք չենք ծանրաբեռնում նրան, քանզի անցումային տարիքում է գտնվում»։ Տեղեկացանք, որ այս տարի Գուրգենը հրավերներ ունի Ֆրանսիայից, Իրանից, Բեյրութից, Սիրիայից եւ ԱՄՆ-ից, ինչպես նաեւ նախատեսվում է եւս մեկ մենահամերգ Երեւանում։
Ա. ԴԱԲԱՂՅԱՆ