Այս տարվա ընթացքում կհրատարակվի 3 նոր գիրք՝ հռչակավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին։ Առաջինը, որը Հայաստանի պետական ֆիլմադարանը դեռ վաղուց էր պատրաստվում տպագրել, օրերս արդեն լույս է տեսել («Письма из зоны»)։ Գիրքը հրատարակվել է 600 օրինակով, իսկ տպագրական ծախսերի համար Սորոսի հիմնադրամը տրամադրել է 3000 դոլար։ Մյուս գիրքը կինոռեժիսոր Վասիլի Քաթանյանի հուշերն է Փարաջանովի մասին։
Տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն ասաց, որ այս գիրքը 2 անգամ Մոսկվայում հրատարակվել է՝ ձեւավորված ալբոմի տեսքով։ Նա նշեց նաեւ, որ տուն-թանգարանի նյութերով լրացվելուց հետո այն կտպագրվի նաեւ Նիժնի Նովգորոդում։ Երրորդ գրքի նախաձեռնողը կինոռեժիսոր Կորա Ծերեթելին է։ Գիրքը տպագրվելու է Սանկտ-Պետերբուրգում՝ «20-րդ դարի մեծերը» մատենաշարով։ Հրատարակվելու են ռեժիսորի սցենարները, նրան ուղղված նամակները, նաեւ որոշ անտիպ կենսագրական անհայտ փաստեր։ Իսկ գրքի առանցքը «Խոստովանանք» ֆիլմն է լինելու, որի նկարահանումը սկսվել էր «Հայֆիլմում», բայց Փարաջանովի հիվանդության պատճառով դադարեցվեց։
Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ