Վանաձորի առեւտրի կետերում վաճառվում են Իտալիայի Ռիետի քաղաքի «Ինալկա» ընկերության կողմից արտադրված տավարի մսի պահածոներ, որոնց տուփերի վրա անգլերեն եւ իտալերեն մակագրված է. «Իտալիայի ժողովրդի եւ կառավարության նվերը»։ (Ըստ էության հայտնի չէ, թե ո՞ւմ է ուղղված նվերը. միգուցե «Անտառամեջ գյուղի հասարակությա՞նը»։ Չի բացառվում, որ մթերքի այդ տեսակը օգնություն է ուղարկվել այլ երկիր, որտեղից մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել է Հայաստան)։ Իբրեւ «արդարացում»՝ պահածոների գինը բավականին մարդասիրական է՝ առավել մատչելի, քան այլ ֆիրմաների պահածոները (չէ՞ որ դա ընդհանրապես անվճար պետք է լիներ)։
Պահածոները, որոնք արտադրվել են 2000թ. փետրվարին եւ պահպանման 4 տարվա ժամկետ ունեն, վաճառվում են ավելի քան 3 ամիս։ Սա հիմք է տալիս ենթադրելու, թե դրանք պարբերաբար ձեռք են բերվում յուրաքանչյուր խմբաքանակի իրացումից հետո։ Նշենք, որ վերջին 2 տարում սոցիալապես անապահով խավերը այս կարգի օգնություն չեն ստանում, այլ ընդամենը՝ մարդասիրական ալյուր եւ բուսական յուղ։ Միգուցե այս կարգի օգնությունը անտեղի «շռայլություն» է համարվել եւ առավել հարմար է գտնվել դա վաճառելը «հարմար գներով»։
Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ