Լրահոս
Օրվա լրահոսը

«Դագաղի բիզնեսը» շարունակվում է

Մարտ 10,2001 00:00
Dagax

«Ապրանքը ներսում է, տուն մտեք»,- ցածր ձայնով այսպես էին դիմավորում Նար-Դոս փողոցի դագաղագործները հաճախորդներին՝ խուսափելով ՆԳՆ աշխատակիցներից։

Քաղաքակիրթ որեւէ երկրի կենտրոնական փողոցներում դագաղ չեն վաճառում։ Մեր երկրում, ավելին, ոչ միայն դագաղ, այլ նաեւ ամենատարբեր ձեւավորման ու մեծության ծաղկեպսակներ են վաճառքի համար շարված։

Երեւանի քաղաքապետարանը դեռեւս 2000թ. նոյեմբերի 27-ին էր որոշում կայացրել, որի համաձայն, դագաղների վաճառքը կարող է իրականացվել միայն քաղաքապետի որոշմամբ՝ գերեզմանատներին կից, առանձնացված հատուկ տեղերում կամ քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՓԲԸ-ի կոմիսիոն գործարքի միջոցով։

Ասել է թե՝ Նար-Դոս փողոցում կտրականապես արգելվեց դագաղների վաճառքը։ Այդ գործընթացը կարգավորվում էր Երեւանի ՆԳ ստորաբաժանումների աշխատակիցների մասնակցությամբ։ Ու «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՓԲԸ-ի նախկին տնօրեն Արամ Առաքելյանն էլ հաստատակամորեն պնդում էր, որ թեեւ 30 տարի չի հաջողվել «Նար-Դոսը փակել», այդուհանդերձ, ամեն բան անելու են, որ այդ հարցում այժմ հասնեն հաջողության։ Քիչ էր մնում՝ հավատայինք։

Այդ գործընթացն այսօր կանգնել է. դագաղագործները կրկին ակտիվացել են։ Ու թեեւ Երեւանի նախկին քաղաքապետ Ա. Բազեյանի դիմումին ընդառաջելով՝ ՀՀ առողջապահության նախարարը հրահանգչական նամակ էր ուղարկել եւ արգելել ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության բոլոր բժշկական հաստատությունների տնօրեններին դիահերձարաններում դագաղների պատրաստումն ու վաճառքը, այդուհանդերձ, հիշյալ հաստատություններում եւս այսօր այդ վաճառքը շարունակվում է։

Այս ամենը քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՓԲԸ-ի տնօրեն Գ. Աղաջանյանը բացատրում է նրանով, որ «2000թ. նոյեմբերի 27-ի Երեւանի խորհրդի համապատասխան որոշման մեջ երկու կետերը, որոնք վերաբերում են դագաղների վաճառքին, վերանայման կարիք ունեն»։ Մինչեւ այդ վերանայումը ոչ ոք, նույնիսկ ՆԳ աշխատակիցները իրավունք չունեն խոչընդոտելու դագաղների առքուվաճառքին։ Իսկ քաղաքի բարեկարգմանը նպաստող ու բավական մեծ ակտիվությամբ սկսած գործն այսօր կանգնել է։

Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031