Շուրջ մեկ ամիս Սպորտվարչության գրեթե ամբողջ աշխատակազմը ամենօրյա շուրջայցեր էր անցկացնում համակարգի երեւանյան 49 մարզադպրոցներ, որոնցից 24-ը «Հայաստան» ՄՄ եւ «Սեւան» ԳՄԸ համակարգի մարզօջախներն են։
Երեկ անցկացված արդյունքների նախնական ամփոփմանը ներկա էին ՄԴ-ների ղեկավարները։ Փոխնախարար Իշխան Զաքարյանը ներկայացնելով ընդհանուր պատկերը, գովասանքի խոսքեր ուղղեց «Հայաստան» ՄՄ սամբոյի եւ ձյուդոյի, ըմբշամարտի, բռնցքամարտի եւ քաղաքապետարանի թեթեւ ատլետիկայի ՄԴ-ների տնօրենների հասցեին։ Մյուս մարզօջախներում դրությունը լավ չէ։ Դեռեւս մեկ տարի առաջ փոխնախարարի անմիջական ջանքերով համարյա քառապատիկ ավելացվել է դպրոցների մարզիչների աշխատավարձը։ Եվ այն ժամանակ տնօրենները պարտավորվել էին, որ մարզիչները պարապուրդի չեն մատնվի եւ օրական կմարզեն առնվազն երեք խումբ։ Սակայն ստուգումներից պարզվեց, որ խնդիրը լուծվել է ընդամենը վերոնշյալ ՄԴ-ներում։ Ուսումնասիրությունները պարզեցին նաեւ, որ շատ հաճախ միեւնույն ՄԴ-ում նույն հաստիքով աշխատող մեկ մարզիչը, որ մարզում է մեծ թիվ կազմող երեք, իսկ մյուսները՝ 2-3 հոգով համալրված մեկ խումբ, տնօրենի կողմից վարձատրվում են հավասարաչափ։
Ծավալված մտքերի փոխանակության ժամանակ իրենց մտքերն ու տեսակետներն արտահայտեցին մասնագետները։ Իհարկե, կան թերությունները շտկելու բազմաթիվ ուղիներ։ Տեղերում աշխատանքներ կտարվեն, որպեսզի մարզադահլիճները պարապուրդի չմատնվեն եւ դրանցում իրենց առողջությունը կոփեն նաեւ հանրակրթական դպրոցների երկրորդ հերթի սովորողները, որոնք, մինչ դասերն սկսվելը, օրվա առաջին կեսը կանցկացնեն մարզադահլիճներում։ Միայն այսպես առաջընթաց կապրեն մասսայականությունն ու վարպետությունը։ Խորհրդակցությունում եղան կոնկրետ հանձնարարականներ համապատասխան ոլորտներին եւ անձանց, դրանց կատարման համար սահմանվեցին հստակ ժամկետներ։
Փոխնախարարը մեկ անգամ եւս հիշեցրեց, որ ինքը ոչ մի դեպքում չի հանդուրժի այս իրավիճակը ու գործերը կարգի բերելու հարցում լինելու է հետեւողական եւ վճռական։
Կարդացեք նաև
Սպորտվարչության աշխատանքային բրիգադները եկող շաբաթվանից սկսած լինելու են նաեւ հանրապետության մարզերի ՄԴ-ներում։
ՀՀ Սպորտվարչության լրատվական բաժին