Լրահոս
Օրվա լրահոսը

Խուճապ

Մարտ 10,2001 00:00
vahram martirosyan

ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Աննա&Միքայելին

Երանի ինձ չասեին. ինչ որ լինում էր, լիներ: Թե չէ հիմա ու՞ր թաքնվեմ, գլուխս ու՞ր պահեմ:

Դուրս գամ տնից՝ փողոցներում թափառեմ: Ի՞նչ կիմանան, թե ո՛ր փողոցում եմ թափառում: Հետո մութը կընկնի, կգամ տուն: Բայց տուն եկա թե չէ, անմիջապես կբռնեն: Հիմար միտք էր, հիմարություն: Անիմաստ տեղը ժամանակ եմ կորցնում: Բայց չի էլ հաջողվում կենտրոնանալ, որ խելքը գլխին բան մտածեմ:

Գնամ ծնողներիս մոտ: Չեմ ասի, որ թաքնվում եմ: Որ ասացի, մորս սիրտը կվատանա, «Շտապ օգնությունը» կկանչենք, կգան՝ ուշաթափության պատճառը կհարցնեն, գլխի կընկնեն, որ ինչ-որ բան էն չի, կզանգեն ոստիկանություն:

Չասեմ, որ թաքնվում եմ: Կընդունեն, կկերցնեն: Մի ամիսը՝ լրացավ, ավտոմատից կզանգեմ տուն: Որ երեսուն վայրկյանից քիչ խոսեմ, չեն հասցնի ավտոմատի տեղը որոշել:

Բայց մայրս ինձ մի ամիս չի պահի: Շաբաթը չլրացած կասի՝ գնա քո տուն: Ես կասեմ՝ կինս գիտի, որ էստեղ եմ, կասի՝ դե զանգի-խոսի հետը: Ես կասեմ՝ չեմ կարող, կսկսի բացատրել, որ խռովելը տղամարդուն չի սազում. «Կինդ կարծելու է՝ սիրուհի ունես»:

Բայց՝ մի րոպե: Տանը: Իմ տանը թաքնվեմ: Կմտածեն՝ հո գի՞ժ չի, որ իր տանը թաքնվի՝ տեղնուտեղը բռնենք: Բայց ինչ էլ բարձր կարծիք ունեմ, չէ՞, մեր ոստիկանների մասին: Հա՛-հա՛: Հա-հա-հա-հա-հա՛: Ոչ մի բան էլ չեն մտածի: Կգան եւ աստծու օրը կստուգեն, ժամերով կնստեն-կմնան: Մանավանդ որ վերեւից ասեն՝ ձեր քրեականներից ում բռնեք-չբռնեք, սրան պետք է բռնեք:

Ի՜նչ հիշաչարություն: Ես ի՞նչ եմ արել:

Գիշերը դուրս գամ, իմանամ՝ պոռնիկներից ով է մենակ ապրում, ներկայանամ որպես հոգեբան, խնդրեմ, որ ինձ տանը պահի՝ ես իրեն ուսումնասիրեմ: Շատերը կան, որ ինքնակամ չեն դառել պոռնիկ, այլ, ինչպես ասում են, հանգամանքների բերումով: Մեջները տանելի դեմքերով, աշխույժ, նույնիսկ՝ հարուստ ընտանիքների աղջիկներ կան: Մեկը խաբել է, երկրորդը, հետո, ո՞նց են ասում, հայտնվել է կյանքի հատակում:

Առավոտները հոգնած կգա, նայած թե ինչ հաճախորդներ է ունեցել՝ անտրամադիր կամ գոհ: Ես սուրճ կսարքեմ: Նա, իմ մեծահոգությունից զարմացած, սիրտը կբացի: Ես կբացատրեմ իր դժբախտությունների պատճառը, նա իրեն կգցի գիրկս եւ վերջապես սեքսից բավականություն կստանա, քանի որ փողի համար չի անի:

Մի օր էլ կարող է ուզենա թողնել պոռնկությունը: Ես իմ կողմից, իհարկե, կզոռեմ: Բայց ձեռքիս փողը պրծած կլինի, ինքն էլ մասնագիտություն չունի: Ստոր մարդիկ գործ տալիս պայման կդնեն, որ իրենց հաճույքներին ծառայի: Մենք չենք համաձայնի՝ կմնանք մի կտոր հացի կարոտ:

Չէ, չի լինի: Հետո՝ իր բնակարանը հաճախորդ բերելու համար է: Չհաշված գող կամ ոստիկան սիրեկանը, որ անպայման կունենա:

Ընկերներիս մասին պետք է մտածել: Բայց մոտ ընկերներիս տներն էլ կհսկեն: Չնայած հետաքրքիր է, թե ու՞մ տանը կարող էի թաքնվել: Մեկ, երկու, երեք… Երեք… Երեք… Երեք… Չորս: Երեւի: Երեւի՝ չորս: Չորս ընկերը վատ չէ: Ափսոս վերջերս քիչ էի շփվում հետները: Չնայած, զբաղված էի. աշխատա՜նք, ընտանի՜ք: Ով իմանար մի օր էս վիճակի մեջ կընկնեի:

Բայց կարեւոր է, որ ընկերներ ունես, որ քեզ կընդունեն: Ոնց որ ասում են՝ տուն կթողնեն: Գիտեն, որ բանի ձեռք չեմ տա: Ոչ մի բանի: Դե, տանը մարդ չեղած ժամանակ կարող է կոնֆետի ամանից մի-երկու հատ վերցնեմ, մնացածներն էնպես դասավորեմ, որ պակասը չզգացվի: Մեկ էլ՝ նայեմ, թե խորդանոցում ինչ կա, որովհետեւ մարդիկ էնպիսի բաներ են շպրտում, որ մյուսը տարիներով ման է գալիս: Բայց ուրիշ բանի ձեռք չեմ տա. ո՛չ պահարան կբացեմ, ո՛չ դարակ կքաշեմ: Էդ կոնֆետն էլ կինո-մինո նայելիս բերանս քաղցրացնելու համար էր: Էնպես որ՝ ճի՛շտ էլ կանեին, որ ինձ տուն թողնեին: Ո՞նց մտքովս անցավ, որ կարող է չթողնեին:

Բայց թաքնվելը հարմար չէ: Բնակարանները՝ փոքր, մի օր էլ ազգ-բարեկամը հյուր կգան, երեխաները կմտնեն ծակուծուկերն ու խորդանոցում էլ ինձ կգտնեն: Ո՞նց են բացատրելու. հա, սա էլ մեր ընկե՞րն է՝ թաքցնու՞մ ենք:

Իսկ որ ֆուտբոլիստ դառնա՞մ: Մեծ ֆուտբոլիստ: Ծայրամասում ապրող ընկերներիցս մեկի տանը մի քիչ դիմանամ, իրիկունը ուշ մի խաբս կմշակեմ չոլ տեղում, գնամ թույլ թիմի մարզիչի ցույց կտամ ու խոստանամ, որ ամեն խաղում մի գոլ կխփեմ, մինչեւ հակառակորդի պաշտպաններն ինձ մեկուսացնեն: Մի տարում էդ թիմը կընկնի առաջին տեղ (խաղը՝ մի գոլ, գումարի՜), ինձ կհրավիրեն հավաքական, բերանիցս թռած մի քանի բառը կմոռացվի-կգնա:

Բայց տարիքս էն չի: Երեսունինը ֆուտբոլիստի համար շատ է: Այ իսկական մարզիչը դրան ուշք չէր դարձնի: Չնայած, մարզիչ ունենայինք, հավաքականն էս օրին չէր լինի:

Հետո՝ ես ֆուտբոլ լավ չեմ խաղում. դժվար թե կարողանայի նոր ֆինտ հնարել:

Հետաքրքիր կլինի, որ գործի գնամ, ու, քանի որ արձակուրդ եմ, էդ ժամերին ինձ ոչ ոք չնկատի: Չնայած՝ բոլորն էնքան են գլուխ գովում, թե տարիներով չեն հանգստացել, որ լավ էլ կնկատեն, կիմանան, թե աչքի եմ ընկնում:

Իսկ եթե ուսանողական ընկերուհուս գտնեմ: Բոլորս սիրահարված էինք իրեն, իսկ ինքը մեզ հետ ընկերական էր: Հետո սկսեց ինձ մյուսներից լավ վերաբերվել, բայց դեռ՝ ընկերական, ես էլ սկսեցի ուրիշի հետ ման գալ: Գիտեմ, որ ամուսնացել է, երեխա ունի, բայց երեւի ինձ մոռացած չլինի: Էն տեսակ մարդ չի առել, որ մոռանա: Ես, օրինակ, ինձ վատ զգացի, որ հետը չամուսնացա, գնաց էդ դանդալոշի բաժինը դառավ:

Կասեմ՝ էն ժամանակ սխալվել եմ՝ արի հիմա ամուսնանանք: Բայց ի՞նչ իմանամ, որ ինձ թաքցնելու հարմարություն ունի: Հետո շատ օրինավոր է՝ դանդալոշին չի թողնի: Ես էլ, բացի թաքնվելս, կնոջիցս բաժանվելու պատճառ չունեմ:

Բայց իմ մեղքը ո՞րն է, որ թաքնվեմ՝ չեմ հասկանում: Փողոցում գնում եմ ինձ համար, մեկ էլ կամերան դեմ արին, թե հարցում ենք անցկացնում. «Ի՞նչ կարծիքի եք երկրի ներկայիս վիճակի մասին»: Պարզ է, ասի. «Ի՞նչ վիճակ, ի՞նչ երկիր: Ով ինչ կարող ա, փախցնում է»: Դրանք էլ, էդ նկարողները, բռնեցին-նույնությամբ ցույց տվին:

Հիմա բոլորն ասում են՝ քեզ որ մուտքում չխփեն, գործ կսարքեն՝ մի քանի տարի հաստատ կտան: «Բայց դուք էլ նույնը չե՞ք ասում ամեն օր»: «Ասում ենք, բայց՝ մեր շրջապատում, հո ժուռնալիստներին չենք ասում, որ իմանան, մեր գործին խփեն»:

Ի՞նչ անեմ: Գլուխս պայթեց մտածելուց: Հենց առավոտ կարող է հետեւիցս գան: Իսկ առավոտին բան չի մնացել: Թե՞ լույսն արդեն բացվում է…

Օգոստոս, 2000 թվական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031