Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոբրան» որպես վկա դատարան չի ներկայանում

Մարտ 10,2001 00:00
Ashot Bleyan

Մինչ Աշոտ Բլեյանի, Ռիմա Պողոսյանի վերաքննիչ բողոքի քննությունը շարունակվելը, երկրիս նախագահին, որը գտնվում էր Ֆրանսիայում, այդ ժամանակ «Ա. Բլեյանի Ֆրանսիայի Պաշտպան կոմիտեն» բաց նամակ հանձնեց (այն տպագրվեց «Յառաջ» թերթում)։

Նամակում հիշեցվել էր Ռ. Քոչարյանին, որ Ա. Բլեյանը «տնօրենն է Հայաստանի ամենեն արդիական եւ կարեւոր կրթական հաստատություններեն մեկուն» եւ նա եղել է «ձեզի մրցակից ու հակառակորդ» նախագահական ընտրություններին եւ որն էլ «ՍԴ-ին առջեւ խնդրո առարկա դարձուծ ձեր թեկնածությունը՝ իբրեւ ապօրինի»։ Այնուհետեւ Կոմիտեն ուշադրություն է հրավիրում դատավարության ավարտին («18 ամիս բանտարկված մնալե ետք»)։ «Հույս ունենք, որ օրերս կայացած դատական վերաքննիչ ատյանին առջեւ կդարմանվի ակներեւ այդ անիրավությունը, զոր հայ թե օտար հանրային կարծիքը կնկատե, տակավ, զուտ քաղաքական հարց, ինչ որ Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցության վաղորդայնին չի նպաստեր ՀՀ վարկին»։

Ավելի քան 150 դատական նիստ հրավիրեց Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատավոր Իսկուհի Վարդանյանը։ 45 օր էլ պահանջվեց խորհրդակցական սենյակում վճիռ գրելու համար։ Աշոտ Բլեյանն ու Ռիմա Պողոսյանը ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում վիճարկում են այդ «մեղադրական դատավճռի» օրինականությունը։ Վերաքննիչ դատարանում (նախագահությամբ Արշակ Խաչատրյանի) շարունակվեց քրգործի փաստական հանգամանքների ստուգումը։ Հետազոտվեցին (մարտի 7) «Կոբրա» ՍՊԸ-ի հետ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առնչությունները, «Աջակցության հիմնադրամին» առնչվող դրվագը… Ա. Բլեյանը իրեն մեղսագրվածը համարեց «նախաքննական մարմնի լկտիություն»: Դա դուր չեկավ նախագահողին, որը փայտե մուրճիկով սեղանին հարվածեց: «Հարմար բառ գտեք»,- ասաց Ա. Բլեյանը եւ նկատեց, որ «ինքը քրեական պատասխանատվության է ենթարկվել առանց դրա համար անհրաժեշտ հիմքերի»։ Տեղեկացնենք, որ Ա. Բլեյանի պաշտպանությունն իրականացնում է փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը, իսկ Ռ. Պողոսյանը պաշտպան չունի։ Ա. Բլեյանը հանդես եկավ միջնորդությամբ, որի ճակատագիրը կորոշվի հաջորդ դատական նիստին։

Ըստ այդ միջնորդության էլ, շեշտվում է, որ 1996-97թթ. կրթահամալիրի դպրոցներում հանրապետական բյուջեի 500 հազար դրամ հատկացման պայմաններում կրթահամալիրը կատարել է 50 մլն դրամի դպրոցաշինական աշխատանքներ։ «Կոբրա» ՍՊԸ-ն էլ, որի հետ 16.12.97թ. կնքվել էր պայմանագիր (կապված շինարարության, հումքի հետ), կրթահամալիրին պարտք էր 9,8 մլն դրամ: «Ես ենթարկվել եմ քրեական պատասխանատվության «Կոբրայի»՝ կրթահամալիրի հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունը չկատարելու եւ առանց բյուջետային միջոցների, արտաբյուջետային միջոցների ներգրավմամբ մեծածավալ դպրոցաշինություն նախաձեռնելու համար»,- ասաց Ա. Բլեյանը։

Ի դեպ, եթե հիշում եք, առաջին ատյանի դատարան այդպես էլ չներկայացավ «Կոբրայի» տնօրեն Ս. Կարապետյանը, որպես դատակոչված վկա։ Իր միջնորդության մեջ Ա. Բլեյանը վերաքննիչ դատարանին ներկայացրեց «Կոբրայի» դրվագով 28 փաստաթուղթ՝ 1997թ. շինաշխատանքների ամփոփ կատարողականը, 96-97թթ. նախահաշիվը, շինաշխատանքների կատարման համաձայնագիրը, շինանյութերի ձեռքբերման վճարագրերը, «Կոբրայում» կատարված ստուգումների արդյունքները, «Կոբրայի» պարտքը կրթահամալիրին հաստատող փաստաթղթերը… «Քրգործի վարույթի ընթացքում որեւէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ չի բողոքել կրթահամալիրի շինարարությանը աջակցելու հարկադրված լինելու համար ու որեւէ չափի գույքային պահանջ չի ներկայացրել»,- ասված է միջնորդության մեջ։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031