Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խորհուրդներ մերոնք էլ կարող են տալ

Մարտ 10,2001 00:00
hivand

ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը մի տարօրինակ թիվ հայտնեց։

Առողջության առաջնային պահպանման զարգացման ծրագրով նախատեսվում էր հանրապետությունում 70 ամբուլատորիաներ վերակառուցել եւ վերազինել սարքավորումներով։ Սակայն ծրագրի իրականացման ընթացքում պարզ է դարձել, որ այդ թիվը կարելի է հասցնել 76-ի։ Մեզ մոտ ծրագրեր իրականացնելիս գումարները սովորաբար պակասում եւ ոչ թե ավելանում են։ Այս դեպքում ավելացել է։ Ինչի՞ հաշվին։ Պրն Խաչատրյանը պարզաբանեց. ծրագրի ստեղծման պահին 3 մլն դոլար նախատեսված է եղել խորհրդատվության համար։ Սակայն այդ 3 մլն դոլարից առողջապահության նախարարությունը հրաժարվել է. խորհրդատվությունների փոխարեն իրականացվում են մի շարք այլ միջոցառումներ, ինչպես, օրինակ, ժամանակակից սարքավորումներով հագեցած 11 մարզային դիագնոստիկ կենտրոնների տեղադրում, 96 մեքենաների ձեռքբերում (այդ թվում 12-ը՝ մարզային սանէպիդկայանների շարժական լաբորատորիաներ), նաեւ մամուլում արդեն հիշատակված 40 բակտերիոլոգիական լաբորատորիաների ձեռք բերում։ Իսկ որ ամենահետաքրքրքիրն է, «թարմացվող» ամբուլատորիաների թիվը 6-ով աճել է։ Մի՞թե հնարավոր է խորհրդատվությունից ամբողջությամբ հրաժարվել։ Պրն Խաչատրյանն ասաց, որ ամբողջությամբ չեն հրաժարվել, օգտվել են տեղական մասնագետների խորհրդատվությունից, մասնագետներին արտասահման են ուղարկել վերապատրաստվելու։ Այս ամենը տեղավորվել է մոտավորապես 200 հազար դոլարի սահմաններում։ Բացի այդ, ծրագրի շրջանակներում իրականացվում է ֆինանսավորման մեխանիզմների եւ հիմնական ծառայությունների բարելավում, որի աշխատանքային խմբերում ընդգրկված են տեղական փորձագետները։ Ս. Խաչատրյանը ներկայացրեց նաեւ այն չափորոշիչները, որոնց հիման վրա ընտրվել են այդ 76 ամբուլատորիաները. նախ՝ ամբուլատորիա, որպես այդպիսին պետք է գոյություն ունենա համայնքում, համայնքի շուրջը պետք է լինեն այլ համայնքներ եւս, որոնցում լինեն ֆելդշեր-մանկաբարձական կետեր։ Պայմաններից մեկը ամբուլատորիայում աշխատող բժշկի առկայությունն է, որը կհամաձայնի վերապատրաստվել որպես ընտանեկան բժիշկ։ Հաշվի է առնվում համայնքի կտրվածությունն այլ համայնքներից։ Իսկ ամենակարեւորը՝ ամբուլատորիան պետք է հնարավորինս վատ վիճակում լինի (այս դեպքի համար է՝ «որքան վատ՝ այնքան լավ»)։ Այս չափորոշիչների կիրառման արդյունքում ընտրվել են ամենակտրված եւ շենքային վատ պայմաններով ամբուլատորիաները։

Տնտեսման մեկ այլ հնարավորություն եւս ԾԻԳ-ն օգտագործում է։ Պրն Խաչատրյանը հայտնեց, որ իրենք շատ քիչ են անում ուղղակի գնումներ։ Այստեղ կիրառվում է համաշխարհային բանկի գործելակերպը՝ մրցույթների կազմակերպում, գնահատում, հաղթողի որոշում։ Հենց այդ մրցույթների շնորհիվ էլ հնարավոր են դառնում տնտեսումները, որոնցից ամենախոշորը գրասենյակն ունեցել է սանէպիդեմիոլոգիական սարքավորումների տենդերի արդյունքում։ Բյուջեով դրա համար սահմանվել էր 800 հազար դոլար, սակայն մրցույթում հաղթող ճանաչվեց 280 հազար դոլար առաջարկողը։ Այսինքն, տնտեսվել է մոտավորապես 500 հազար դոլար։ Ընդ որում, մրցույթին մասնակցած մյուս 6 կազմակերպությունների ներկայացրած գները «պտտվել» են հենց 500-750 հազար դոլարի սահմաններում։ Սակայն հաղթողի առաջարկած ցածր գինը բնավ էլ չի ազդել սարքավորումների որակի վրա, հավաստիացնում է գրասենյակի տնօրենը։

ԾԻԳ-ի այս տարվա անելիքները բավական շատ են։ Նախատեսվում է վերանորոգել Առողջապահության ազգային ինստիտուտի եւ բժշկական քոլեջի ընտանեկան բժշկության ամբիոնները, Պետական առողջապահական գործակալության մարզային տասը գրասենյակները, Երեւանի ընտանեկան բժշկության երկու կենտրոնների համար վերապատրաստել երկու բժշկի։ Մինչեւ տարվա վերջ Հայաստանում մարզային մակարդակով կներդրվի Գլոբալ ինտեգրացիոն ցանց, որն իր մեջ կներառի ֆինանսական հոսքերի, Հայաստանի էպիդեմիոլոգիական իրավիճակի եւ առողջապահության մասին ինֆորմացիա։

Սակայն այս տարվա ամենախոշոր ծրագիրը Գյումրիի ընտանեկան բժշկության կենտրոնի կառուցումն է (200 հազար դոլար արժողությամբ)։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031