Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԲԱԹՎԱ ՀՈԳԱՏԱՐՆԵՐԸ

Մարտ 10,2001 00:00

ՇԱԲԱԹՎԱ ՀՈԳԱՏԱՐՆԵՐԸ Հայկ Հարությունյանը Ինչպես արդեն գրել էինք, մեր թերթին հարցազրույց տված ՀԺԿ անդամներին բերման էին ենթարկել դատախազություն եւ «մատ թափ տվել», քանի որ նրանց ասածները իշխանությունների քիմքին չէին: Անցած շաբաթ այդ պրոցեսը շատ գեղեցիկ նկարագրել էր ՆԳ նախարարը: Քաղաքացիներին ոչ թե բերման էին ենթարկել, այլ «հրավիրել էին»: Իսկ ոստիկանները ոչ թե տարել էին քաղաքացիներին դատախազություն, այլ պարզապես «աջակցել» էին այդ «հրավերին»: Մեկուսարաններում եւ կալանավայրերում ոստիկանության այդպիսի «հոգատարության» հետեւանքով մարդիկ լավագույն դեպքում հաշմանդամ են դառնում: Արարատ Մկրտչյանը ՍՊԻԴ-ի պրոբլեմների նկատմամբ զարմանալի հոգատարություն էր դրսեւորել առողջապահության նախարարը: Անցած շաբաթ «Առավոտը» հայտնեց, որ այդ մահացու հիվանդությունը սկսել է Հայաստանում փոխանցվել դոնորական արյան միջոցով եւ, ի թիվս այլոց՝ երեխաներին: Եթե չխտացնենք գույները, ապա առնվազն արձանագրենք, որ դա լուրջ ահազանգ է: Առավել լուրջ է, որ նախարարն այդ ահազանգին որեւէ ձեւով չարձագանքեց: ԱԺՄ-ականները Հոգ տանելով կուսակցության «զրոյական» իմիջի մասին, ՀՀ նախագահի գրպանը համալրած ԱԺՄ-ականները որոշեցին վարկաբեկել իրենց նախկին գործընկեր Շավարշ Քոչարյանին: Ցավալի է, իհարկե, որ կողքիդ եղել է մարդ՝ քեզանից պարկեշտ եւ սկզբունքային: Իսկ մնացած ԱԺՄ-ականների վարքը լավ է նկարագրված ժամանակակից հայ դասականի գործերից մեկում. «Հիմա չէր երգում, ղեկավար շարքում լուռ կանգնած էր. նրա երգն ուրեմն երգ չէր՝ պաշտոնահաչ էր»: Լիովին կիրառելի է Վազգեն Մանուկյանի կամ Դավիթ Վարդանյանի դեպքում: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել