Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում է ֆինանսների նախարարը

Մարտ 10,2001 00:00

«Ժողովուրդ, պարտք չունենք» Ասում է ֆինանսների նախարարը Բյուջեի ճեղքվածքի մասին այլեւս քչերն են խոսում։ Այն երեւի կարկատվել է։ Կառավարության հերթական նիստի ընդմիջմանն ամենահասանելին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն էր, նաեւ՝ պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանը։ Ընդմիջման վերջին րոպեներին նրանց միացավ նաեւ գյուղնախարար Զավեն Գեւորգյանը։ Ի դեպ, վերջինս լրագրողների հարցերին պատասխանելիս այնպիսի «անմեղ» հայացքով էր ասում. «ձեր ասած միջոցները գնացել են բյուջե», կամ՝ «իհարկե, բյուջե մուտք է եղել», որ պարզապես հիացմունքի էր արժանի։ Ենթատեքստը հետեւյալն էր՝ ուրիշ ո՞ւր, եթե ոչ՝ բյուջե։ Ուրեմն ինչո՞ւ խոսել ինչ-որ ճեղքերի մասին։ Այս ֆոնին պարզապես անհասկանալի են մնում որոշ գումարների մասին «զրոյական» պարզաբանումները։ Ո՞ւր են կորչում դեղերի ներմուծումից առաջացած գումարները։ Ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը երեւի հոգնեց կրկնել, որ պետբյուջե դեղերի ներմուծումից «զրո» գումար է փոխանցվել. «Հարցրեք պետեկամուտների նախարարին»։ Պետեկամուտների նախարարն էլ, իր հերթին, երեւի հոգնեց ասել, որ իրենք ընդհանուր գումար են հավաքում եւ վճարում գանձապետարան։ Անդրանիկ Մանուկյանի պնդմամբ՝ իրենք առանձին փոխանցումներ չեն կատարում, ընդհանուր գումար են հավաքում եւ փոխանցում գանձապետարան՝ ամեն օր։ Ի վերջո, նախարարն այսպիսի պատասխան տվեց. «Ինձ թվում է, եռամսյակը մեկ պետք է նստեցնեն այդ գումարները, մենք պետք է իրենց տանք, թե ինչքան դեղորայք է մտել, ինչքան գումար է դրանից գանձվել, այսինքն՝ առանձին հաշվետվություն պետք է տանք ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը»։ Պետեկամուտների նախարարը վերջին «պայթեցումների» եւ հարկերի հավաքագրման մեջ կապ է տեսնում։ Լրագրողի հարցին՝ նախարարը վստա՞հ է, որ այս ամիս եւս կկարողանա հավաքել անհրաժեշտ գումարը, Անդրանիկ Մանուկյանը պատասխանեց. «Դե, եթե ամեն օր պրովոկացիաներ են անում, կազմալուծում են պետական եկամուտների նախարարության աշխատանքները, իհարկե, դա ինչ-որ չափով խանգարում է։ Բայց թող որեւէ մեկը հույս չունենա, որ իրենց պրովոկացիաներով կկարողանան կազմալուծել աշխատանքները։ Իհարկե, կփորձենք հավաքել»։ Ֆինանսների նախարարի պնդմամբ, բյուջետային աշխատավարձերի վճարումները «հրաշալի վիճակում են, պարտքեր չունենք, ժողովո՛ւրդ, պարտքեր չունենք։ Բյուջետային հիմնարկներում հնից կուտակված պարտք չունենք։ Միայն պարտք ունենք 99 թվականի դեկտեմբերի աշխատավարձերը՝ ուսուցիչների։ Չգիտեմ, մոռացել են տալ, թե ինչ, բայց կտանք այս ամիս։ Գիտնականներին էլ աշխատավարձի պարտք չի, այլ՝ պարտք է, որի մեջ ինչքա՞ն է աշխատավարձը, չգիտենք։ Բայց նորից տալու ենք»։ Ըստ երեւույթին, գիտնականներն այլեւս գործադուլ կամ հանրահավաք չեն անցկացնի։ Առողջապահության ոլորտի պարտքն է շատ, բայց դա, ըստ ֆինանսների նախարարի, կրկին աշխատավարձ չէ. «Դա ծառայություն է, պարտքեր ունենք, հույս ունենք՝ կփակենք»։ Վստահ եղեք, առողջապահության համակարգի աշխատավարձ չստացած աշխատակցի համար բոլորովին միեւնույն է՝ պետությունն իր պարտքի անունն աշխատավա՞րձ է դնում, թե՞՝ ծառայություն։ Կարեւորն այն է, որ ինքը այն չի ստանում, թեպետ ֆինանսների նախարարը վստահեցնում է՝ «կտանք»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել