Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ազոտ» գործարանի պարտքը «Դվինին» կազմում է 6,2 մլն ԱՄՆ դոլար եւ այն առայսօր չի վճարվել։ Մենք կարծում

Մարտ 10,2001 00:00

ԹԵ ԻՆՉ ԵՂԱՎ ՀԵՏՈ, ԵՐԲ ՈՄԱՆՑ ՍԻՐՏԸ «ՇՆԱՁՈՒԿ» ՈՒԶԵՑ «Ազոտ» գործարանի պարտքը «Դվինին» կազմում է 6,2 մլն ԱՄՆ դոլար եւ այն առայսօր չի վճարվել։ Մենք կարծում ենք, ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի այդ գումարը վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը»,- ԱԺ ամբիոնից հայտարարել էր Դավիթ Լոքյանը։ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահը գուցե չգիտե՞ր էլ, որ 1995-ից ի վեր հայ-վրացական բոլոր միջպետական հանդիպումների պարտադիր քննարկման առարկան էր այդ հարցը՝ առանց իրենց հանձնարարականի էլ։ Եվ եթե այն որեւէ նշանակություն ունեցավ՝ թերեւս միայն այն առումով, որ դատախազության քննչական խումբը սկսեց խիստ ջանալ, որ հաջորդ անգամ, երբ հաղորդում ներկայացնեն ԱԺ-ին՝ վերջապես կարողանան դուրս գալ այն հարցերի տակից, թե ինչո՞ւ մի նախարար չեք կալանավորել, չեք հաստատե՞լ, որ ՀՀ նախկին ղեկավարության կազմակերպածն էր էներգետիկ թալանը եւ այլն։ Թե որքանո՞վ հաջող օրինակի վրա քննիչները կենտրոնացրին իրենց ջանքերը՝ վկայում են այն փաստաթղթերը, որ վերջերս տարածվել են ԱԺ պատգամավորների շրջանում եւ որոնք շատ հստակ ապացուցում են, թե իրականում քանի գրոշ արժեն Աշոտ Սաֆարյանին առաջադրված մեղադրանքները։ Եվ այսպես, 1995-ի օգոստոսի 23-ին հայկական «Դվին» կոնցեռնի եւ վրացական «Ազոտ» քիմկոմբինատի միջեւ կնքվել էր պայմանագիր, ըստ որի՝ «Դվինն» «Ազոտին» պիտի մատակարարեր գազ։ Վերջինս էլ դրա դիմաց պիտի հատուցեր իր արտադրած պարարտանյութերով, որոնք օգտագործվում էին մեր գյուղատնտեսության մեջ։ Տնտեսապես բավական շահավետ գործարք էր, եթե հաշվի առնենք, որ Վրաստանի տարածքում Հայաստանի համար նախատեսված գազը միշտ գողացվում էր։ Թուրքմենները հրաժարվում էին գազ մատակարարել վրացիներին, քանի որ նրանք չէին վճարում։ Իսկ Վրաստանն էլ հրաժարվում էր տրանզիտ փոխադրումներից, եթե ՀՀ-ն իրենց էլ բաժին չէր հանում։ Էներգետիկայի նախարարության բանակցությունների միջոցով փակուղային իրավիճակից գտնվեց այս ելքը։ Քանի որ վրացիները, մեղմ ասած, այնքան էլ հուսալի գործընկերներ չէին (չեն) տնտեսության մեջ, ի լրացումն այդ պայմանագրի՝ 1995-ի սեպտեմբերի 19-ին Հայաստանի եւ Վրաստանի արդյունաբերության նախարարները ստորագրեցին մի արձանագրություն, որով պետական երաշխիք ամրագրվեց. «Քիմկոմբինատի կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարման պարագայում «Դվինն» իրավունք ունի չապահովված գումարի դիմաց ստանալ քիմկոմբինատի բաժնետոմսերը»։ Մինչդեռ Աշոտ Սաֆարյանին որպես մեղադրյալ ներգրավելու փետրվարի 1-ի որոշման մեջ, նշված է, թե չկային «փոխհատուցում ստանալու համապատասխան երաշխիքներ»։ Գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչ Հեկտոր Սարդարյանն այս որոշման մեջ նաեւ նշել է, թե Աշոտ Սաֆարյանը գործել է «Ազոտ» կոմբինատի տնօրենին եւ Վրաստանի Հանրապետությունից եկած պաշտոնատար այլ անձանց պետական միջոցների հաշվին լավություն անելու շահագրգռվածությունից ելնելով, ինչպես նաեւ ՀՀ նախագահի եղբոր՝ Թելման Տեր-Պետրոսյանի հանձնարարությունը կատարելով (ցնծա, Արշակ Սադոյան.- Ա. Ի.)՝ իր պաշտոնեական դիրքն ամրապնդելու նպատակով»։ Նման եզրակացության համար հիմք է ծառայել այն, որ մինչեւ 1995 թ. հոկտեմբերի 18-ը «Ազոտն» արդեն իսկ խախտել էր պայմանագրով սահմանված ապրանքային առաքումների գրաֆիկի պահանջները եւ չէր փոխհատուցել 2 մլն դոլարի արժողությամբ ստացված գազի դիմաց։ Վրացական կողմը պատճառաբանել էր, որ թեեւ ապրանք կա, բայց ուշանում են, քանի որ բեռնառաքումների դիմաց երկաթգծին վճարելու փող չունեն։ Այնուամենայնիվ, «Դվին» կոնցեռնի տնօրենի պահանջով հոկտեմբերի 3-ից դադարեցվում է գազի մատակարարումը։ Դրանից հետո Վրաստանի կառավարության մի քանի պատվիրակություններ են ժամանում Հայաստան։ Այս հարցը նրանք կարեւորում էին նաեւ այն առումով, քանի որ 1995-ի հոկտեմբերին վճռվում էր Շեւարդնաձեի ընտրության հարցը։ Հոկտեմբերի 3-18-ի ընթացքում նաեւ երկու շարժակազմ ապրանք է առաքվում՝ շուրջ 900 հազար դոլարի արժողությամբ։ Կազմվում է առաքումների նոր գրաֆիկ։ Հարկ է նշել, որ ե՛ւ անցյալում, ե՛ւ այժմ Հայաստանի կառավարությունները, անկախ ամեն ինչից, ձեռնպահ են մնում Վրաստանի կառավարության հետ առճակատման գնալուց, թեկուզ միայն այն պատճառով, որ Վրաստանի տարածքով են իրականացվում շրջափակման մեջ գտնվող Հայաստանի բեռնափոխադրումները։ Գազի մատակարարումը վերսկսվում է եւ, ի դեպ, տեւում ընդամենը մինչեւ 1996-ի հունվարի 1-ը։ Սակայն այդ երկուսուկես ամսվա ընթացքում «Ազոտի» պարտքը «Դվինին» հասնում է 6,2 մլն դոլարի։ Մինչեւ հոկտեմբերի 18-ը գոյություն ունեցող 2 մլն դոլարի պարտքի եւ այս 6,2 մլն-ի միջեւ տարբերությունն էլ դատախազությունը հանճարեղորեն ձեւակերպել է որպես Աշոտ Սաֆարյանի կատարած վատնում։ Ի դեպ, եթե նկատի է առնվում, որ հենց հոկտեմբերի 18-ին Հայաստանի էներգետիկայի եւ արդյունաբերության նախարարների՝ «Հայգազարդ» կոնցեռնին եւ Վրաստանի համապատասխան մարմիններին ուղղած հանձնարարական նամակի արդյունքում է գոյացել այդ 4,2 մլն դոլարը, հարցական է մնում, թե ինչո՞ւ քննչական խումբը որպես մեղադրյալ չներգրավեց նաեւ Գագիկ Մարտիրոսյանին։ Գուցե պատճառն այն է, որ նա ոչ միայն նախկին իշխանություն է, այլեւ ներկա՞։ Իսկ գուցեեւ ավելի քի՞չ էր շփվել նախկին նախագահի եղբոր հետ։ Սակայն խնդիրն այլ է, իսկ ընդհանրապես՝ մի՞թե վրացիների չվճարած պարտքի պատճառով որեւէ մեկին պետք է նստեցնել մեղադրյալի աթոռին։ Հարցին բացասական պատասխան տալու համար հիմք են բազմաթիվ փաստաթղթեր։ Մեջբերենք մեկից. Էդուարդ Շեւարդնաձեին արդյունաբերության նախարար Բ. Շոշիթաիշվիլիի դիմումում նշված է. «1995-1999 թթ. ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի նախագահների, կառավարությունների ղեկավարների եւ պետական պատվիրակությունների բոլոր հանդիպումներում մշտապես քննարկվել է Հայաստանի «Դվին» կոնցեռնին Ռուսթավիի քիմկոմբինատի ունեցած պարտքի մարման խնդիրը։ Սակայն, ցավոք սրտի, պարտքերի մարման մշակված տարբերակներից եւ ոչ մեկը չի իրականացվել ձեռնարկության ծանր ֆինանսատնտեսական դրության պատճառով»։ Նախարարը նախագահին խնդրում էր դա ձեւակերպել որպես Վրաստանի պետական պարտք ՀՀ-ին եւ Շեւարդնաձեն մակագրել էր, թե սրա քննարկումը կառավարության նիստում չպիտի հետաձգվի։ «Ազոտի» պարտքը, որպես միջպետական ձեւակերպելը, ձեռնտու էր դիտվել նաեւ Հայաստանի համար։ Այդ պատճառով էլ չեն օգտվել «Ազոտի» բաժնետոմսերը ձեռք բերելու հնարավորությունից։ Այս տարիների ընթացքում անընդհատ քննարկվել է, թե գուցե արժե դիմել ՌԴ Առեւտրաարդյունաբերական պալատին կից Միջազգային արբիտրաժային դատարան։ Եվ անընդհատ էլ այդ քայլը ոչ նպատակահարմար է համարվել՝ հաշվի առնելով հայ-վրացական փոխհարաբերությունները ու որոշվել գնալ բանակցությունների շարունակման ճանապարհով։ Այս մասին է վկայում 1999-ի օգոստոսի 10-ին Վրաստանի պետնախարար Վ. Լորդկիպանիձեին վարչապետ Վազգեն Սարգսյանի դիմումը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նախարար Լեւոն Բարխուդարյանի 2000 թ. հոկտեմբերի 23-ի դիմումը եւ այլն։ Այս բոլոր փաստաթղթերին անգամ թռուցիկ ծանոթությունն առնվազն տարօրինակ են դարձնում քննչական խմբի ձեւակերպումները գազն «Ազոտին» «անհատույց բաց թողնելու» եւ այլնի վերաբերյալ։ Որ այս տպավորությունը միայն մերը չէ՝ վկայում են վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների որոշումները։ Ասենք, վճռաբեկ դատարանի փետրվարի 27-ի որոշման մեջ նշված է, որ առաջադրված մեղադրանքում խոսք անգամ չկա վերոթվարկյալ գրավոր փաստաթղթերի մասին. «Նախաքննության մարմինը չի գնահատել նշված փաստաթղթերը։ Չի հարցաքննել այդ փաստաթղթերը կազմած անձանց՝ հատկապես վրացական կողմին»։ Ո՞րն է պատճառը, որ նման թերի քննությամբ դատախազությունը փորձեց կալանքի միջոցն ընտրել։ Ընդ որում, Աշոտ Սաֆարյանի «գործը» հեռավոր կապ իսկ չունի «լափված մազութի», «խավարի ու ցրտի տարիների» հետ. հիշեցնենք, որ 1995-ի հոկտեմբերին արդեն իսկ վերականգնված էր շուրջօրյա էներգամատակարարումը։ Արդյոք, քննչական խմբի ղեկավարին չէր գայթակղում այն ակնկալիքը, որ «շնաձուկ» ու նախկին իշխանավորներին բանտված տեսնել տենչացող պատգամավորները հետո Հեկտոր Սարդարյանի ճակատը կհամբուրեին նախկին նախարար ու մանավանդ՝ ՀՀ նախկին նախարարի եղբոր հետ առնչություններ ունեցողին կալանավորելու համար։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել