ՀՅԴ-Ի, ՀԱՍԿ-Ի ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Նիկոլ Փաշինյանը բացատրություններ է տալիս դատախազությանը Փետրվարի վերջերին Հայաստանի սկաուտական կազմակերպության՝ ՀԱՍԿ-ի առաջնորդներ Բագրատ Եսայանն ու Հարություն Հարությունյանը դիմել են դատախազությանը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված «Հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել հեղաշրջում» վերտառությամբ հոդվածի առնչությամբ եւ պահանջել քրեական գործ հարուցել Քրեական օրենսգրքի 131 հոդվածի՝ զրպարտություն, հատկանիշներով։ Նրանց վրդովմունքի պատճառը մի դեպքում այն է եղել, որ, ըստ իրենց, հիշյալ հոդվածում սկաուտական շարժումը մեղադրվել է ՀՅԴ-ի համար ահաբեկչության «տանիք» լինելու մեջ, մյուս դեպքում՝ այն, որ հոդվածում նշվել է, թե Հարություն Հարությունյանն առնչվել է «27»-ի գործի հետ, կասկածվում է եւ այլն։ Քրեական գործը երեկվա դրությամբ դեռեւս հարուցված չէր։ Սակայն, մենք տեղեկացանք, որ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է դատախազություն՝ հարկ համարելով մատնանշել հիշյալ հոդվածի հրապարակման աղբյուրն ու հիմքերը։ Որպես աղբյուր՝ նա մատնանշել է 99-ի հոկտեմբերի 27-ի գործն ու այնտեղ տեղ գտած՝ մասնավորապես, Նաիրի Հունանյանի, Վռամ Գալստյանի, Տիգրան Նաղդալյանի եւ այլոց ցուցմունքները։ «Քրեական գործի նյութերում առկա ցուցմունքներից պարզ է դառնում, որ Նաիրի Հունանյանի հանցախմբի բոլոր անդամները շատ որոշակի առնչություններ են ունեցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ։ Գործում տեղ գտած ցուցմունքներից պարզ է դառնում, որ «27»-ի գործով ամբաստանյալներ Նաիրի Հունանյանը, Էդիկ Գրիգորյանը, Վռամ Գալստյանն այդ ժամանակահատվածում եղել են ՀՅԴ անդամներ։ Գործով մեկ այլ ամբաստանյալ Դերենիկ Բեջանյանը 99-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է ՀՅԴ վստահված անձանց ցուցակում, ինչը հաստատված է ԿԸՀ-ում»,- դատախազությանը տված իր պարզաբանումներում նշել է Ն.Փաշինյանը։ «Ավելին, ահաբեկիչներից առնվազն 4-ը՝ Ն.Հունանյան, Կ.Հունանյան, Վ.Գալստյան եւ Էդ.Գրիգորյան, ուղղակի կամ անուղղակիորեն կապված են եղել սկաուտական շարժման հետ»։ Ն.Փաշինյանը վկայակոչեց Վռամ Գալստյանի ցուցմունքն այն մասին, թե Կարեն Հունանյանը եղել է ՀՄԸՄ անդամ, որը, Վ.Գալստյանի իմանալով՝ ՀՅԴ ստորին օղակն է եղել։ Ավելին, Տիգրան Նաղդալյանը «27»-ի գործով տված իր ցուցմունքներում եւս նշել է, որ 90-ականների սկզբներին ինքը, Կ.Հունանյանն ու Էդ. Գրիգորյանը միասին մեկնել են Ժնեւ՝ սկաուտական մի միջոցառման մասնակցելու համար։ «Պարզվել է նաեւ, որ ժամանակին «Դրոյի» գործով դատապարտված, այսօր ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը եւս եղել է սկաուտական շարժման անդամ։ Այս առնչությամբ Ն.Հունանյանը ցուցմունք է տվել, թե ինքը Գ.Մանուկյանի հետ առնչվել է նաեւ որպես սկաուտական շարժման անդամի եւ միասին գնացել են Ամերիկա»,- ասել է «Հայկական ժամանակի» խմբագիրը։ Այս համատեքստում պարոն Փաշինյանը եւս մեկ կարեւոր հանգամանք նշեց։ Բանն այն է, որ նույն «Դրոյի» գործով մահապատժի դատապարտված եւ այսօր էլ բանտում գտնվող Արմեն Մնջոյանը, որ եւս ՀՅԴ անդամ է, ձերբակալությունից առաջ զբաղվել է Երեւանի թիվ 80 դպրոցում եւ Կիլիկիա, Նորագյուղ համայնքներում սկաուտական խմբեր ձեւավորելով։ «Բերված փաստերի արդյունքում պարզ է դառնում, որ «27»-ի գործով ամբաստանվող առնվազն երեք անդամներ՝ Նաիրի եւ Կարեն Հունանյանները, ինչպես նաեւ Էդիկ Գրիգորյանը, որոնց մեղավորությունն իբրեւ ահաբեկիչներ կասկած չի հարուցում, սկաուտներ են եղել։ Եվս երկու սկաուտներ՝ Գեղամ Մանուկյանն ու Արմեն Մնջոյանը, որ նաեւ ՀՅԴ անդամներ են եղել, անցել եւ դատապարտվել են «Դրոյի» գործով»։ Ըստ Ն.Փաշինյանի, վերոնշյալ փաստերն են հիմնավորում եւ պատասխանում այն հարցադրմանը, թե ի՞նչ կապ կա ահաբեկիչների եւ ՀՅԴ-ի միջեւ։ «Հայկական ժամանակի» խմբագիրն արձանագրեց նաեւ այն փաստը, որ առայժմ ո՛չ հաստատվել, ո՛չ հերքվել է արտաքին ուժերի կողմից «27»-ի ոճրագործության մասնակցությունը, մինչդեռ՝ «Ըստ ցուցմունքների, Ն. Հունանյանը, Էդ.Գրիգորյանը, Կ.Հունանյանը որպես սկաուտական շարժման ներկայացուցիչներ եղել են արտերկրում՝ Շվեցարիայում, ԱՄՆ-ում եւ այլն»։ Կարո՞ղ էին այդ այցելությունները կապված լինել Հայաստանում կատարված ահաբեկչությունների՝ «Դրոյի», «31»-ի եւ «27»-ի հետ։ Եվս մի հետաքրքիր փաստ, որին անդրադարձավ Ն.Փաշինյանը։ Պարզվում է, որ ինտերնետի՝ «terorrism.agava.ru» սայթում, ուր ներկայացված են աշխարհում գործող ահաբեկչական կազմակերպությունները՝ «Հեզբոլլահ», «ՀԱՄԱՍՍ» եւ այլն, այս շարքում իբրեւ ահաբեկչական կազմակերպություն նշված է նաեւ ՀՅԴ-ի անունը: Ն.Փաշինյանը չմոռացավ այս համատեքստում վկայակոչել նաեւ հայտնի դաշնակցական Էդվարդ Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե՝ եթե պետք լինի ահաբեկչություն անել, դա էլ կարող է արվել։ «Այսինքն, ՀՅԴ-ն ահաբեկչական կազմակերպություն չէ, բայց ա՞յդ էլ կանի։ Տեսե՞լ եք բարեգործական մի կազմակերպություն, որն ահաբեկչություն իրականացնի»,- եզրակացրեց Ն.Փաշինյանը։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ «Առավոտը» պատրաստակամ է այս հարցով հրապարակել նաեւ այլ տեսակետներ։