Օրերս Մոսկվայում էր գտնվում կանանց ֆուտբոլի «Երեւանոչկա» թիմը, որը Ռուսաստանի մայրաքաղաքում մասնակցում էր միջազգային մրցաշարի։
Ու քանի որ դա մեր աղջիկների նորամուտն էր միջազգային ասպարեզ, ուստի նրանցից խոշոր ձեռքբերումներ չէր ակնկալվում։ Եթե մեկնարկային երկու հանդիպումներում հայ ֆուտբոլիստուհիները լուրջ մրցակցություն ցույց չտվեցին այնպիսի բազմափորձ թիմերի, ինչպիսիք են ԱՊՀ երկրների 8-ակի չեմպիոն Վոլգոգրադի «Լոկոմոտիվը» եւ Վառնայի (Բուլղարիա) «Ակսակովոն», ապա վերջին երկու տուրերում հավասար պայքար ընթացավ Բելառուսի եւ Էստոնիայի ներկայացուցիչների հետ եւ միայն խաղավերջում մեր թիմը տանուլ տվեց։
Սակայն «Երեւանոչկան» Մոսկվայից, այնուամենայնիվ, դատարկաձեռն չվերադարձավ։ Մասնակցելով խորհրդային տարիների լեգենդար ֆուտբոլիստ Վալերի Վորոնինի հուշամրցաշարին, մեր ֆուտբոլիստուհիները երկու խաղում ճաշակեցին հաղթանակի քաղցրությունը, ընդ որում, վճռորոշ հանդիպումը 2։1 հաշվով շահեցին Մոսկվայի «Սպարտակ-Կատյուշայից» եւ նվաճեցին գավաթն ու արժանացան մեդալների։
Արդեն Երեւանում խմբագրություն այցելած մեր պատվիրակության ղեկավար, հանրապետության կանանց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, նախկինում Հայաստանում հայտնի թեթեւ ատլետ Սվետլանա Եսայանը ասաց, որ կանանց ֆուտբոլը մեկ տարուց ավելի է, ինչ հիմնադրվել է մեզ մոտ։ Այս ընթացքում ֆեդերացիան բավականին ծավալուն աշխատանք է կատարել թիմ ստեղծելու ուղղությամբ, փորձի փոխանակման նպատակով իրենք եղել են Մոսկվայում, հաստատել գործնական կապեր Ռուսաստանի ֆուտբոլային ղեկավարների հետ։ Եվ այդ գործերը հունի մեջ գցելու, արտերկրում իրենց ճանաչել տալու հարցում շատ մեծ դեր է խաղացել Նիկիտա Սիմոնյանը։
Կարդացեք նաև
Տիկին Եսայանը տեղեկացրեց, որ նպատակ կա կազմակերպել նաեւ, այսպես ասած, մեծ ֆուտբոլի երկրի առաջնություն, որով էլ կհամալրվի հանրապետության հավաքականը։ Դե, իհարկե, հասկանալի է, որ իրենք երազում են երբեւէ հանդես գալ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում։