Լրահոս
Օրվա լրահոսը

Վերին «Հայարտի» ցորենը

Մարտ 09,2001 00:00
hayart

Մշակութային կենտրոնը «ազատ դաշտ» է տրամադրում արվեստագետներին

1997թ. ստեղծվեց «Հայարտ» մշակութային կենտրոնը, որն իր ձեւի մեջ ոչ թե թանգարանային, այլ ցուցահանդեսային բնույթ է կրում։ «Ժամանակակից արվեստն ինքնին բազմաշերտ է եւ կարիք կար ստեղծել մի կենտրոն, որը պետք է թափանցիկ դարձներ այդ շերտերը՝ լուսաբանելով բոլոր ուղղությունները։ Ինչպես նաեւ՝ կազմակերպեր միջազգային ցուցահանդեսներ, պրոպագանդեր եւ լուսաբաներ դրանք»,- ասում է «Հայարտ» կենտրոնի տնօրեն Նորայր Այվազյանը։ Երեք տարիների ընթացքում կենտրոնը կազմակերպել է ժամանակակից արվեստի երեսունյոթ ցուցահանդես, որից ութը եղել է միջազգային խոշոր ցուցահանդես եւ որոնց մասնակցել են Հայաստանի ու արտերկրի նկարիչներ։

Պարոն Այվազյանը դեմ էր այն մտայնությանը, թե մասնավոր պատկերասրահները «փող աշխատելու միջոց են», եւ որ այդպիսի պատկերասրահներում անարժեք գործեր են վաճառվում. «Պետք է ազատվենք այդ կաղապարից, ի՞նչ ասել է փող աշխատել։ Վերջ ի վերջո, մշակույթը երբ մշակվում է, ինքնին դառնում է ապրանք։ Ոչինչ չի կարող գին չունենալ։ Ֆրանսիացի մեծ նկարիչների կտավները միլիոններով են վաճառվում։ Եթե հասարակությունն ունի մշակութային պահանջի գնահատման չափանիշներ՝ անպայման կգնահատի։ Կարող է լինել պետական անպետք մոտեցում, կարող է լինել մասնավոր բարձրորակ մոտեցում։ Ի՞նչ անենք, փակե՞նք Վերնիսաժը։ Այսօր կա նկարիչների գոյատեւելու խնդիրը»։

Կենտրոնն այս տարի իր աշխատանքը սկսում է մարտի 15-ից՝ ավանդական ցուցահանդեսով՝ «Կոջոյանը եւ կոջոյանցիները», որտեղ կներկայացվեն կրթահամալիրի սաների աշխատանքները։ Քրիստոնեության ընդունման 1700- ամյակի առիթով ապրիլի վերջին «Հայարտում» կբացվի քրիստոնեության եւ ժամանակակից արվեստի մեկնաբանությամբ «Խաչելություն» խորագրով ցուցահանդես, որի ճանաչված հեղինակը գերադասել է մինչեւ բացումը անհայտ մնալ։

Համագործակցելով ֆրանսիական դեսպանատան հետ, արդեն երկու տարի կենտրոնը կազմակերպում է ֆրանսահայ նկարիչ Զարունյանի կտավների ցուցահանդես, որն այս տարի կլինի մայիս-հունիս ամսին։

Անցյալ տարի հունիսին, Ավստրիայի հետ համատեղ կազմակերպվեց ցուցահանդես եւ մշակութային սիմպոզիում։ Նախագիծը մեծ հավանության արժանացավ եւ այս տարի կկազմակերպվի հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդես Ավստրիայում։ Կընտրվեն հիմնականում այն նկարիչները, ովքեր համագործակցել եւ ցուցահանդեսներ են ունեցել «Հայարտում»։ Բոլոր ծախսերը հոգում է ավստրիական կողմը։

Աշնանը՝ սեպտեմբերի 25-ից նոյեմբերի 25-ը, սպասվում է մեծ ցուցահանդես՝ «Կրոն եւ ուտոպիա» խորագրով, որը կազմակերպելու է շվեյցարական կենտրոնը եւ որին մասնակցելու են նաեւ հայ նկարիչներ։

Անհատական ցուցահանդեսների ժամանակ նկարիչը կենտրոնին ոչինչ չի վճարում եւ եթե որեւէ գործ է վաճառվում, գումարն ամբողջությամբ տնօրինում է հեղինակը։ «Հայարտը», պատկանելով քաղաքապետարանին, պետական բյուջեից որեւէ գումար չի ստանում. «Քաղաքապետարանը ստեղծել է մի համակարգ, որը կոչվում է ՓԲԸ։

«Հայարտը» ՓԲԸ է, այսինքն՝ ինքը պետք է հոգա իր ծախսերը։ Գարեջրի գործարանն էլ է ՓԲԸ։ Չկա մշակույթի մասին օրենք եւ այդ է պատճառը, որ արտադրական եւ մշակութային հիմնարկները դրված են նույն օրենսդրական դաշտի վրա»,- զարմանում է Ն. Այվազյանը։ Նորայր Այվազյանը բացատրեց, թե ինչպես է գոյատեւում կենտրոնը. «Կենտրոնն ունի նաեւ արվեստի մշակութային բովանդակային ուղղությունների հաստատման սկզբունքներ։ Արդեն 3 տարի է, ինչ դիմում ենք «Բաց հասարակության» ինստիտուտին, որը գրանտներ է ներկայացնում։ Շահում ենք (արդեն 3 անգամ) եւ կարողանում մի կերպ գոյատեւել»։ Նա պատմեց նաեւ մի հետաքրքիր ծրագրի մասին, որն առաջիկայում կգործի. «Կենտրոնի դահլիճներից մեկը տրամադրելու ենք հետաքրքիր, ճանաչված նկարիչների։ Նրանք կաշխատեն, կնկարեն, իսկ այցելուն կհայտնվի հենց նկարչի արվեստանոցում նրա աշխատելու պահին, սա, թերեւս, նորություն է մեզ մոտ»։

ՀՌԻՓՍԻՄԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031