Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՄԵԶ ԱՆՀԱՅՏ»

Մարտ 09,2001 00:00
Merujan

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փետրվարի 25-ից մարտի 2-ը Երեւանում էր գտնվել OPT-ի «Ինչպես է դա եղել» հաղորդաշարի ստեղծագործական խումբը՝ Ստեփան Զատիկյանի եւ 1977թ. Մոսկվայի մետրոյի պայթյունի կապակցությամբ։

Նրանք հանդիպել էին նաեւ նախկին քաղբանտարկյալ Մերուժան Հովհաննիսյանի հետ։

– Ո՞րն էր, ըստ ձեզ, նրանց առաքելությունը։

– Ամեն անգամ, երբ հայ-ադրբեջանական կոնֆլիկտ է բարձրանում կամ հայերի նկատմամբ բորբոքային ինչ-որ պրոցեսներ են զարգանում, անպայման ասպարեզ են նետում մետրոյի պայթյունը։

– Ո՞ւմ շահերին են ծառայում պայթյունի այդ կարգի «ուսումնասիրությունները» (տարիներ առաջ Զատիկյանի եւ պայթյունի գործը հետաքննող լրագրողիս էլ է հետաքրքրում)։

– Բոլոր ժամանակներում հայերի նկատմամբ ռուսների վերաբերմունքը եղել է բարիդրացիական, բացառությամբ վերջին շրջանի, որտեղ ինչ-որ բան է կատարվում մեզ անհայտ քաղաքական հարթություններում։ Եվ որ ահա եկան լրագրողները մեզ հետ վերստին զրուցելու։ Զրուցել էին Վազգեն Կարախանյանի, Պարույր Հայրիկյանի, Ռազմիկ Մարկոսյանի հետ։

– Որքանո՞վ եք առնչվել Ստեփան Զատիկյանի գործի հետ։

– Ես Ստեփանին ճանաչել եմ ավելի վաղ։ Նա Պարույրի հետ հաճախել է մեր տուն։ Ստեփանին հիշում եմ նաեւ, երբ աշխատում էր Ավտոդողերի գործարանում որպես նախագծող։ «Պայթյունի» գործի կապակցությամբ ինձ կանչեցին ՊԱԿ-ի Էջմիածնի բաժանմունք, հարցաքննեցին։ «Զրույցը» վարում էր այդ ժամանակվա պետ Մանվել Լեւոնի Մաքսապետյանը։ Այնտեղ էր եւ Մոսկվայի ներկայացուցիչը։ Ինձ անծանոթ։ Սակայն, երբ շեշտադրում էին հայ չեկիստները Ս. Զատիկյանի արարքը, ռուս ներկայացուցիչը երկու անգամ դիտողություն արեց, որպեսզի ազատություն տան ինձ արտահայտվելու։ Սակայն նույն այդ ներկայացուցիչը, ի պարզաբանումն գործի, ասաց, որ իբր պայթյունից անմիջապես հետո, երբ մետրոյի դռները փակվել են, տղաները (նկատի ուներ Հակոբին եւ Զավենին) գտնվում էին էսկալատորի վերեւում եւ եթե մեկ-երկու րոպե ուշ փակվեին մետրոյի դռները, ապա տղաները դուրս եկած կլինեին եւ գործի բացահայտումը միգուցե ուշանար։ Ես հարցրի, ասենք թե տղաներն էին գտնվում մետրոյում, Ստեփանն էլ հո մետրոյում չէ՞ր։ Եվ Մոսկվայում էլ չէր։ Այդ դեպքում ինչպե՞ս որակել մեղադրանքը։ Տիրեց ընդհանուր լռություն։ Ես չեմ սպասել Ս. Զատիկյանի կողմից որեւէ արարք՝ թե դրդող, թե օժանդակող։ Համոզված չեմ, որ դա հայերի կողմից էր կատարված, որովհետեւ համոզված եմ, որ եղեռն տեսած ազգը չէր կարող եղեռնագործություններ կատարել։ OPT-ի հետաքրքրասիրությունը չէր սահմանափակվում մետրոյում կատարվածով, որովհետեւ նրանք արդեն համոզված էին կատարվածով։ Նրանք եկել էին մեր զարկերակը «բռնելու»։ Ես զարմանում եմ, որ խուսափեցին մոտենալ, խոսել նաեւ այն մարդիկ, որոնք քաջ ճանաչելով թե Զատիկյանին, թե Հակոբին ու Զավենին, համարձակություն չունեցան պաշտպանելու Ստեփանին։

– OPT-ն ցանկացե՞լ էր հանդիպել Ստեփանի՝ ձեր ակնարկած ընկերների հետ։

– Այո։ Նրանք հանդիպել էին նույնիսկ գործով մասնակցած պաշտպանի՝ Աշոտ Մաթեւոսյանի հետ։ Այդ մարդը ոսկե ժամացույց էր նվեր ստացել (այն ժամանակվա անվտանգության մարմիններից)։ Ա. Մաթեւոսյանը երեք տասնյակ տարի եղել է դատարանների ներկայացուցիչ, հմուտ իրավաբան։ Ես չեմ կարողանում մինչեւ օրս հասկանալ. ինչո՞ւ ինքը՝ Ա. Մաթեւոսյանն ավելի ազատ չի խոսում՝ հերքելու կատարվածը։ Տարօրինակն այն է, որ երբ տղաներն ասել են դատաքննության ժամանակ, որ չեն տիրապետում ռուսերենին (Հակոբը եւ Զավենը), ապա Հայաստանի ՊԱԿ-ից գործուղել են Ռաֆիկ Ավետիսյանին։ Գործի ուսումնասիրությունը բերում է բացահայտ հերքման։

– Եթե Ս. Զատիկյանն ու իր երկու ընկերները պայթյունի հեղինակներն ու իրականացնողները չեն, մենք կարո՞ղ ենք արձանագրել, որ ԱՄԿ-ի հիմնադրին ներքաշելով՝ քաղաքական հաշվեհարդար է իրականացվել։

– Եթե նրանց գնահատենք որպես քաղբանտարկյալներ՝ ճիշտ չի հնչի։ Նրանք, Ստեփանը տարվող քաղաքականության զոհերից են եղել, որովհետեւ այն օրերին ազգային փոքրամասնության, այդ թվում նաեւ հայերի նկատմամբ բացասական վերաբերմունք կար։ Ակնհայտ անմեղ մարդկանց նկատմամբ քրեական արհեստական մեղադրանք է ստեղծվել։ Իսկ քաղաքական որակ տալը սխալ է, քանզի այս դեպքում ընդունում ենք արարքը։

Զրուցեց

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031