Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնակամ մայրություն եւ փաթեթ

Մարտ 09,2001 00:00
larisa hovsepyan

Սկսած 1982 թվականից, Լարիսա Հովսեփյանը որդեգրել է տարբեր ազգությունների բազմաթիվ երեխաների։

Այդ տարիներին նա դիմել է մի շարք գերատեսչությունների, որպեսզի ստեղծի «ընտանեկան մանկատուն» եւ, ինչպես ինքն է ասում, «ինքնակամ մայրական ջերմություն տամ բոլոր լքված եւ թշվառ երեխաներին»։

Մինչ օրս տիկին Հովսեփյանի «ընտանեկան մանկատուն» ստեղծելու գաղափարը ոգեւորության եւ գոհունակության է արժանացել, սակայն՝ ոչ ավելին։

Ներկայումս տիկին Հովսեփյանը 14 երեխայի մայր է եւ ունի երկու թոռնիկ, որոնք նույնպես բնակվում են նրա տանը։ Սկզբում տիկին Հովսեփյանի բազմանդամ ընտանիքին տարածք է հատկացվել Նորքի 2-րդ զանգվածի կենցաղի տանը, սակայն հետո ստիպված են եղել տեղափոխվել Շահումյան գյուղ, իսկ «որոշ ժամանակ անց այդ տարածքն էլ վաճառվեց եւ մենք նորից մնացինք անտուն։ Փողոցում չմնալու համար, կուզեք բարբարոսաբար, թե ապօրինաբար, կոտրեցինք Փարպեցի 9բ հասցեում գտնվող լուծարված մանկապարտեզի դուռը եւ մտանք ներս»։ 1997թ. Սպանդարյանի շրջանի ժողդատարանը որոշում է կայացնում Լարիսա Հովսեփյանին իր անչափահաս երեխաների հետ միասին վտարել Փարպեցու 9բ բնակելի տարածքից։ Վերջերս տիկին Հովսեփյանը երեխաների հետ նորից ներխուժել է վերոհիշյալ տարածք։

«Ես բազմիցս դիմել եմ տարբեր պետական ատյաններ։ Սկսած 1996-ից դիմել եմ Լ. Տեր-Պետրոսյանին, հետո՝ Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Դարբինյանին, 1999-ին՝ Կարեն Դեմիրճյանին եւ Վազգեն Սարգսյանին։ Վերջիններս միայն հանձնարարեցին սոցապ նախարարությանը՝ ընթացք տալ մեր դիմումին։ Մի քանի ամիս անց սոցապ նախարարը նախագիծ ներկայացրեց կառավարություն եւ ինձ նշանակվեց հնգամյա նպաստ։

Ես մեր պետական այրերից որեւէ բան չեմ պահանջում։ Խնդրում եմ միայն մեր ընտանիքին տալ տուն, հաստատել «ընտանեկան մանկատան» գործունեությունը եւ, որ ամենակարեւորն է, լուծվի իմ չորս անչափահաս երեխաների անձնագրի հարցը, որպեսզի կարողանան զինվորական հաշվառման կանգնել, իսկ մյուս երկուսը ամուսնացել են, երեխաներ ունեն, բայց չեն կարողանում նրանց ծննդյան վկայականները հանել՝ անձնագիր չունենալու պատճառով»։

Ներկայումս տիկին Հովսեփյանի բազմանդամ ընտանիքի սոցիալական վիճակը շատ ծանր է։ «Մի ժամանակ հայ գործարարներից գոնե հաց էինք ստանում, բայց անցյալ տարվա սեպտեմբերից դրանից էլ զրկվեցինք։ Միայն 600 դոլար հացի պարտք ունենք, իսկ օրերս պարտքի դիմաց վերցրին մեր հեռուստացույցը»,- ավարտեց տիկին Հովսեփյանը։

Տիկին Հովսեփյանը դիմել է նաեւ Բելլա Քոչարյանին, որը նրան չի ընդունել։ Նախագահի տիկնոջ օգնական Վիկա Ոսկանյանը մեր հեռախոսազրույցի ժամանակ ասաց. «Տիկին Հովսեփյանը մի քանի անգամ դիմել է Բելլա Քոչարյանին հանդիպելու խնդրանքով։ Ես նրան առաջարկել եմ ֆինանսական աջակցություն, սակայն նա պատասխանել է, որ ի վիճակի է իր երեխաներին պահել եւ փողի կարիք չունի»։

Ասաց նաեւ, որ Լ. Հովսեփյանը ունի տարածքի խնդիր։ Այդ առիթով քաղաքապետարան հարցում է ուղարկել, սակայն մինչեւ օրս որեւէ պատասխան չի ստացել։

Այն հարցին, թե միգուցե տիկին Հովսեփյանը ցանկանում է Բելլա Քոչարյանին հանդիպել «ընտանեկան մանկատան» հարցը վերաբարձրացնելու խնդրանքով, տիկին Ոսկանյանը զարմացած ասաց. «Նման բան առաջին անգամ եմ լսում, բայց եթե նա ունի այդպիսի առաջարկություն, թող գրավոր փաթեթ ուղարկի, որը կներկայացվի տիկին Քոչարյանին»։

ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031