Կանայք էլ՝ որոնում
Մեր պետությունն ու քաղաքացիները որոշեցին ու տոնեցին Կանանց միջազգային օրը կամ, ինչպես ժողովուրդն է ասում՝ Մարտի 8-ը։
Մենք էլ որոշեցինք հետեւել նրանց, ովքեր (ի տարբերություն մեզ) տոնում են։ Բոլոր ժամանակներում, իսկ անկախության տարիներին՝ հաստատապես, կանայք բողոքում են, թե իշխանական աթոռներում իրենց տեղ չի հատկացվում։ Հանրապետության նախագահի պաշտոնում դեռեւս որեւէ կին չի պաշտոնավարել, խորհրդարանում ընդամենը 4 կին կա, կառավարության արդեն որերորդ կաբինետն է փոխվում ու որեւէ մեկում կին չի ընդգրկվում։ Փոխարենը՝ վերջերս հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ գործազրկության կենտրոնում գրանցվածների ավելի քան 60%-ը կանայք են։
Սա պաշտոնական թվերով, սակայն մեր պետությունում բնակվող յուրաքանչյուր ոք գիտի, որ արդեն քանի տարի է՝ հիմնական աշխատող ուժը (բառի բոլոր իմաստներով) կանայք են։ Դիվանագետը՝ բառի ինչպես ուղիղ, այնպես էլ «դիվանու» վրա պառկելու իմաստով, տղամարդիկ են։ Այսինքն, տարիներին ու զարգացմանը զուգընթաց, տղամարդիկ սկսեցին զբաղվել ավելի մեղմ ու քնքուշ գործերով։ Նայեք շուրջբոլորը ու կտեսնեք, որ ամենաշատ բեռ կրողները, տոնավաճառներում աշխատողները, հատուկենտ գործող ֆաբրիկաներում ու գործարաններում աշխատողները կանայք են։ Նույնիսկ վերջերս կանայք տեղ են գրավել Հայաստանում ամենատղամարդկային մասնագիտություն համարվող՝ երթուղային տաքսու ղեկի մոտ։ Մի խոսքով, ստացվում է, որ կանայք աշխատում են, տղամարդիկ՝ պաշտոնավարում։
Կարդացեք նաև
Մեզ թվում էր, թե գոնե կանանց տոնի կապակցությամբ տղամարդիկ թեկուզ եւ կանանց աշխատած գումարներով երեկոներ կկազմակերպեն սիրելի կանանց համար։ Մի քանի ռեստորան-սրճարաններ այցելությունից հետո պարզեցինք, որ կանայք ինչպես աշխատում են, այնպես էլ իրենք են իրենց համար երեկոներ կազմակերպում։ Մեր այցելած ռեստորան-սրճարանների հիմնական այցելուները կանայք էին, սեղանների շուրջ հազվադեպ կարելի էր հանդիպել զույգերի։ Յուրաքանչյուր սեղանի շուրջ խմբված 6-7 կանայք՝ գեղեցիկ, հագած-կապած ու… միայնակ, բարձրաձայն կենացներ էին խմում ու իրար մաղթում կանացի երջանկություն։ Այս տիպի կանանց սովորաբար «գործարար կին» գնահատականն են տալիս։ Կանայք, որոնք կարողացել են որոշակի հաջողությունների հասնել աշխատանքում ու տոնական օրերին թույլ տալ իրենց «загулять»։ Իսկ այդ «загул»-ն արտահայտվում է մի խումբ կանանցով որեւէ ռեստորան-սրճարանում ընթրելով։ Նրանք չեն կարող իրենց թույլ տալ այցելել դիսկոտեկներ, քանի որ նախ՝ Երեւանում միջին տարիքի համար դիսկոտեկներ չկան եւ հետո, գործարար կանայք նույնիսկ հանգստի ու զվարճանքի պահին երբեք չեն մոռանում իրենց իսկ ստեղծած իմիջի մեջ մնալ։
Կանանց մյուս խավը, որն առավոտից երեկո տոնավաճառներում, շուկաներում ու փողոցներում առեւտրով է զբաղված, երեկ մի լուսավոր կետ ուներ, որ գոնե այդ օրն ավելի շատ առեւտուր կատարվեց։ Անշուշտ, այստեղ եւս կարելի է տարբերակումներ նկատել, սակայն հիմնականում այս խավին պատկանող կանայք՝ թեկուզ իրենց քրտինքով աշխատած գումարներով՝ Մարտի 8-ը ռեստորան-սրճարաններում չեն անցկացնում։ Նրանք նախընտրում են տոնական երեկոն անցկացնել տանը՝ հենց այն պատճառով, որ այդ գումարը քրտինքով են վաստակել։ Եվ ով՝ ով, բայց իրենք կոպեկ-կոպեկ հավաքած գումարը մի երեկոյի՝ թեկուզ հենց Մարտի 8-ի երեկոյի ընթացքում չեն մսխի։ Իսկ մսխելու մասնագետներ մեր պետությունում, իհարկե, կան. նրանց ժողովուրդը մեկ՝ «պուզատի» բառով է որակել։
Նրանց գործն ամենադժվարն է։ Այս խավին պատկանող տղամարդիկ, որպես կանոն, կնոջից բացի, սիրուհի են ունենում։ Եվ կանանց նվիրված տոների օրերին անելանելի վիճակի մեջ են ընկնում. հատկապես կնո՞ջ, թե՞ սիրուհու հետ անցկացնել տոնական երեկոն։ Սիրուհու տոնական երեկոն «պուզատին» բնականաբար կազմակերպում է ճոխ ռեստորաններում կամ, ավելի ճիշտ, «վետերոկներում», այդպիսի վայրերը խստիվ արգելված են «պուզատիների» կանանց համար։ Իսկ, ընդհանուր առմամբ, տոնի զգացողություն կար քաղաքում։
Լ. Մ.